Տարանան նախկին բանտարկյալ է: Նա դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման` պետական միջոցները յուրացնելու համար: «Ես երիտասարդ էի ու անփորձ: Տնօրենը հավաստիացրեց, որ եթե ես հանցանքը վերցնեմ ինձ վրա, հետո կօգնեն, որ բանտից դուրս գամ: Սակայն` խաբեցին…»,- ցավով հիշում է նա:
Տարանան ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Երբ դեռ ուսանող էր, որոշել էր աշխատել եւ նյութապես օգնել իր ընտանիքին: Սակայն, մի քանի տարի անց ձեռնարկությունում, որտեղ նա աշխատում էր, նրա հետ դժբախտություն պատահեց. Տարանան բացահայտեց, թե ինչ է կյանքը ճաղերից այն կողմ:
Ներկայում Ադրբեջանի թիվ 4-րդ միակ կանանց գաղութում անազատության մեջ են 340 կանայք: Նրանց մեծ մասն այնպիսի հանցանքներ են կատարել, ինչպիսիք են` թմրամիջոցների վաճառքը, սպանությունը եւ խարդախությունը:
«Թմրամիջոցների վաճառքի համար, հիմնականում, ձերբակալվում են երկրի հարավային շրջաններում ապրող կանայք, ուր թմրամոլությունը շատ տարածված է: Ինչպես հայտնի է, այդ շրջանները սահմանակից են Իրանին, իսկ թմրամիջոցներ Ադրբեջան են ներմուծվում հենց այնտեղից: Պետք է նշել նաեւ, որ այդ շրջաններում բավական տարածված են վաղ ամուսնությունները: Հենց երիտասարդ հարսնացուները, ովքեր չունեն կրթություն եւ մասնագիտություն, ընտանիքի կազմալուծումից հետո դառնում են թմրամիջոցների առեւտրով զբաղվողների զոհը, ովքեր օգտագործում են նրանց` որպես սուրհանդակներ»,- պատմում է Ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով պետական կոմիտեի Ընտանեկան խնդիրների բաժնի ղեկավար Ջամիլյա Բագիրովան:
Ըստ նրա` մարդասպան եւս կանայք դառնում են ընտանեկան ծանր պայմաններից դրդված.«Այս հանցագործությունների հիմքում նույնպես ընկած են ոչ պաշտոնական ամուսնությունները եւ ընտանեկան բռնությունը: Այսինքն` կանանց կողմից իրականացված 10 սպանություններից 9-ի ետեւում առկա է տղամարդու գործոնը: Կա՛մ կնոջը դավաճանել են, կա՛մ նա բռնության է ենթարկվել տղամարդու կողմից: Օրինակ, դատապարտված կանանցից մեկը պատմում է, որ խաղամոլ ամուսինը իրեն «տարվել է» հերթական խաղերից մեկում: Կինը չի կարողացել դիմանալ այդ խայտառակությանը եւ, զայրացած, սպանել է ամուսնուն»:
Բանտից դուրս գալուց հետո այդպիսի կանայք բախվում են բազմաթիվ խնդիրների: Օրինակ, նրանք չեն կարողանում գրանցվել բնակության նախկին վայրում: Այդ իսկ պատճառով` նախկինում դատապարտված կանայք չեն կարողանում անձնագիր ստանալ, հետեւաբար` տեղավորվել աշխատանքի:
«Օրենսդրության մեջ որեւէ խոչընդոտ չկա նախկին դատապարտյալների վերագրանցման համար: Սակայն առկա են հոգեբանական եւ ադրբեջանական մտածելակերպին հարիր հանգամանքներ: Նախկին դատապարտյալների շատ ազգականներ չեն ցանկանում վերջիններիս հետ ապրել միեւնույն բնակարանում եւ համաձայնություն չեն տալիս նրանց վերագրանցման համար: Եվ այդ կանայք, փաստորեն, հայտնվում են փողոցում: Ուստի, նրանցից շատերը կրկին հանցանք են գործում եւ կրկին հայտնվում են բանտում»,- պատմում է Բագիրովան:
Վիճակագրությունը նույնպես վկայում է, որ նորմալ կյանքին` նախկին դատապարտյալ կանանց ընտելացման գործընթացը բախվում է լուրջ խնդիրների: Այդ իսկ պատճառով` ազատազրկված կանանց թիվն ավելանում է յուրաքանչյուր տարի: Օրինակ, 2007 թվականին այդպիսի կանանց թիվը կազմում էր 264, 2009-ին` 295, իսկ այս տարի այդ թիվը հասել է 340-ի:
Տարանան, սակայն, մեծամասնությունից հաջողակ է գտնվել. եղբայրն աջակցել է իրեն, եւ այժմ նրանք միասին են ապրում: Բանտից դուրս գալուց մեկ տարի անց նա նույնիսկ կարողացել է աշխատանքի տեղավորվել իր մասնագիտությամբ. այժմ Տարանան պատմություն է դասավանդում հեռավոր գյուղերից մեկում: Աշխատանքի վայրում նույնպես գիտեն Տարանայի անցյալի մասին, սական ոչ ոք չի հանդիմանում նրան:
«Այդ գյուղում ես միակ նախկին դատապարտյալն եմ: Ուստի, չեմ ցանկանում, որպեսզի դուք նշեք գյուղի անվանումը, ուր ես աշխատում եմ: Իմ բախտը բերեց. իմ շրջապատի բոլոր մարդիկ սատար կանգնեցին ինձ: Սակայն, ցավալի է, որ ինձ նման մարդիկ բացառություն են: Շատ կանայք ողջ կյանքն այդպես էլ անցկացնում են ճաղերից այն կողմ»,- ասում է Տարանան:
Ռագիֆ ՌԱՈՒՖՕՂԼՈՒ, Ադրբեջան
«Ազադ Ադրբեջան» հեռուստաընկերության աշխատակից