Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում երկրի արտահանման ծավալները կազմել են 1մլրդ 187 միլիոն դոլար։ Արտահանման տեսանկյունից Վրաստանի ամենախոշոր գործընկերը Ադրբեջանն է. Ադրբեջան արտահանման ծավալները կազմում են 188,7 միլիոն դոլար, ինչը Վրաստանից արտահանման ընդհանուր ծավալի 15,9%-ն է։ Երկրորդ տեղում Ղազախստանն է` 11,4%, որին հետեւում է Թուրքիան` 11,1%։ Հայաստանն այդ ցանկում 4-րդն է` 10,4%։ Ի դեպ, մի հետաքրքիր հակասություն կա Հայաստանի եւ Վրաստանի արտաքին առեւտրի հարցում։ Այսպես, ըստ Վրաստանի վիճծառայության տվյալների, այս տարվա հունվար-հուլիսին Վրաստանից Հայաստան արտահանումը կազմել է 123.8մլն դոլար։ Մինչդեռ, ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության, նույն ժամանակահատվածում Վրաստանից Հայաստան է ներմուծվել 139.2մլն դոլարի ապրանք։ Փաստորեն, հայկական վիճակագրությունը 15.4 միլիոն դոլարով (12.4%-ով) ավելի մեծ թիվ է ցույց տալիս։ Ո՞րն է այս հանելուկի պատասխանը։ Միանշանակ դժվար է ասել, սակայն տրամաբանությունը հուշում է, որ այդ տարբերությունը կարելի է բացատրել մաքսային արժեքների գնահատման տարբերություններով։ Այսինքն՝ Հայաստանում սահմանի վրա Վրաստանից ներմուծված ապրանքը 12.4%-ով ավելի թանկ է գնահատվում, քան այն գնահատել էր վրացական մաքսային ծառայությունը։