Նավթը թանկանում է

25/08/2011

Երեկ նավթի համաշխարհային գները փոքր-ինչ աճել են։ Գների դրական դինամիկան արձանագրվել է Ամերիկյան նավթի ինստիտուտի (API) կողմից հրապարակված հաշվետվության ֆոնին։ Հաշվետվությունը երկրում «սեւ ոսկու» շաբաթական պաշարների նվազման մասին էր։ WTI մակնիշի հում նավթի հոկտեմբերյան ֆյուչերսի գները աճել են 0.18 դոլարով. մինչեւ 85.62 դոլար` բարելի դիմաց: Brent մակնիշի նավթի խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսի գները բարձրացել են 0.15 դոլարով. մինչեւ 109.46 դոլար` բարելի դիմաց: API-ի տվյալներով` նավթի շաբաթական պաշարները նվազել են 3 մլն 340 հազար բարելով: «Եթե էներգետիկայի նախարարությունը հաստատի նավթի պաշարների նվազումը, ապա մենք կարող ենք տեսնել «սեւ ոսկու» գնի դրական դինամիկայի ամրապնդում»,- ասել է National Australia Bank Ltd.-ի վերլուծաբան Բեն Ուեստմորը: Կոնկրետ հայաստանցիների համար սա հետաքրքիր է այնքանով, որ կարող ենք արդեն հոգեբանորեն նախապատրաստվել տեղական շուկայում նավթամթերքի, մասնավորապես, բենզինի թանկացմանը։ Գաղտնիք չէ, որ բենզինի ներկրմամբ զբաղվող մեր մոնոպոլիստները նավթի էժանացումը «չեն նկատում», մինչդեռ համաշխարհային գների աննշան թանկացման մասին ցանկացած տեղեկատվության կայծակնային արագությամբ են արձագանքում՝ միանգամից թանկացնելով բենզինի գինը։