Ռուսաստանի ԱԳՆ-ում իշխում է «սեքսիզմը»

01/09/2011

«Wikileaks» կայքի գաղտնազերծած փաստաթղթերից մեկում Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլին ԱՄՆ Պետքարտուղարությանը տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի աշխատակազմի, աշխատակազմում տիրող մթնոլորտի մասին: «Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի շուտ «այլ սերնդի» հիմնարկի է նման, որտեղ նույնիսկ չեն էլ փորձում թաքցնել սեքսիզմը (սեռական խտրականություն), եւ որտեղ իշխում է իշխանության դաժան հիերարխիկ մոդելը, ժամանակակից տեխնոլոգիաների սահմանափակ կիրառումը եւ, ինչպես սովետական ժամանակաշրջանում, ինֆորմացիայի վրա վերահսկողություն հաստատելու փորձը»,- գրել է դեսպանը:

Նաեւ նշել է, որ 4500 ռուս դիվանագետների 15 տոկոսն է կին. «Ռուսաստանի ԱԳՆ-ն շարունակում է մնալ որպես սլավոնացի տղամարդկանց ամրոց: ԱԳՆ ներկայացուցիչը դա (կանանց փոքր թիվը) պարզաբանում է նրանով, որ տղամարդիկ ավելի հեշտ են ընտելանում երկար գործուղումներին, վատ կլիմայական պայմաններին, ինչպես նաեւ` այն «բարդ քաղաքական եւ ռազմական իրադրությանը», որոնց մեջ հաճախ հայտնվում են դիվանագետները»: