«Երբ տանն ասացի, որ ուզում եմ քաղաքագիտության կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվել, մայրս ասաց` «ցանկացած բան, բայց ոչ դա»,- պատմում է Քրիստինե Ավետիսյանը, ով տեղի տալով ընտանիքի անդամների կարծիքին` որպես մասնագիտություն ընտրել է լեզվաբանությունը:
Վերլուծաբաններն ասում են` հայ հասարակության մեջ դեռեւս ամուր դիրքեր ունի կնոջ` հեզ ու համեստ էակ լինելու կարծրատիպը, եւ շատերը դեռեւս քաղաքականությունը չեն համարում կնոջ տեղը։ «Կինն` ուր, քաղաքականությունն` ուր։ Կինը պետք է կին մնա»,- համարում է Երեւանի բնակիչ 60-ամյա Անդրանիկ Սարգսյանը: Չնայած նման վերաբերմունքին` վերջին տարիներին կին քաղաքական գործչի նկատմամբ վստահությունը զգալիորեն աճել է:
«Քաղաքականությունը կնոջ համար կոպիտ բան է, բայց եթե կինն ուժեղ անձնավորություն է եւ կարողանում է գլուխ հանել գործից, ինչո՞ւ ոչ։ Մարգարեթ Թետչերն ու Գանդին ապացուցել են, որ կինն էլ կարող է լավ քաղաքական գործիչ լինել։ Բացի այդ, կանայք դիվանագիտական մոտեցումով են վերաբերվում ամեն ինչին եւ ավելի զարգացած ինտուիցիա ունեն»,- գտնում է Երեւանի բնակչուհի Գալինա Ավետիսյանը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է` Հայաստանում քաղաքականության մեջ կինը որպես ռեսուրս շատ քիչ է օգտագործվում. «Բայց պիտի ասեմ, որ վերջին մի քանի տարիներին որոշակի բեկում նկատվում է, որովհետեւ փոխվում է կնոջ ստերեոտիպային ընկալումը։ Եթե նախկինում կինը քաղաքականության մեջ ընկալվում էր որպես տղամարդու սուռոգատ մի տեսակ, որը փորձում էր ամեն ինչում նմանակել տղամարդուն, հիմա կարծես թե մեր հանրությունը սկսում է կնոջը ընկալել որպես առանձին գործոն քաղաքականության մեջ»։ «Ես շատ կարեւոր եմ համարում, որ փոխվել է նաեւ ընկալումը հենց կանանց մոտ։ Կանայք հիմա շատ ավելի ազատ ու անկաշկանդ են եւ չեն փորձում ընդօրինակել տղամարդկանց»,- ընդգծում է Զոհրաբյանը:
Հոգեբան Արմինե Ղազարյանն ասում է` կարծրատիպերի ամրապնդմանը նպաստում են նաեւ կանայք, քանի որ հայ կինն իրեն հատուկ է համարում տնային տնտեսուհու կերպարը, ինքն իրեն ցածր է դասում տղամարդուց եւ հետեւաբար չի վստահում նաեւ մյուս կին քաղաքական գործիչներին։ «Եթե, օրինակ, մեր հասարակության մեջ կանանց բավական մեծ զանգված չի աշխատում (տնային տնտեսուհի), կին-տղամարդ թեկնածուների մրցապայքարում չի ընտրի կին թեկնածուին: Կին ընտրողը վստահություն չի տածում կին թեկնածուի նկատմամբ, քանզի ինքն իր բնույթով եւ կենսակերպով բոլորովին այլ ակտիվություն, հետաքրքրություններ ու առաջնահերթություններ ունի կյանքում, իր «ուժեղ մասը» իր «տղամարդն է», եւ լուրջ քաղաքական ոլորտը զուգահեռ է տանում սեփական ընտանիքի տիպի (մոդելի) հետ»,- փաստում է Ղազարյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասում է` կինը չնչին տեղ ունի հայաստանյան քաղաքականության մեջ, եւ հավելում է, որ տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, քանի որ նախարարի պաշտոնում, օրինակ, լինում է մեկ կամ երկու կին, Ազգային ժողովում կին պատգամավորների տոկոսը ցածր է. միշտ մեկ կամ երկու նախարար է լինում. «Նույնը կարող եմ ասել տեղական ինքնակառավարման մարմինների մասին, ավելին, տեղական ինքնակառավարման մարմիններում նկատվում է կանանց ընդգրկման թվի անկում»:
Տարածքային կառավարման նախարարության տվյալներով` Հայաստանի 912 համայնքներում այս տարի 23 կին ղեկավար կա, անցյալ տարի կին ղեկավարները 24-ն էին:
«Դա արտացոլվում է այն ահավոր վիճակի վրա, որն ունենք կառավարման համակարգում։ Համոզված եմ, որ եթե քաղաքականության մեջ ներգրավվեն այն կանայք, որոնք իրենց կյանքում ապացուցել են, որ ունակ են ներգրավված լինել եւ ազդել քաղաքականության վրա, այժմյան գռեհիկ կառավարման մեթոդները անպայման կվերանան, կամ գոնե մակարդակը կիջնի»,- հավաստում է Ալավերդյանը:
Ազգային ժողովում կանանց ներգրավվածությունն ապահովելու համար օրինագիծ է ընդունվել, ըստ որի` կուսակցության ընտրացուցակի առաջին տասնյակում պետք է ընդգրկված լինի առնվազն մեկ կին, իսկ
11-րդից սկսած` յուրաքանչյուր հնգյակում` եւս մեկական կին: Ընտրացուցակի առնվազն 20 տոկոսն, այդպիսով, պետք է զբաղեցնեն կանայք:
«Կովկաս» հասարակական գիտահետազոտական կենտրոնի հետազոտությունը պարզել է, որ հայերի 57 տոկոսը դրական է գնահատում նման մոտեցումը: Սակայն, հաճախ կանայք ընդգրկվում են նախընտրական ցուցակներում ու դուրս մղվում այնտեղից ընտրություններից հետո, քանի որ նրանց տեղը զբաղեցնում են տղամարդիկ:
Աննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Հայաստան
«Արմեդիա» տեղեկատվա-վերլուծական գործակալության լրագրող