«Հայաստանը ամսական մոտ 1 մլն հատ ձու է ներկրում Ուկրաինայից, որ թռչնաբուծարաններից մեկը տրամադրում է Պաշտպանության նախարարությանը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը` ավելացնելով, թե վերջերս 350 հազար ձու հետ է ուղարկվել մատակարար երկիր` ձվի մեջ անթույլատրելի նյութերի առկայության պատճառով: Երեկ ավելի ուշ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հերքել է այս տեղեկությունը` նշելով, որ ՀՀ բանակը սպառում է միայն տեղական արտադրության հավկիթ: Խնդիրը սակայն ոչ թե միջգերատեսչական վեճն է, այլ այն, որ Գ.Բաղիյանի հրապարակած թվերը, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը` ոչ միայն բանակին ձու մատակարարելու վերաբերյալ: Բանն այն է, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների համաձայն, 2011 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 15 մլն 100 հազար հատ ձու: Այսինքն` իրականում ամսական Հայաստան է ներկրվում ոչ թե 1 մլն հատ ձու, ինչպես պնդում է Բաղիյանը, այլ` ավելի քան 2.5 մլն հատ ձու: Մինչդեռ, հայաստանյան որեւէ խանութում որեւէ մեկը չի կարող գնել ձու, որի վրա մակնշված լինի, որ այն արտադրվել է արտերկրում, դիցուք` նույն Ուկրաինայում: Այսինքն` եթե ներկրվող ձվի քանակից հանենք բանակին մատակարարվող ձվի տվյալները, ստացվում է, որ ամսվա կտրվածքով առնվազն 1.5 մլն հատ ձու «անհետանում» է Հայաստանում: Բնականաբար, իրականում այդ ձվերը ոչ թե անհետանում են, այլ վաճառվում են հայաստանյան շուկայում` տեղական որեւէ թռչնաֆաբրիկայի մակնիշավորմամբ: Ի դեպ, Գ. Բաղիյանը տեղական ձվի արտադրության անկումը բացատրում է թռչնաբուծական տնտեսություններում ածան հավերի մորթով: Իրականում, սակայն, տեղական թռչնաֆաբրիկաները չեն դիմանում այն մրցակցությանը, որն առաջանում է ներկրվող գրեթե կրկնակի էժան ձուն տեղական արտադրության ձվի անվան տակ վաճառելու արդյունքում: Նշենք, որ ինչպես անցած, այնպես էլ այս տարի բանակին ձու մատակարարելու մրցույթը շահել են այս ոլորտում գրեթե մենաշնորհային դիրքեր ունեցող Խաչիկ Խաչիկյանին պատկանող «X գրուպ» եւ «Արաքս» ընկերությունները: