Մեր տեղեկություններով, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն իշխանությունների հետ հարցերը լուծելուց հետո այս օրերին լծվել է սեպտեմբերի 18-ին Ախթալայում կայանալիք Խորովածի համահայկական 3-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքներին: Թեեւ փառատոնը կազմակերպում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ-ն` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, սակայն Խաչիկյանը` որպես Ախթալայի կարկառուն զավակ, իր վրա է վերցրել կազմակերպչական աշխատանքները: Փառատոնին մասնակցելու են բարձրաստիճան պաշտոնյաներ եւ արտերկրից հրավիրված հյուրեր, որոնց շարքում է հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը: Վերջինս փառատոնի բացման առիթով իր ձեռքով խորոված կպատրաստի: Ճիշտ այնպես, ինչպես «Երբ գալիս է սեպտեմբերը» հայտնի ֆիլմում: Նույն օրը բացվելու է նաեւ Արմեն Ջիգարխանյանի բրոնզաձույլ արձանը` խորոված անելիս: Այս միջոցառման առնչությամբ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ Վ. Խաչիկյանից. նրա հեռախոսահամարներն անհասանելի էին: Իսկ մեզ հետաքրքիր էր մասնավորապես, թե խորովածի փառատոնն ի՞նչ գումարներով է կազմակերպվում, Վ. Խաչիկյանը քանի՞ կիլոգրամ միս է նախատեսել միջոցառման համար, ի՞նչ գնով է ձեռք բերելու միսը… Եվ ամենակարեւորը` ո՞ւմ հաշվին: