Արյունը ցույց է տալիս դեպրեսիան

01/09/2011

Հիրոսիմայի համալսարանի կենսաբժշկական գիտությունների բաժնի մի խումբ գիտնականներ պարզել են, որ հնարավոր է արյան անալիզի միջոցով դեպրեսիայի մասին տվյալներ ստանալ: Այս մասին երեկ գիտնականները հայտարարել են համալսարանի կայքի եւ լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում: Մինչ այժմ բժիշկները դեպրեսիայի վերաբերյալ իրենց եզրակացությունը տալիս էին եւ բուժում նշանակում բացառապես սուբյեկտիվ չափորոշիչներից ելնելով: Գոյություն չուներ այնպիսի մեթոդ, որը, օրինակ, շաքարախտի եւ արյան ճնշման նման, հնարավորություն կտար օբյեկտիվ գնահատական տալ հիվանդությանը: Սիետո Յամավակիի գլխավորությամբ գիտնականների խումբը հայտնաբերել է այն գենը, որը պատասխանատու է BDNF սպիտակուցի արտադրման համար. վերջինիս ազդեցությունն ուղեղի բջիջների վրա հանգեցնում է դեպրեսիայի: Այս հետազոտությունը շատ կարեւոր է Ճապոնիայի համար, ուր դեպրեսիան տարածված եւ լրջագույն սոցիալական խնդիր է: