Հայաստանի մարզերում, հատկապես հեռավոր գյուղերում, կանանց իրավունքներն ամեն օր ոտնահարվում են` շատ հաճախ հենց ընտանիքի անդամների կողմից, սակայն կանայք մեծ մասամբ չեն էլ փորձում պայքարել այս ամենի դեմ:
Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Անժելա Մինասյանը պատմում է, որ դեռ մանկուց աչքի առաջ է եղել մոր ծեծված դեմքն ու վախի մշտական զգացումը, որ հայրը կմտնի, եւ ամեն բան կսկսվի նորից` նույն սցենարով: Դուստրը պատմում է, որ հայրը` Արման Մինասյանը, օրնիբուն անգործ «թափառում էր», իսկ երեկոյան ուշ` հարբած գալիս տուն:
20 տարի շարունակ նման պայմաններում Լիաննա Մինասյանը մեծացրել է աղջկան` միաժամանակ հասցնելով աշխատել որպես բանվորուհի: Անժելան հիշում է, որ հորից որեւէ օգնություն չակնկալող մայրը պետք է հասցներ նաեւ բավարարել «տիրոջ» պահանջները` վճարելով օրապահիկ ալկոհոլ գնելու ու աղջիկների հետ ժամանակ անցկացնելու համար:
Կանանց խնդիրներին առնչվող փորձագետներն ասում են` նման վերաբերմունքի շատերն են արժանանում, հատկապես այն լուռ ու հնազանդ կանայք, ովքեր ավելի շատ հասարակական կարծիքի մասին են մտածում, քան իրենց:
«Այգ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լիլիթ Փայտյանը նշում է, որ նման կենսակերպով ապրող կինը չի կարող առողջ սերունդ մեծացնել. «Եթե դեպքն այդքան ծայրահեղ է, ուրեմն պետք է ամուսնալուծվել` ազատելով թե իրեն, թե աղջկան, բացի այդ` աղջիկը տեսնելով հոր անտարբեր, լկտի պահվածքը` կսկսի ատել տղամարդկանց, ու հետագայում նա շատ դժվարությամբ կկարողանա ամուսին գտնել, քանի որ բոլոր տղամարդկանց մեջ արտացոլվելու է հոր բացասական կերպարը»:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի փոխնախագահ, պատմաբան Լիլիթ Զաքարյանն ասում է, որ դարեր ի վեր հայ կնոջ համար նախատեսված դերն է ստիպում շատերին լռել ու համակերպվել: «Դաստիարակությունն է ստիպել նրան այդպես վարվել, որի համաձայն` կինը միշտ պետք է խոնարհ լինի եւ երբեք չփորձի ընդդիմանալ: Այդ հոգեբանությունը մարզերում շատ է տարածված, որն էլ հենց գենդերային անհավասարության ցայտուն արտահայտությունն է»,- բացատրում է Զաքարյանը:
Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի բնակիչ 80-ամյա Ռոզա Նաջարյանը նման դաստիարակության կրողն է. «Ամուսնացած կինը պետք է հնազանդ լինի ամուսնուն, դա ենք սովորել մեր ընտանիքում: Ամուսնացել ես, ուրեմն պարտավոր ես մինչեւ կյանքի վերջ նույնիսկ դիմանալ, եթե դրա կարիքը կա, բայց ոչ մի դեպքում չամուսնալուծվել, դա կխորտակի աղջկա կյանքը: Եթե ամուսինը ծեծում է կնոջը, ուրեմը կինը մի բան էնպես չի արել»:
«Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի 2011թ. հարցումը պարզել է, որ հասարակության 46,4 տոկոսը կանանց նկատմամբ խտրականություն է տեսնում Հայաստանում: Հարցմանն այդպես են պատասխանել առավելաբար մարզերում բնակվող կանայք: Ավշար գյուղի բնակիչ Մարինե Կարապետյանը 9 տարվա ամուսնական կյանքում Մոսկվայում աշխատող ամուսնուն ընդամենը մի քանի ամիս է տեսել. «Իմ կյանքը նման է տնային կալանք հայտարարած կնոջ կյանքի. ես աշխատում եմ կարծիք չհայտնել, տնից դուրս եմ գալիս հատուկ դեպքերում, որովհետեւ հակառակ դեպքում սկեսրայրս զանգում ու ամուսնուս ասում ա, թե ամբողջ օրը թրեւ եմ գալիս: Հագնվում եմ նենց, որ սկեսրայրս հանկարծ չխոսի, նույնիսկ երեխաներիս վերաբերող հարցերը նրանք են լուծում»:
Մինչդեռ, «Կովկաս» կենտրոնի հետազոտության համաձայն` տղամարդիկ գենդերային խնդիրներին լուրջ չեն վերաբերվում: Արարատ քաղաքի բնակիչ 56-ամյա Ռոբերտ Հովսեփյանը կանանց անվանում է դժգոհ արարածներ. «Կանայք սովոր են, որ միշտ իրենց ուզածն է լինում, եւ երբ չի լինում, հազար ձեւերով, իրենց զոհ երեւակայելով` ներկայացնում են դա: Հերթական խնդիրը նրանք անվանում են գենդերային անհավասարություն, իսկ ո՞վ ասաց, որ տղամարդն ու կինը պետք է ընտանիքում հավասար լինեն, էդ դեպքում ի՞նչ պիտի լինի այդ ընտանիքի վիճակը»:
Լիլիթ Զաքարյանի գնահատմամբ` առաջիկայում դրական փոփոխությունների հասնելու համար կանայք պետք է գենդերային կրթություն ստանան, իսկ հասարակությունում ակտիվորեն փոխվեն գենդերային կարծրատիպերը. «Գենդերային կարծրատիպերի կենսունակությունը մարզերում պայմանավորված է լրատվամիջոցների հայեցակարգային դիրքորոշման բացակայությամբ ու դրանց քաղաքական գծով, ինչպես նաեւ` գենդերային գիտելիքների թերի պաշարով: Ես վստահ եմ, որ նույնիսկ այդքան բացի դեպքում` հնարավոր է էապես փոխել իրավիճակը, պարզապես անհրաժեշտ է երկար տարիների աշխատանք»:
Արթուր ՕՍԻՊՅԱՆ, Հայաստան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող