«ՀԱԿ-ը մեզանից է վերցրել գրեթե 10-12 սկզբունքային հարց, որին հետամուտ չի»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` ավելացնելով, որ Կոնգրեսն իր հռչակագրային կետերը վերցրել է Ժողովրդական կուսակցության այն պահանջներից, որոնք իրենք այս տարեսկզբին ներկայացրել էին Սերժ Սարգսյանին: «Մենք մեր միտինգի ժամանակ բարձրացրել ենք հարցերը, հետո տարել ենք նախագահական պալատին, որը ընդունել է Կարեն Կարապետյանը: Այդ հարցերը ամբողջովին, 90 տոկոս ՀԱԿ-ի հռչակագրի մեջ է: Մենք հունվարի 19-ին բարձրացրել ենք այդ հարցը»,- ասել է Կարապետյանը: Նա երեկ ասել է նաեւ, որ իր թեկնածությունն առաջադրելու է գալիք նախագահական ընտրություններում: Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը` Կարապետյանն ասել է. «Իմ խորին համոզմունքն է, որ երկխոսության գործընթացը շատ գեղեցիկ սցենարով շոու է, որովհետեւ անհնարին է` չհասկանալ ինչ է կատարվում Հայաստանում»: Նրա համոզմամբ` չնայած երկխոսության երկու կողմերն էլ երկուստեք ասում են, որ պետականամետ են, բայց բիզնեսով են զբաղվում: «Այսօր ամեն ինչ արվում է բիզնեսի համար… այսօր փող են սարքում տղաները: Եթե սա է իրավիճակը, ինչի՞ մասին կարող են բանակցել ՀԱԿ-ն ու իշխանությունը»,- հայտարարել է Կարապետյանը: