«Մենք ասել ենք, թե սեպտեմբերին պետք է լինի որոշում: Պատվիրակությունների հաջորդ հանդիպմանը իշխանությունն իր փաթեթն է ներկայացնելու: Դա մինչեւ հանրահավաքն է լինելու, մենք կգնահատենք իրավիճակը, եւ սեպտեմբերի 9-ին կլինի մեր համարժեք գնահատականը եւ որոշումը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի եւ իշխանության պատվիրակների առաջին հանդիպումից հետո ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ եթե մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների վերաբերյալ իշխանությունների մոտ կողմնորոշում չլինի, երկխոսության գործընթացը կհամարեն սպառված: Մինչեւ սեպտեմբեր կամ մինչեւ սեպտեմբերի 9-ի հանրահավաքը մնացել է ընդամենը մեկ-երկու շաբաթ: Եթե իշխանությունը մերժի արտահերթ ընտրությունները, ի՞նչ է անելու ՀԱԿ-ը: «Կոնգրեսը Ազատության հրապարակում մոբիլիզացնելու է առավելագույն թվով քաղաքացի եւ արտահերթ նախագահական ընտրությունների նրանց քաղաքական դիրքորոշումը տեսանելի կերպով ցուցանելու է հրապարակում»,- պատասխանել է Ն.Փաշինյանը: