Սյունիքի մարզի Կապան քաղաքի 5 բնակիչներ դատի են տվել ՀՀ Բնապահպանության նախարարությանն այն հայցապահանջով, որ պատասխանատվության ենթարկեն «Հայջրմուղկոյուղուն»՝ կոյուղաջրերն առանց մաքրման Ողջի գետ թափելու համար: «Բնապահպանության նախարարությունը չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունը, չի պարտադրում «Հայջրմուղկոյուղուն», որպեսզի այն կեղտաջրերը չթափի Ողջի գետը»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում նշեց «Էկոլոգիական անվտանգության եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի նախագահ Արթուր Ղազարյանը, ով 5 հայցվորներից մեկն է: Ա. Ղազարյանի փոխանցմամբ՝ «Հայջրմուղկոյուղին» նշել է, թե իրենք գումար չունեն այդ խնդրի լուծման համար: «Ինչո՞ւմն է մեր ամենացավոտ կողմը՝ եթե գումար չունեն, ինչո՞ւ է ֆրանսիական «Սաուր» ընկերությունը ստանձնել ամբողջ ջրմուղկոյուղու կառավարումը: Նրանք պարտավորություն ունեն ընդհանուր ջրերի եւ կոյուղաջրերի համակարգը բարելավելու համար: Իսկ եթե չունեն այդ գումարը, ինչո՞ւ են ստանձնել կառավարումը՝ իմանալով, որ կա նման խնդիր»,- նշեց նա: Հարցին, թե ՀՀ բնապահպանության նախարարությունն արդյո՞ք տեղյակ էր վերոնշյալ խնդրին, Ա. Ղազարյանը պատասխանեց. «Բնապահպանության նախարարությունը մեզ պատասխանել է, ասել է՝ այո, մենք տեղյակ ենք, որ վիճակն այդպիսին է, կոյուղաջրերը թափվում են գետ, եւ այդ հարցով շատ են դիմել «Հայջրմուղկոյուղուն», բայց դեռ պատասխան չեն ստացել: Ընդ որում,՝ նամակագրական կապ ունեն «Հայջրմուղկոյուղու» հետ: Դա ընդամենը ծիծաղելի է»: