Ընդդիմություն ըլլալով` բիզնեսմեն ըլլալ

25/08/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Դաշնակցություն» կուսակցության ղեկավարներն այս օրերին հնարավորինս խուսափում են շփվել լրագրողների հետ, պատասխանել նրանց հեռախոսազանգերին ու հարցերին:

Պատճառն անցած շաբաթ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի այն հայտարարությունն է, թե իրենք հրաժարվում են մասնակցել Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որին պետք է մասնակցի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքում կազմակերպվելու է Հայաստանի անկախությանը նվիրված միջոցառում, որին պետք է մասնակցի նաեւ Ս.Սարգսյանը: Այս օրերին ամերիկահայերը, այդ թվում եւ` դաշնակցականները, նույնիսկ ստորագրահավաք են կազմակերպել, որ ՀՀ նախագահին թույլ չտրվի մուտք գործել ԱՄՆ: «Ճիշտ չենք գտնում Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակի առիթով ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի «տոնական հանդիսավոր ճաշկերույթ» կազմակերպելու նախաձեռնությունը: Անկախության տոնակատարությունը չի՛ կարող առիթ ծառայել փառավորելու հեղինակազրկված պաշտոնատարներ, այս պարագայում` մի նախագահ, որի վարած քաղաքականության հետեւանքով 20-ամյա անկախ Հայաստանը ամեն օր առավել եւս խրվում է փտախտի տիղմի մեջ, իսկ ժողովրդավարությունն ու ժողովրդավարական արժեքները շարունակվում են ոտնակոխ լինել, որպեսզի կարելի լինի ապահովել հանցավոր վարչակարգի վերարտադրությունը»,- նշված է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի հունիսի 18-ի հայտարարության մեջ:

Ճիշտ է, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անմիջապես անդրադարձել էր այս սուր քննադատությանը, սակայն ԱՄՆ դաշնակցականների այս խիստ գնահատականները շատ հարցեր են առաջացրել ՀՀ քաղաքական շրջանակներում: Մասնավորապես մեկնաբանություններ են հնչում, թե խիստ լարված են ՀՅԴ ամերիկյան եւ հայաստանյան կառույցների հարաբերությունները, եւ այդ լարվածությունը սկիզբ է առել հունիսի վերջին Հայաստանում տեղի ունեցած ՀՅԴ Ընդհանուր ժողովից ու դրա արդյունքներից: Այն, որ այդ ժողովի արդյունքում ՀՅԴ Բյուրոյի կազմում չեն ընտրվել ԱՄՆ-ում բնակվող` Բյուրոյի նախկին անդամներ Վիգեն Հովսեփյանն ու Հայկ Օշականը: Իսկ ՀՅԴ ամերիկյան կառույցներում դժգոհությունը ՀՀ իշխանություններից սկիզբ էր առել դեռեւս հայ-թուրքական արձանագրություններից: Հիշեցնենք, որ մինչ արձանագրությունների ստորագրումը Ս.Սարգսյանը հայկական սփյուռքի, այդ թվում եւ` Ամերիկայի եւ Ֆրանսիայի հայերի հետ հանդիպումների շրջագայություն էր կազմակերպել: Հատկապես այդ երկու երկրներում ՀՀ նախագահի նկատմամբ բավականին մեծ դժգոհություններ էին դրսեւորվել, տարբեր բողոքի ակցիաներ կազմակերպվել եւ այլն: Մեր տեղեկություններով, երբ Ս.Սարգսյանը վերադարձել է հայրենիք, Հայաստանում ՀՅԴ ղեկավարները, այդ թվում` Հրանտ Մարգարյանը, շտապել են նախագահական եւ նրան հավաստիացրել, թե իրենք չեն այդ ակցիաների կազմակերպիչները եւ դրանց հետ ոչ մի կապ չունեն: Իսկ ՀՅԴ-ն դրանից առաջ իրեն արդեն ընդդիմություն էր հռչակել: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն` ՀՅԴ Բյուրոյի կազմը հայաստանյան կառույցի կողմից մինչ այդ Ընդհանուր ժողովն արդեն համաձայնեցվել էր Ս.Սարգսյանի հետ: Ասում են, թե վերջինս համաձայն չի եղել, որ ԱՄՆ-ի դաշնակցականներն ընդգրկվեն Բյուրոյի կազմում: Ընդ որում, դա համընկել է նաեւ Բյուրոյի հայաստանյան անդամների ցանկության հետ, որովհետեւ ԱՄՆ դաշնակցականներին դուր չի եկել ՀՀ իշխանություններին հաշվետու լինելը:

Ու թեեւ 2009թ. գարնանը ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, այնուամենայնիվ, այդ կուսակցությունը դեռեւս ընդդիմադիր չի ընկալվում: Չի ընկալվում թերեւս այն պատճառով, որ սահմանափակվում է ընդամենը վարչապետ Տիգրան Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականները պահանջելով, ինչը երբեմն անուղղակի ձեւով անում են նաեւ կոալիցիոն մյուս կուսակցությունների, նույնիսկ ՀՀԿ անդամները: Հայաստանյան ՀՅԴ-ն անմիջապես շտապել էր չկիսել նաեւ իրենց ամերիկյան կուսակիցների` Ս.Սարգսյանին ուղղված կոշտ քննադատությունը: «Հասկանալի է, որ ՀՀ-ում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ: Բայց 20-ամյա տարելիցը մեր ընդհանուր հաղթանակի եւ ձեռքբերումների ամրագրումն է: Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում, անձնավորված հարաբերություններով եւ հուզական քայլերով առաջնորդվելու, այլ` առիթը պետք է օգտագործենք` մնալով հանդերձ մեր սկզբունքային դիրքերում, նման միջոցառումներով արտահայտելու մեր միասնականությունն ու համախմբվածությունը»,- հայտարարել էր Կ.Մանոյանը:

Իսկ Հայաստանի քաղաքական շրջանակներում ՀՅԴ-ի փափուկ ընդդիմադիր դրսեւորումները բացատրում են այդ կուսակցության ղեկավար անդամների եւ կարկառուն այլ ներկայացուցիչների բիզնես հետաքրքրություններով: Նշենք, որ ՀՅԴ հատկապես ղեկավար կազմում բիզնեսներ ունեն շատերը: Օրինակ, Բյուրոյի անդամ, նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանը, ասում են, ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերություններ ունի: Բյուրոյի անդամ, կրթության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը վերջին տարիներին կառուցել եւ գործարկում է գինու հսկա գործարան: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ դաշնակցական Հրայր Կարապետյանը, Վահան Հովհաննիսյանը եւ այլք ՀՀ բերրի տարածքներում, նույնիսկ հայ-թուրքական սահմանի մոտ ձեռք են բերել տասնյակ հեկտարներով հողեր, ու այդպես շարունակ: Իսկ այս ունեցվածքը պահելու համար լիակատար ընդդիմադիր լինելը վտանգավոր է: Ով` ով, դաշնակցականները լավ գիտեն, թե իշխանություններն ինչ են անում ընդդիմության կողմը թեքված գործարարների հետ: