Գնաճը թուլացե՞լ է

01/09/2011

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2011թ. հունվար-օգոստոս ամիսների սպառողական գների ինդեքսը։ Այդ փաստաթղթի համաձայն, 2011թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը (նախորդ տարվա օգոստոսի համեմատ) կազմել է 4.8%։ Այդ թվում` պարենային ապրանքների գնաճն ավելի բարձր է եղել՝ 7.5%։ Հիշեցնենք, որ հուլիսի տվյալներով` 12-ամսյա գնաճի ցուցանիշը 6% էր, իսկ այս տարվա մարտին գերազանցում էր 11%-ը։ Փաստորեն, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, իշխանություններին հաջողվել է գնաճը «տեղավորել» թույլատրելի՝ առավելագույնը 5.5% չափերի մեջ։ Սակայն վիճակագրության ծառայության զեկույցում, մեղմ ասած, անհասկանալի կետեր կան։ Օրինակ, նշված է, որ օգոստոսին հուլիսի համեմատ շաքարավազը թանկացել է 0.2%-ով, մինչդեռ շաքարավազն օրեր առաջ թանկացավ միանգամից 20-25%-ով, այն էլ՝ 1 օրվա մեջ։