Ինչպես են ոչնչացնում տեղական արտադրությունը

25/08/2011 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների համաձայն, 2010թ. Հայաստան է ներմուծվել 4 մլն 188.000 հատ ձու: Իսկ այս տարվա միայն առաջին կիսամյակում` 15 մլն 100.000 հատ:

Այսինքն` այս տարվա առաջին կիսամյակում 3 անգամ ավելի շատ ձու է ներկրվել Հայաստան, քան անցյալ ողջ տարվա ընթացքում: Այն դեպքում, երբ հայաստանյան շուկայում որեւէ այլ երկրի արտադրության մակնշմամբ ձու գոյություն չունի: Հետեւաբար` հարց է առաջանում. որտե՞ղ են սպառվում ներմուծված եւ չմակնշված ձվերը, եւ արդյո՞ք ներմուծող ընկերությունը կամ ընկերությունները օտարերկրյա արտադրության ձուն չեն մակնշում Հայաստանի թռչնաֆաբրիկաներում ու հայկական շուկայում վաճառում որպես տեղական արտադրության ձու: Համենայնդեպս, այլ վարկած, թե որտեղ են սպառվում ներկրված ձվերը, մինչ օրս գոյություն չունի: Բնականաբար, կասկածելի են նաեւ ներկրված ձվերի պիտանելիության ժամկետները, եւ չկա որեւէ երաշխիք, որ ներկրված ձվերը ժամկետանց չեն հայտնվում մեր շուկայում:

Շատերն են հիշում, որ անցած տարի ամանօրյա տոներից առաջ Հայաստանում ձվի լուրջ դեֆիցիտ էր առաջացել: Շուկայում գրանցվել էր ձվի գնի աննախադեպ թանկացում, ձուն այդ օրերին վաճառվում էր հատը 120-140 դրամով: Արտադրողները դա բացատրում էին ածան հավերի ոչ բավարար թվով, որոնց մեծ մասը ոչնչացվել էր 2010թ. ամռանը հայրենական շուկայում ձվի գնի կտրուկ անկումից հետո, երբ ձուն վաճառվում էր հատը 10 դրամով: Առանձին օրերին ձվի գինը նվազել էր ընդհուպ մինչեւ 5 դրամ: Իրականում ձվի շուկայում այս վայրիվերումները սկսվեցին հենց 2010թ. ամառվանից հետո: Բանն այն է, որ այդ ժամանակ ձվի աննախադեպ էժանացումից հետո գնային շոկի արդյունքում փակվեցին ձու արտադրող մի քանի փոքր ընկերություններ, իսկ որոշները վաճառվեցին «Երեւանի թռչնաֆաբրիկա» եւ «Արաքս» թռչնաֆաբրիկաների սեփականատիրոջը` Խաչիկ Խաչիկյանին, ով այսօր գերիշխող դիրք է զբաղեցնում շուկայում: Շատ թռչնաֆաբրիկաներ էլ` չդիմանալով մրցակցությանը, նախընտրեցին ածան հավերին մորթել` խուսափելով հնարավոր վնասներից: Եվ, ըստ ոլորտի մասնագետների, հենց ածան հավերի ոչնչացմամբ էր պայմանավորված անցած տարի նախատոնական օրերին առաջացած ձվի դեֆիցիտը: Իսկ ինչո՞ւ 2010թ. ամռանը ձուն դարձավ 5-10 դրամ: Մեր տեղեկություններով, խնդիրն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, որ ամեն տարի մրցույթ է հայտարարում բանակի համար անհրաժեշտ քանակի սննդամթերք, այդ թվում` նաեւ ձու մատակարարող ընկերությանը որոշելու համար, անցած տարի հաղթող էր ճանաչել նույն Խաչիկ Խաչիկյանին պատկանող «X գրուպ» ընկերությանը: Վերջինս, որն իր արտադրանքի հիմնական մասը սպառելու վերաբերյալ ՊՆ-ի հետ մեկ տարվա պայմանագիր էր կնքել, ըստ նույն աղբյուրների, որոշեց իր արտադրանքի մնացած մասը շուկայում վաճառել 5-10 դրամով, քանի որ արդեն այդ տենդերով իր շահույթն ապահովել էր եւ վնասով աշխատելու մտահոգություն չուներ: Այդպիսով նա հարված հասցրեց մյուս թռչնաֆաբրիկաներին, որոնք, չունենալով նման պայմանագրեր, չէին կարող իրենց արտադրանքն ինքնարժեքից մի քանի անգամ ցածր գնով իրացնել: Արդյունքում «X գրուպը» դարձավ ձվի շուկայում գին թելադրող ընկերություն: Ի դեպ, հենց այդ ժամանակ խոսակցություններ տարածվեցին, որ ձվի շուկայում եւս տեղի է ունենում մոնոպոլիզացման գործընթաց: Որոշ տնտեսագետներ նույնիսկ հայտարարեցին, թե շուկայում դեմպինգային քաղաքականություն է տարվում: Նման հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերությունը (GTZ): Գերմանացի փորձագետներն արձանագրել էին, որ հայաստանյան ձվի շուկայում դեմպինգ է իրականացվել: Սակայն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ուսումնասիրելով շուկան, հայտարարեց, թե դեմպինգի դրսեւորումներ չեն եղել, այլ ընդամենը Հայաստանում արձանագրվել է ձվի գերարտադրություն: Իսկ թե այդ «գերարտադրությունն» ինչո՞ւ հանկարծ մի քանի ամիս հետո նվազեց` շուկայում դիֆիցիտ առաջացնելու աստիճանի, հայտնի չէ: Ինչեւէ:

Այս տարի, ըստ մասնագետների` ձուն դարձյալ թանկանալու է` հասնելով մինչեւ 100-120 դրամի: Ձու արտադրողներից շատերի պնդմամբ` տեղական ձվի ինքնարժեքը թույլ չի տալիս ձուն վաճառել 50-60 դրամով: Նրանց խոսքով` թռչնաֆաբրիկաները չեն կարող վնասով երկար աշխատել եւ, շատերի նման, կսկսեն ածան հավերը ոչնչացնել, այսինքն` կփակվեն մի շարք թռչնաֆաբրիկաներ, եւ բացառված չէ, որ շուկայում կրկին տեղական ձվի դեֆիցիտ առաջանա: Բանն այն է, որ գրեթե բոլոր թռչնաֆաբրիկաները կեր, դեղորայք ներմուծում են Ուկրաինայից, քանի որ այնտեղ դրանք զգալիորեն էժան են: Անցյալ տարի «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի նախկին սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը հայտարարեց, որ ձու ներկրելն ավելի ձեռնտու է, քան թռչնաֆաբրիկա պահելն ու տեղական ձու արտադրելը, որովհետեւ այդ պարագայում շահույթը գրեթե նույնն է, եթե ոչ ավելին: Այլ հարց է, որ արդյունքում կդադարեն գործել տեղական թռչնաֆաբրիկաներն ու Հայաստանի շուկայում կլինեն միայն ներկրված ձվեր: Բայց ուշագրավն այն է, որ ներկրված ձվերը խիստ կասկածելի են պիտանելիության տեսանկյունից: Հասկանալի է, որ ձուն Ուկրաինայից մինչեւ Հայաստան է հասնում լավագույն դեպքում 7-8 օրում: Եվ ձուն, որի պիտանելիության ժամկետը խիստ սահմանափակ է, հատկապես շոգ եղանակին, սպառողին է հասնում կասկածելի վիճակում: Մասնագետների պնդմամբ` սառնարանից դուրս բերելուց հետո ձվի պիտանելիությունը 5 օր է, իսկ եթե հաշվի առնենք, որ Ուկրաինայում սառնարաններից ձուն դուրս է բերվում ու Հայաստան է մտնում 7-8 օրում, ապա Հայաստան մտնելու պահից սկսած այդ ձվերի օգտագործումն արդեն իսկ վտանգավոր է: Իսկ թե այս պարագայում ինչ դերակատարում ունի Սննդի անվտանգության տեսչությունը` դժվար է ասել. վարչության նորանշանակ ղեկավար Աբրահամ Բախչագուլյանի հետ մեզ այդպես էլ զրուցել չհաջողվեց: Նշենք, որ այսօր Ուկրաինայից ձու ներկրում են հիմնականում «Լուսակերտ» (այն գնել է «Գետամեջ» թռչնամսի ֆաբրիկայի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանը) եւ «Արաքս» ընկերությունները: Սակայն որեւէ մեկը շուկայում ներկրված մակնշմամբ ձու չի հանդիպել, եւ թե որտեղ են նրանք սպառում այդ ձվերը` հայտնի չէ: Ժամանակ առ ժամանակ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններ աղմուկ են բարձրացնում, որ շուկայում հայտնվում են չմակնշված ձվեր, բայց ապարդյուն: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը մեզ հետ զրույցում` անդրադառնալով ձվի ներկրմանը, ասաց. «Մենք նույնպես Հայաստանի շուկայում դրսից ներկրված ձու չենք տեսել, եւ եթե այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ է ներկրվել 15 մլն ձու, ուրեմն` դա աղետ է, սարսափելի է: Դա նշանակում է տնտեսական ապիկար քաղաքականության հետեւանք, կարկատանային տնտեսական քաղաքականություն, որը չի խթանում տեղական արտադրողին: Մենք անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին ականատես ենք եղել, երբ պատժվեցին ձու արտադրող ձեռնարկությունները մակնշման ոչ ճշգրիտ գործելաոճի եւ այլ թերությունների համար: Ըստ էության, դա ուղղակի ՏՄՊՀ-ի ֆունկցիան չէր, դրա համար գոյություն ունի Սննդի անվտանգության տեսչություն: Դա վերածվեց տուրքի մի տեսակի. այսինքն` եթե նույն չափով տուգանում ես շուկայում 38 տոկոս տեղ զբաղեցնող հսկային եւ փոքր ծավալով արտադրողին, դա նշանակում է` մեծերին պարգեւատրել, իսկ փոքրերին` սնանկացնել: Այդպես էլ եղավ: Մի շարք փոքր ֆաբրիկաներ ընդհանրապես կործանվեցին, մյուսներն իրենց շրջանառու միջոցների սղության պատճառով չզարգացան կամ պրոֆիլը փոխեցին, եւ արդյունքում ներկրման անհրաժեշտություն առաջացավ, ինչի ականատեսը եղանք անցյալ տարվա նախատոնական օրերին»: Ա. Պողոսյանի փոխանցմամբ` այժմ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումները հետեւանք են այն բանի, որ չի խթանվում տեղական արտադրության զարգացումն ու արտահանումը: Հարցին, թե որտե՞ղ են սպառվում ներկրված ձվերը, եթե տեղական շուկայում այլ երկրի մակնշմամբ ձվեր չկան, Ա. Պողոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել: Կարող եմ ենթադրել, որ պահեստավորվում է: Դրանով արդեն պետք է հետաքննական մարմինները զբաղվեն ու բացահայտեն: Եթե պահեստավորվում է, ուրեմն` դա հանցագործություն է, որովհետեւ ձուն արագ փչացող ապրանք է»:

Ի դեպ, ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը երեկ հայտարարել է, որ այս տարի հանրապետությունում ձվի արտադրությունը կրճատվել է մոտ 20 տոկոսով: Այս տարվա առաջին 7 ամիսների տվյալներով` արտադրվել է մոտ 380 մլն հատ ձու: Ձվի արտադրության անկումը Գ. Բաղիյանը բացատրում է թռչնաբուծական տնտեսություններում ածան հավերի մորթով, ինչպես նաեւ` մասնավոր տնտեսություններում հիվանդություններից առաջացած անկումներով:

Հ.Գ. Այս տարի ՊՆ-ի մրցույթը շահել է «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկան, որի սեփականատերը դարձյալ Խաչիկ Խաչիկյանն է, ով միաժամանակ մեծ քանակության ձու ներկրելով Հայաստան` հավակնում է դառնալ շուկայի մոնոպոլիստը: Նաեւ հավելենք, որ մասնագետների տվյալներով` աշխարհում մեկ անձի համար ձվի տարեկան սպառումը կազմում է 210 ձու: Հայաստանում այդ ցուցանիշը հասնում է 284-ի` նախկին 210-ի համեմատ: Հայաստանը մեկ շնչի հաշվով ձվի սպառմամբ աշխարհում հինգերորդ պետությունն է: