Եթե նախորդ տարի սեպտեմբերի 1-ի նախօրեին երեւանյան տոնավաճառներում, այսպես ասած՝ ասեղ գցելու տեղ չկար, ապա այլ է պատկերն այս տարի:
Երեկ երեւանյան «Ֆիրդուսի» եւ «Ռոսիա» տոնավաճառների առեւտրով զբաղվողները մեզ հետ զրույցի ընթացքում ասում էին, որ այս տարի առեւտուր գրեթե չկա: Չնայած այն հանգամանքին, որ «առեւտուր չկա» արտահայտությունը բնորոշ է բոլոր ժամանակների առեւտրականներին, բայցեւայնպես ասվածի մեջ համոզվելու համար հետեւեցինք տոնավաճառներում տիրող անցուդարձին: «Նախորդ տարի օգոստոսի 30-ի տվյալով` ես 82 պայուսակ էի ծախել, իսկ էսօր արդեն ժամը 3-ն ա` ծախվել է ընդամենը 36 պայուսակ»,- նշեց «Ֆիրդուսի» տոնավաճառում դպրոցական պայուսակ վաճառողներից մեկը՝ մատնացույց անելով այն տետրը, որում գրանցում է օրվա գնումները: Ընդ որում՝ այս տարի եւս շարունակում են նորաձեւ մնալ «Վինքս», «Հելո Քիթի» մուլտհերոսների պատկերներով պայուսակները: Դրանց միայն ավելացել են «Հափի գըլզ» («Երջանիկ աղջիկներ») նշաններով պայուսակները: Դպրոցական պայուսակների գները սկսում են 2500 դրամից: Ըստ վաճառողների՝ նախորդ տարվա համեմատ թանկացել են պայուսակները: «Մի թեթեւ թանկացել են՝ մի 10-15%-ով: Դե, մաքսավճարը թանկացրել են, մենք էլ ստիպված գինը բարձրացնում ենք, այսինքն՝ 1 դոլարի տատանում է տալիս»,- նկատեց առեւտրականներից մեկը` նշելով, որ եթե նախորդ տարի 1-ին դասարանի աշակերտի պայուսակի գինը 2200-2300 դրամ էր, ապա այս տարի այդ նույն պայուսակը վաճառվում է 2500 դրամով: Գրենական պիտույքների դեպքում թանկացել են տեղական արտադրության տետրերը: Վաճառողների փոխանցմամբ՝ 12 թերթից բաղկացած տետրը նախկին 24,5 դրամի փոխարեն` գնում են 26 դրամով, իսկ վերավաճառում են 30 դրամով: «Ճիշտ ա, 1,5 դրամը փող չի, բայց մի բլոկի դեպքում էլի գումար ա: 1 բլոկի մեջ կա 50 տետր»,- նշեցին նրանք: Առեւտրականների համոզմամբ` նախորդ տարվա համեմատ` այս տարի մարդիկ տետրեր գնում են հատով. «Առաջ մարդիկ գալիս էին, ասում էին՝ 10 հատ սրանից տուր, 10 հատ` էն մյուսից, բայց էս տարի հազիվ 2-3 հատ են վերցնում»: «Ռոսիա» տոնավաճառի մեկ այլ վաճառողի փոխանցմամբ՝ հայկական արտադրության շագանակագույն կազմով տետրերը նախորդ տարվա համեմատ թանկացել են 15-20 դրամով: Այս տարի դրանց վաճառքի գինը 90 դրամ է: Օրագիրը վաճառվում է 800 դրամով, նկարչական ալբոմները՝ 400-600, գրիչները՝ 50-100, գունավոր մատիտների գինը սկսում է 600 դրամից, գրչատուփերը վաճառվում են 400-600 դրամով: «Էս տարի ամեն ինչն ա թանկացել՝ մենակ պայուսակները չեն, որ թանկացել են, գրենական պիտույքներն էլ են թանկացել: Անցած տարի էս վախտը 115.000 դրամի առեւտուր եմ արել, էս տարի արդեն ժամը 16:00-ն ա` 5000 դրամի առեւտուր էլ չեմ արել: Մարդիկ քչացել են, գործ չկա, մենք էլ էս մի 15 օրն ա, որ աշխատում ենք,- ասաց «Ռոսիայի» առեւտրականներից մեկը՝ ավելացնելով,- Օրական 3000 դրամ տեղի փող ենք տալիս: Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ էսօր 5000-ի առեւտուր եմ արել, որի կեսից շատը պիտի տամ տեղի համար»:
Իսկ ի՞նչ անեն ծնողները. չէ՞ որ սեպտեմբերի 1-ին ցանկացած դպրոցական երազում է նոր հագուստ, նոր պայուսակ, դասագրքեր, գրենական պիտույքներ ունենալու մասին:
«Մի սեպտեմբերի 1-ի համար մոտ 80.000 դրամ ենք ծախսում՝ շորեր, գրենական պիտույքներ»,- նշեց գնորդներից մեկը, ով սովորում է 9-րդ դասարանում: Աշակերտուհու կարծիքով՝ 3-րդ դասարանում սովորող իր եղբոր համար ավելի շատ գումար են ծախսում, քան իր համար: «Եղբորս կոշիկներն ավելի թանկ ա, քան իմը: Նոր հարցրեցինք, ասացին՝ 10.000 դրամ: 3500 դրամով պայուսակն առանք: Էլի մի 40.000 դրամ ծախս ենք անելու ապերի համար»,- նշեց աշակերտուհին, ում խոսքով՝ ավագ դասարանի աշակերտուհիների դեպքում, բացի դպրոցական հագուստից եւ գրենական պիտույքներից, ավելանում են նաեւ վարսահարդարման գումարները: 9-րդ դասարանի աշակերտուհու ասելով՝ ինքն անձամբ 3000 դրամ է նախատեսել գեղեցկության սրահ գնալու համար: Հարցին, թե արդյոք պարտադիր պայմա՞ն է վարսահարդարումը կամ ամեն սեպտեմբերի 1-ին նոր հագուստ գնելը, աղջիկը ժպտալով պատասխանեց. «Իհարկե, կարեւոր եւ պարտադիր պայման է»: Մեր օրերի ավագ դասարանի աշակերտուհիների կարծիքով՝ սեպտեմբերի 1-ից մի քանի օր առաջ պետք է հերթագրվել գեղեցկության սրահներում: Ուսուցիչներն իրենց հերթին են «Գեղեցկության սրահներում» հերթագրվում, աշակերտներն` իրենց հերթին: Այս տարօրինակ ավանդույթը, փաստորեն, ձեւավորվել է վերջին տարիներին: Ոչ թե կարեւոր է, թե տվյալ ուսուցիչն ինչպիսի գիտելիք ունի, եւ որքանով նա կարող է երեխային կրթել, այլ կարեւորը նրանց սանրվածքներն են ու հագուկապը: Այդ տհաճ երեւույթը տարածվել է նաեւ աշակերտների շրջանում: Եվ եթե ամբողջ աշխարհում սեպտեմբերի 1-ը նշվում է որպես գիտելիքի օր, ապա մեզանում այն վերածվել է հագուստների, սանրվածքների, բջջային հեռախոսների, ավտոմեքենաների ցուցադրության օրվա: