Էս ոնց ենք բարելավե՜լ

01/09/2011

2011 թ.-ին նախատեսվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4,6 տոկոսանոց աճ: Այս մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ, ներկայացնելով ՀՀ տնտեսության ներկա վիճակը, կառավարության առաջիկա ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները: Խոսելով կառավարության առաջնահերթ ծրագրերի մասին` վարչապետը նշել է, որ դրանց թվում է բիզնես միջավայրի բարելավման գործընթացը: Այս տարվա ընթացքում գործադիրի կողմից այդ ուղղությամբ իրականացվել են կարեւորագույն միջոցառումներ, մասնավորապես, հարկային, մաքսային վարչարարության զարգացման, էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի ներդրման առումով, որոնք պետք է էապես նվազեցնեն հարկային տեսուչների շփումը բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: «Այսօր Հայաստանում 15 րոպեի ընթացքում հնարավոր է գրանցել ձեռնարկություն էլեկտրոնային եղանակով: Սա բիզնես միջավայրի բարելավման կարեւորագույն գործոններից մեկն է»,- նշել է վարչապետը: Ցավոք, նա չի մանրամասնել, թե գրանցելուց հետո ինչ դժվարություններ պետք է հաղթահարի գործարարը կամ, օրինակ, ընկերությունը փակելու համար որքան ժամանակ է պահանջվում։