Գնաճի դեմը վերջապես առանք։ Համենայնդեպս, այդ մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը։ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) երեկ հրապարակել է 2011թ. հունվար-օգոստոս ամիսների սպառողական գների ինդեքսը՝ փաստելով, որ օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 4.8%։
Սա նշանակում է, որ նախորդ տարվա օգոստոսի համեմատ սպառողական գներն այս տարվա օգոստոսին աճել են ընդամենը 4.8%-ով։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ պետական ապարատին (մասնավորապես՝ Կենտրոնական բանկ, կառավարություն) հաջողվեց կատարել բյուջեով նախատեսվածը. ապահովել առավելագույնը 5.5% գնաճ։ Եվ, որ նրանց համար ավելի կարեւոր է՝ կարողացան կատարել նախագահի հանձնարարականը, որը հնչել էր դեռ մարտին։ Հիշեցնենք, որ մարտ ամսին գնաճը գերազանցում էր 11%-ը, եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ հրահանգել էր մինչեւ տարեվերջ կրկնակի կրճատել այդ ցուցանիշը։ Տարեվերջին դեռ 3 ամիս կա, սակայն գնաճը, ըստ պաշտոնական տվյալների, հրահանգածից դեռ մի բան էլ ավելի է կրճատվել։ 4.8%-ը նշանակում է, եթե անգամ մինչեւ տարեվերջ սպառողական գների ինդեքսը 1 տոկոսային կետով աճի, համապատասխան ոլորտի մեր պատասխանատուները, միեւնույն է, իրենց գործը կհամարեն հաջողված։
Ի դեպ, համապատասխան ոլորտի պատասխանատուների թվում չմոռանանք նշել հենց նույն Ազգային վիճակագրական ծառայությանը։ Այս կառույցը մյուսներից քիչ ջանք չի ներդրել գնաճի, ավելի ճիշտ կլինի ասել՝ գնաճի ցուցանիշի նվազեցման գործում։ Օրինակ՝ տարվա ընթացքում սպառողական գների ինդեքսի հաշվարկման մեթոդիկան մի փոքր փոփոխելով՝ այս կառույցը շուրջ մեկ տոկոսով «նվազեցրեց» գնաճը։ ԱՎԾ-ի ջանքերը գնաճի ցուցանիշի դեմ պայքարում երեւում են նաեւ երեկ հրապարակված զեկույցում։
«2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 0.2%, հրուշակեղենի 0.8%, ոգելից խմիչքի եւ ծխախոտի 0.8% (պայմանավորված ծխախոտի 1.0% գնաճով), սուրճի, թեյի, կակաոյի 1.3% գնաճ»,- նշված է զեկույցում։ Այս տողերը կարդալիս` մարդ կարող է շփոթվել. մի քանի օր առաջ չէ՞ր, որ շաքարավազի գինը միանգամից բարձրացավ 20-25%-ով։ Այսինքն, օգոստոսին գրանցված այս թանկացումը ԱՎԾ-ն «չի նկատել»։ Որպեսզի մեզ չմեղադրեն դավադրությունների տեսության մեջ, նշենք, որ մենք էլ ենք կարծում, որ սա պարզապես տեխնիկական հարց է, եւ զեկույցի հեղինակները պարզապես չեն հասցրել այն ներառել։ Երեւի ներառեն արդեն սեպտեմբերյան զեկույցում։
Ինչեւէ, եղածը` եղած է։ Եթե անգամ գնաճը մինչեւ տարեվերջ չգերազանցի սահմանված շեմը, ապա, միեւնույն է, տարվա առաջին յոթ ամիսները հայաստանցի սպառողների համար շատ թանկ են նստել։ Այնքան թանկ, որ անգամ պաշտոնական վիճակագրությունը ի վիճակի չէր մեղմել թվերը։ Սակայն պարզվում է, այս գործում (թվեր մեղմելու հարցում) կա մեկը, որ առաջ է անցել անգամ վիճակագիրներից։ Խոսքը վերաբերում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին։ 2 օր առաջ վերջինս ասուլիս էր հրավիրել, որպեսզի ներկայացնի, թե իր դիտարկումներով որքան արժե երեխային սեպտեմբերի 1-ին դպրոց ճանապարհելը։ Ադիբեկյանի ներկայացրած թվերն այնքան էին զարմացրել լրագրողներին, որ գրեթե բոլորն այս թեմային անդրադարձել էին։ Մասնավորապես, փորձել էին ամենաէժան շուկաներում գտնել, օրինակ, 1000 դրամանոց վերնաշապիկ (ինչպես, իր խոսքերով, արել էր սոցիոլոգը)։ Փորձերը չեն հաջողվել։
Մենք փորձեցինք Ադիբեկյանի ներկայացրած թվերը համեմատել ոչ թե շուկայի գների հետ (հարցումների հիման վրա), այլ՝ պաշտոնական վիճակագրության։
Ստացվում է, որ անգամ պաշտոնական վիճակագրության համաձայն (որը մեղմացնում է իրական պատկերը)` սեպտեմբերի 1-ին երեխային դպրոց ուղարկելու հետ կապված ծախսերն ավելի մեծ են, քան՝ ըստ Ադիբեկյանի։ Սա հաշվի առնելով՝ վիճակագրության մասին հայտնի խոսքը (կա սուտ, ավելի մեծ սուտ եւ վիճակագրություն) կարելի է վերաձեւակերպել այսպես. կա սուտ, վիճակագրություն եւ սոցիոլոգիա։ Ընդգծենք՝ սոցիոլոգիա՝ ըստ Ադիբեկյանի։ Ի դեպ, եթե մենք սխալվում ենք, եւ Ա. Ադիբեկյանին իրոք հաջողվել է իր ասած գներով ապրանքներ գնել, ապա չէր խանգարի, եթե նա բացեր գնումների աջակցության կենտրոնի պես մի կառույց եւ իր խորհուրդներով օգներ աշակերտների ծնողներին։ Դե, թերեւս ավելի օգտակար կլիներ մեր հասարակությանը, քան տարբեր քաղաքական հարցումներն ու վարկանիշները։
Վերադառնանք, սակայն, գնաճին եւ նախագահի հանձնարարականին։ Փաստորեն, գնաճը կրճատելու հանձնարարականը կարելի է կատարված համարել. տարվա վերջին 12-ամսյա գնաճը դժվար թե գերազանցի 6%-ը, եթե այն այժմ 4.8% է։ Սակայն նույն խորհրդակցության ժամանակ նախագահ Ս. Սարգսյանը նաեւ մեկ այլ հանձնարարական էր տվել՝ կապված գնաճի հետ անմիջականորեն առնչվող փոխարժեքի խնդրի հետ։ Հիշեցնենք, թե ինչ էր ասել նախագահը. «Ազգային արժույթի մասին. միանգամից ասեմ, որ դրամի արժեւորումը տնտեսության եւ ներքին արտադրողի համար անբարենպաստ եւ անընդունելի երեւույթ է, եւ իմ կարծիքով` այդպիսի երեւույթները մեզ տեւական ժամանակ խանգարել են: Ես վստահ եմ, որ մենք նման զարգացումներ չենք ունենա: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է որպես հետեւանք արտարժութային հոսքերի, իսկ բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որեւէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում: Ես սա շատ նորմալ եմ համարում եւ բարենպաստ մեր տնտեսավարողների եւ, առաջին հերթին, արտահանողների համար»։ Իհարկե, խոսքը ձեւակերպված է որպես կանխատեսում կամ ցանկություն, բայց դե բոլորն են հասկանում, որ դա փաստացի հրահանգ է։
Այդ «բոլորը» (այդ թվում` նաեւ Կենտրոնական բանկը) շատ լավ հասկանում էին նաեւ, որ արտաքին առեւտրի ահռելի բացասական հաշվեկշիռ ունեցող երկրի համար պրակտիկորեն անհնար է միաժամանակ ապահովել եւ՛ գնանկում, եւ՛ դրամի արժեզրկում։ Եթե դրամը արժեզրկվում է, դա ավտոմատ բերում է ներմուծվող ապրանքների գնաճի (դրամային արտահայտությամբ)։ Ի դեպ, սա ոչ թե մենք ենք ասում, այլ այս մասին հայտարարում էր հենց Կենտրոնական բանկը՝ հիշեցնելով, որ մենք պետք է ընտրություն կատարենք գնաճի եւ փոխարժեքի միջեւ։ Երկուսը միասին ցանկանալ եւ իրագործել՝ անհնար է։ Սակայն, երբ երկրի նախագահն, ըստ էության, հրահանգեց համատեղել անհամատեղելին, առարկություններ չեղան։ Իսկ ի՞նչ եղավ հետո։
Գնաճի հարցում արդեն տեսանք, որ նախագահի ասածը «գետնով չտվեցին»։ Իսկ ի՞նչ եղավ փոխարժեքի հետ։ Նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո դրամն իրոք սկսեց սահուն արժեզրկվել։ Այդ պրոցեսը տեւեց շուրջ 40 օր։ Եթե մարտի 11-ին 1 ԱՄՆ դոլարը գնվում էր միջինը 366.8 դրամով եւ վաճառվում 368.8 դրամով, ապա ապրիլի 19-20-ին վաճառքի գինը հասավ 378 դրամի։ Հետո դոլարի փոխարժեքն սկսեց ընկնել` հասնելով մինչեւ 370-ի։ Դա շատ կարճ տեւեց, շուրջ 10 օր։ Մայիսի ընթացքում դրամը շարունակեց արժեզրկվել։ Մայիսի 28-ին դոլարի վաճառքի միջին գինը բանկերում հասավ 380-ի։
Իսկ հետո կրկին սկսեց դրամի արժեւորման փուլը, որը թեթեւակի շեղումներով ընթանում է մինչ օրս։ Այդ միտումը հստակ կարելի է տեսնել նկարում։ Բավական է նշել, որ երեկ առեւտրային բանկերում 1 ԱՄՆ դոլարը գնվում էր միջինը 365.5 դրամով, վաճառվում՝ 368.5 դրամով։ Փաստորեն, այսօր դրամն ավելի արժեւորված է, քան մարտի 11-ին, երբ Ս. Սարգսյանը կանխատեսում-հորդորում-հրահանգում էր հակառակ երեւույթը՝ դրամի արժեզրկումը։
Մի խոսքով՝ երկու «երնեկներից» հաջողվել է կատարել միայն մեկը. գնաճը մեղմելը։ Մնում է միայն սպասել, թե ինչ հետեւանքներ կունենա նախագահի հանձնարարականի փաստացի տապալումը։ Իհարկե, պատասխանատուները կարող են արդարանալ, թե հնարավոր չէր դա անել, եւ, որ գնաճը զսպելն ավելի կարեւոր է, քան փոխարժեքն ու տեղական արտադրողի շահերը։ Սակայն հիշեցնենք, որ նույն խորհրդակցության ժամանակ նախագահը շեշտել էր, որ ձախողումների համար արդարացումներ եւ բացատրություններ չեն ընդունվելու։