Ահաբեկչության սպառնալիքները
Շարունակելով նախորդ համարում լույս տեսած «Սեւծովյան տարածաշրջանն ու Հայաստանը» թեման՝ այս անգամ մենք կանդրադառնանք ահաբեկչության դեմ պայքարին, որն աշխարհի հզորագույն երկրների օրակարգի թիվ մեկ խնդիրն է դարձել։ Եվ այսպես, տարաշրջանային ահաբեկչության հիմնական օջախներն են համարվում Թուրքիայի քրդական, իսլամական եւ Չեչնիայի անջատողական կազմակերպությունները։ Դժվար է հստակ սահմանազատել ահաբեկչությունը եւ ազատագրական պայքարը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում այս տարածաշրջանից տեղ են գտել 7 կառույցներ. երկուսը` Թուրքիայից, երկուսը` Հունաստանից, երեքը` Չեչնիայից (Ռիադ-Սալիխինի հետախուզական կազմակերպություն, Չեչեն նահատակների դիվերսիոն գումարտակ եւ Միջազգային իսլամական բրիգադ)։
Անկախ այն հանգամանքից, որ Ռուսաստանի տարածքում գործող չեչենական բոլոր կազմակերպություններն էլ սերտ կապերի մեջ էին Շամիլ Բասաեւի հետ, ամերիկյան քաղաքական էլիտայի շատ ազդեցիկ դեմքեր խուսափում էին «ահաբեկիչ» որակումից՝ գտնելով, որ նրանց գործունեությունը կրում է ազգային-ազատագրական բնույթ։ Չեչենական կազմակերպություններն այս ցուցակում ընդգրկվեցին միայն 2003թ. փետրվարի 28-ին։ Այս հարցում վճռորոշ եղան 2002թ. «Նորդ-Օստի» դեպքերը։
Ուշադրության է արժանի նաեւ այն, որ տարածաշրջանի երկրների գնահատականները տարբեր են։ Օրինակ, ռուսները չեչեն ապստամբներին անվանում են ահաբեկիչներ, իսկ նրանց դեմ ուղղված գործողությունները՝ «ահաբեկչության դեմ պայքար», եւ այս հարցում փոխըմբռնում են ակնկալում միջազգային հանրությունից։ Իսկ միջազգային հանրությունը դեռեւս ձեռնպահ է մնում Բասաեւի հետ չկապված մյուս ապստամբ առաջնորդների նկատմամբ (օրինակ, Ասլան Մասխադովի եւ Ռուսլան Գիլաեւի) կտրուկ ձեւակերպումներ անելուց։
Ահաբեկչական կազմակերպությունների առումով առանձնահատուկ տեղ է գրավում Թուրքիան։ Ըստ այս երկրի Հատուկ ծառայությունների, 1990-ականների սկզբին այստեղ գործում էին մոտ 10 ահաբեկչական իսլամական խմբավորումներ։ Թեեւ անցած տարիների ընթացքում այս ուղղությամբ ձեռնարկվել են լուրջ քայլեր, սակայն վիճակը չի բարելավվել։ Գործում են թուրքական իսլամիստ ծայրահեղական մի քանի կազմակերպություններ, օրինակ, թուրքական «Հեզբոլլահը», «Սելամը», «Իսլամական շարժումը», որոնք, ըստ որոշ լուրերի, մարզվում են Իրանում եւ աջակցություն են ստանում այդ երկրից։ Այդ իսկ պատճառով շարունակվում են փոխադարձ մեղադրանքները Թուրքիայի եւ Իրանի, ինչպես նաեւ` Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ։
Ահաբեկչության սպառնալիքների տեսանկյունից ներկայումս ամենաանբարենպաստ վիճակում գտնվող երկրներից մեկը համարվում է Վրաստանը։ Վրաստանն ու Աբխազիան միմյանց մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցույց տալու մեջ։ Իսկ ամենամեծ մեղադրողը Ռուսաստանն է։ Ըստ ՌԴ պաշտոնական պնդումների, վրացիները միտումնավոր չեն խոչընդոտում չեչեն գրոհայինների սահմանային տեղափոխությունները եւ ոչինչ չեն ձեռնարկում Պանկիսի կիրճում գործող բազան վերացնելու համար։
2004թ. վրացական ուժերը գործողություններ իրականացրին՝ խոչընդոտելով Պանկիսի կիրճը միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից որպես տարանցիկ շրջան օգտագործելուն։ Չնայած այս բոլոր քայլերին, ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատմամբ, վրացական իրավապահ մարմինների հնարավորությունները սահմանափակ են, իսկ Վրաստանը շարունակում է օգտագործվել ահաբեկիչների կողմից՝ որպես տարանցիկ երկիր։
Ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից անգործության համար հաճախակի մեղադրվում էր նաեւ Ադրբեջանը, ընդ որում` եւ՛ Ռուսաստանի, եւ՛ ԱՄՆ-ի կողմից։
Ադրբեջանի տարածքն ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող մոջահեդների կողմից օգտագործվում էր որպես տարանցիկ գոտի՝ մարդկանց, փող, թմրամիջոցներ եւ զենքեր տեղափոխելու համար։ Ըստ գնահատականների՝ Ադրբեջանի կառավությունն ակտիվացրել է իր ջանքերը՝ ահաբեկչության դեմ պայքարի եւ դրա ֆինանսավորման աղբյուրների (մասնավորապես, փողերի լվացում) վերացման ուղղությամբ։ Նշենք, որ այս երկիրը միացել է ահաբեկչությանը վերաբերող բոլոր 12 միջազգային կոնվենցիաներին եւ ակտերին։ Սեւծովյան տարածաշրջանի մյուս երկրները՝ Ուկրաինան, Մոլդովան, Ռումինիան եւ Բուլղարիան, ըստ ճանաչված փորձագետ Օլեգ Պոլյակովի, իրենց տարածքում ահաբեկչական վտանգի լուրջ աղբյուրներ չունեն։ Միակ «թեժ կետը» Մերձդնեստրն է, որտեղ ծայրահեղական տարրերը զբավում են կրիմինալ գործունեությամբ, այլ ոչ թե ահաբեկչական։ Իսկ ի՞նչ վիճակում է Հայաստանն այս տեսակետից։
Հայաստանը եւ միջազգային ահաբեկչությունը
Հայաստանը միջազգային ահաբեկչության առումով ԱՊՀ տարածքի գրեթե բոլոր երկրների համեմատ արժանացել է շատ ավելի լավ գնահատականների։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի, Հայաստանը չի աջակցում ահաբեկչությանը, ինչպես նաեւ` հայտարարություններ չի անում ի նպաստ ահաբեկչությունը հովանավորող երկրների։ Որպես այդպիսի երկրներ` դիտարկվում են Իրանն ու Սիրիան, եւ, թերեւս, միակ լուրջ դժգոհությունն այն է, որ Հայաստանը դիվանագիտական եւ տնտեսական կապեր է պահպանում նրանց հետ։ Թեեւ այս հարցում մեզ ըմբռնումով են մոտենում՝ նշելով, որ նշված երկրներում ապրում են մեծ թվով հայեր։
«Հայաստանը ֆինանսական մեծ կենտրոն չի։ Այս երկիրը չունի օֆշորային բանկեր, իսկ ոչ բանկային ֆինանսական կառույցների թիվը շատ փոքր է։ Սակայն գործազրկության բարձր մակարդակը, ցածր աշխատավարձը, կոռուպցիան, ստվերային տնտեսության մեծ ծավալները եւ կազմակերպված հանցավորության ներկայությունը երկիրը խոցելի են դարձնում փողերի լվացման տեսանկյունից։ Ստվերային դաշտը թեեւ մեծ է, սակայն ապօրինի գործունեությունը սահմանափակվում է հիմնականում միայն հարկերից խուսափելով։ Թեեւ հարկերից խուսափելու մեխանիզմները շատ նման են այն մեխանիզմներին, որոնք օգտագործվում են փող լվանալու համար (ներմուծման կեղծված հաշվառում, կրկնակի հաշվապահություն, բանկային համակարգի չարաշահում եւ այլն)»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ահաբեկչության վերաբերյալ զեկույցում։ Թեեւ օտարերկրյա մասնագետները բանկային համակարգի միջոցով Հայաստան մուտք գործող դրամական տրանսֆերտներն այնքան էլ ցավագին չեն ընդունում՝ բացատրելով երկրի սահմաններից դուրս բնակվող եւ աշխատող հայերի մեծ թվաքանակով։ Մասնագետների գնահատմամբ` փողերի լվացումը կանխարգելելու առումով մեծ ուշադրություն պետք է դարձվի հատկապես Երեւանի արվարձաններում գործող մոտ 30 խաղատների գործունեությանը։
Թեեւ Պետդեպարտամենտի մասնագետները նշում են, որ ահաբեկչության հետ կապված քրեական գործեր ՀՀ տարածքում չեն հարուցվել, սակայն դրական են արտահայտվել այս ուղղությամբ մեր երկրի ջանքերի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ահաբեկչության դեմ մղվող գլոբալ պայքարում։ Մեր երկիրը միացել է այս ոլորտին վերաբերող տարբեր համաձայնագրերին եւ կոնվենցիաներին, իսկ 2003թ. օրենսդրության մեջ զգալի բարեփոխումներ են կատարել։
Եվս մի հետաքրքիր փաստ. որպես ահաբեկչության առիթով հարուցված միակ քրեական գործ` նշվում է «Հոկտեմբերի 27»-ը, թեեւ մեր հասարակությունն այդ հանցագործությունը կատարած խմբի անդամներին դժվար թե նույնացնի զուտ կրոնական եւ ազգայնական մոտիվներով գործող մահմեդական մահապարտների հետ։ Համենայնդեպս, հասարակության զգալի մասը դեռ ակնկալում է, որ այս հարցը վաղ թե ուշ կստանա իր պատասխանը։
Հաջորդ համարում մենք կանդրադառնանք ահաբեկչության ֆինանսական գլխավոր աղբյուրներից մեկի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդրին։
շարունակելի