Երեքը ձերբակալվել են, եւս յոթը կձերբակալվեն

01/09/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Օգոստոսի 26-ին ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում կրկին ժամկետային զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել:

Երեւանից զորակոչված Աղասի Աբրահամյանն ընդամենը 9 ամսվա զինծառայող էր: Նույն օրը թունավորման (հարազատներին այդպես էին ասել) պատրվակով Ա. Աբրահամյանին տեղափոխել են բուժմաս, այնուհետեւ` Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ 1 ժամ անց երիտասարդը մահացել է: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ` օգոստոսի 19-ին, Գորիսի զորամասում մահացել էր ժամկետային զինծառայող, Ճամբարակի բնակիչ Վարդան Սեւյանը: Թեեւ 2011թ. ՀՀ Պաշտպանության բանակում զինծառայողների սպանությունները բնորոշող պաշտոնական տվյալներ առայժմ չկան, այդուհանդերձ, այս տարի արդեն արձանագրվել է 19 մահվան դեպք: Ա. Աբրահամյանի հարազատներին զինկոմիսարիատից տեղեկացրել են, թե նա անգիտակից վիճակում կտրուկ շարժում անելով` մահճակալից ընկել, գլուխը վնասել է, ինչն էլ մահվան ելքի պատճառ է հանդիսացել: Դիահերձարանում, սակայն, զինծառայողների հարազատները, տեսնելով տղայի նկատմամբ կատարված դաժանությունները, իսկական շոկ են ապրել: Ա. Աբրահամյանի ականջն ընդհանրապես պոկված է եղել, մարմինն ամբողջությամբ խոշտանգված, կրծքավանդակի հատվածն` արյան զեղումներով, անգամ ձվարանները` կապտած, ոտքերի, երիկամների վրա բաց, խոր վերքեր… Մի խոսքով` անգամ դիակի արտաքին նկարագրությունը վկայում է կատարված դաժան սպանության մասին: Համացանցում տեղադրված լուսանկարներից էլ պարզ երեւում են Ա. Աբրահամյանի դեմքի վնասվածքները, կապտուկները, արյան հետքերն ու քերծվածքները: Դիահերձող բժշկի հավաստմամբ` մահվան անմիջական պատճառ է հանդիսացել գլխուղեղի վնասվածքը: «Մեզ հարցրեցին` Ձեր տղան էպիլեպսիայով հիվա՞նդ է: Իբր թե` նոպա է ունեցել, բերանից փրփուր է եկել ու մահճակալից ընկել է: Մենք առողջ տղա ենք ուղարկել բանակ, երբեւէ նրա մոտ էպիլեպսիայի նշան էլ չի եղել»,- Ա. Աբրահամյանի հուղարկավորության ժամանակ բղավում էին նրա հարազատները: Տարօրինակն այն է, որ անգամ նման հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ երբեւէ ականջը գլխից պոկվելու դեպք մարդկության պատմության մեջ չի արձանագրվել: Ավելին` Ա. Աբրահամյանը զորակոչվելուց առաջ հետազոտվել է, հետեւաբար` բժշկական փաստաթղթերով համարվել է առողջ եւ զինվորական ծառայության համար պիտանի: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ արձանագրված է` «Ուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարում, փակ, բութ գանգուղեղային վնասվածք, արյունազեղումներ, քերծվածքներ, սալջարդ վերքեր գլխի, իրանի, վերջույթների շրջանում» եւ այլն: Ինչեւէ, եթե սպայական անձնակազմի ջանքերով զինվորական հոսպիտալի բուժանձնակազմը մինչ այս փորձում էր Ա. Աբրահամյանի մահը հազար ու մի հնարածին հիվանդություններով պատճառաբանել, ապա` երեկ արդեն սպանության վարկածը պաշտոնապես հաստատվել է: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ արդեն հայտնի է օգոստոսի 26-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանին դաժան ծեծի ենթարկած անձանց շրջանակը: Նա ասել է, որ քրեական գործի շրջանակներում լուրջ աշխատանք է իրականացվում, եւ վստահեցրել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելը, որը առաջացրել է մահ): ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը երեկ լրատվամիջոցներին հայտնել է, որ «Եղնիկներ» զորամասում սպանված ժամկետային զինծառայող Ա. Աբրահամյանի գործը Պաշտպանության նախարարի եւ անձամբ իր հսկողության տակ է: Նա փոխանցել է, որ արդեն կան ձերբակալվածներ, սակայն ելնելով նախաքննության շահերից` առայժմ անուններ չեն հրապարակվում: Վ. Գասպարյանը փոխանցել է, որ սպայական կազմից ձերբակալություններ նույնպես սպասվում են: «Ոչ ոք չի պատրաստվում իր վրա վերցնել անմեղ զինվորի արյունը, եւ բոլորը պատժվելու են խստագույնս` լինեն զինվորներ, թե` սպայական անձնակազմի անդամներ»,- ասել է Վ. Գասպարյանը` հավելելով, որ գործի շահերից ելնելով` առայժմ ավելի տեղեկատվություն չեն կարող փոխանցել: Նա խոստացել է 2 օրերի ընթացքում որոշ մանրամասներ հրապարակել: Չնայած դրան, մեր տեղեկություններով` Ա. Աբրահամյանի սպանության գործով արդեն իսկ ձերբակալվել է 25-ամյա բուժակ Նվեր Միրզաբեկյանը` նախնական սխալ բժշկական եզրակացություն տալու համար: 18-ամյա Աղասիի հարազատներին ասել էին, թե տղան կորցրել է գիտակցությունը, վայր է ընկել մահճակալից եւ գլխի ուժգին հարվածի պատճառով մահացել է: Ձերբակալվել են նաեւ սպաներ Սուրեն Թադեւոսյանը եւ Արսեն Աֆյանը: Մեր աղբյուրների հավաստմամբ` մինչեւ երեկ երեկոյան Ա. Աբրահամյանի սպանության գործով սպասվում էր եւս 7 հոգու ձերբակալություն, որոնցից մեկը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սանիկներից է: ՀՀ նախագահն, ըստ նույն աղբյուրների, հետեւում է այս դեպքի բացահայտման ընթացքին, որպեսզի շուտափույթ պարզվի դաժանության հեղինակների ինքնությունը:

Ավելի ուշ, ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը տեղեկություն տարածեց, ըստ որի` «Եղնիկներ» զորամաս են մեկնել ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը եւ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը` 18-ամյա զինծառայողի մահվան գործի նախաքննությունը անձամբ իրենց վերահսկողության ներքո պահելու համար: Նա նաեւ փոխանցել է, որ ձերբակալվել է մեկ զինվոր եւ մեկ սպա:

Ակցիաներ սոցցանցերում

Վերջին շրջանում ՀՀ եւ ԼՂՀ զորամասերում իրար ետեւից արձանագրվող ժամկետային զինծառայողների մահվան դեպքերը հասարակական այնպիսի ընդվզում են առաջացրել, որ անգամ համացանցում «Բանակն առանց մարդասպանների» կոչերով խմբեր են ձեւավորվել: Բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցներ ՀՀ իշխանություններից պահանջում են ինքնասպանության քողի տակ սպանված զինվորների սպանությունները բացահայտել, ինչպես նաեւ միջոցառումներ ձեռնարկել զորամասերում կատարվող հանցագործությունները կանխելու համար: Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց «Բանակն առանց մարդասպանների» պահանջով բողոքի ակցիա է տեղի ունենալու: Կազմակերպիչները կոչ են անում սատարել սպանվածների մայրերին եւ կառավարության շենք են ուղեւորվելու սեւ հագուստներով. «Պահանջելու ենք վերջ տալ բանակում տիրող հանցագործ բարքերին, վերջ տալ քրեադատավարական կեղծիքին եւ հանցագործների հովանավորչությանը, իրականացնել արդար դատաքննություն արդեն կատարված դեպքերով եւ խստորեն պատժել մեղավորներին»: «Facebook»-ում ստեղծված «Հանգանակություն զոհված զինվորի ընտանիքին» անվամբ մարդկանց մի խումբ էլ փորձելու է ձեռք մեկնել Գորիսի զորամասում սպանված Վարդան Սեւյանի ընտանիքին: «2011թ. օգոստոսի 19-ին Գորիսի զորամասում սպանված Վ. Սեւյանի ընտանիքը վճռական է պայքարելու որդու սպանությունը բացահայտելու համար: Հայրը փախստական է, մայրը որբանոցում է մեծացել: Իրենց շարունակաբար օգնում են հարեւանները: Բայց Ճամբարակում բոլորն էլ վատ պայմաններում են ապրում: Պետք է օգնել այդ ընտանիքին»,- նշված է հաղորդագրության մեջ, որով խմբի անդամները տեղեկացնում են, որ զոհված զինծառայողի ծնողները նույնիսկ դատական նիստերին մասնակցելու տրանսպորտի գումար չունեն: Սեպտեմբերի 3-ին, ժամը 17։30-ից մինչեւ 19։30-ը Երեւանի Թամանյանի արձանի մոտ կհավաքվեն Վ. Սեւյանի ընտանիքին աջակցել ցանկացողները:

«Եղնիկներում» սա առաջին դեպքը չէ

Նկատենք, որ Աղասի Աբրահամյանն առաջին զինծառայողը չէ, ով սպանվել է «Եղնիկներ» զորամասում: Այս զորամասը հայտնի է իր կրիմինալ համբավով, եւ անգամ զորակոչին ներկայացած տղաները Հանրապետական կայանում «Եղնիկներում» ծառայելու բոթը լսելիս` սարսափում են: Հիշեցնենք, որ անցյալ տարի համացանցում շրջանառության մեջ դրվեց մի տեսանյութ, որտեղ «Եղնիկներ» զորամասի մինչեւ գոտկատեղը կիսամերկ սպան նվաստացնում էր շարքային զինծառայողներին, նրանց ականջների մեջ ջուր լցնում, քաշում-ցավեցնում, հարվածում: Այդ նյութը տեղադրվեց «Youtube»-ում եւ մեծ աղմուկ առաջացրեց ՀՀ-ում: «Եղնիկներ» զորամասի սպա Սասուն Գալստյանը մայորի կոչում ուներ եւ գումարտակի հրամանատարի տեղակալն էր. նա դատապարտվեց «Պաշտոնազանցության» հոդվածով:

Որտե՞ղ է Խաչատուրովը

Բանակի զորակազմի անմիջական կառավարման գործում զգալի է ոչ միայն պաշտպանության նախարարի, այլ նաեւ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի դերը: Տվյալ պարագայում` ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ Յուրի Խաչատուրովի: Ի պաշտոնե նա եւս պետք է պատասխան տա բանակում տիրող իրավիճակի, ողբերգական միջադեպերի համար: Ո՞ւր է նա: Պատահակա՞ն է արդյոք, որ Խաչատուրովը նման աղաղակող սպանությունների, սպայական անձնակազմի կողմից կատարվող բռնությունների դեպքերի բացահայտման ժամանակ «խոր քուն» է մտնում: Այն դեպքում, երբ պարտավոր է բացատրություն տալ հասարակությանը, սպանվածների մայրերին եւ իրեն այդ պաշտոնում նշանակողներին: Բայց քանի որ Յու. Խաչատուրովն անձամբ է նման սպայակազմ «աճեցնում եւ հովանավորում», հետեւաբար բացատրություն էլ չի կարող տալ: Հիշենք, որ անցյալ տարի ձերբակալվեց Արարատի զորամասի հրամանատար, «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, ըստ որոնց` վերջինս Յու. Խաչատուրովի հովանավորությամբ անպատիժ գործելով ծեծել, նվաստացրել էր զինվորներին եւ Յու. Խաչատուրովի որդու` 4-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիշա Խաչատուրովի հետ զինվորներին ստիպել էր իրենց համար վարկեր վերցնել: Թեեւ ապօրինի դրամահավաքության մեջ մեղադրվող Վ. Մարտիրոսյանը ձերբակալվեց, այդուհանդերձ, որոշ ժամանակ անց ոչ միայն կրկին հայտնվեց ազատության մեջ, այլեւ` Յու. Խաչատուրովի միջամտությամբ կրկին աշխատանքի տեղավորվեց պաշտպանության բանակում: Այնպես որ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի Յու. Խաչատուրովը չի կարող դատապարտել մարդկության համար անընդունելի խաղի այն կանոնները, որի հովանավորն անձամբ ինքն է: Մարդկությունը մի բան է, Խաչատուրովը` բոլորովին այլ բան: