Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում մայրաքաղաքում հայտնի դարձած ավազակային հարձակումների կապակցությամբ` որակելով դրանք բանդիտիզմ: Հիշեցնենք, որ անցած կիրակի ավազակային հարձակման զոհ դարձավ նախկին պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախկին անդամ Նապոլեոն Ազիզյանը: Առավոտյան ժամը 5-ին դիմակավորված 5 անձինք պատշգամբով մտել էին Կիլիկիա թաղամասում գտնվող Ազիզյանի տուն, ծեծի էին ենթարկել նախկին պատգամավորին, նրա կնոջը եւ դստերը, այնուհետեւ զենքի սպառնալիքով նրա տնից, ըստ մամուլի, տարել էին 300 հազար դոլարին համարժեք գումար եւ գույք: Անցած երկու ամիսներին նմանատիպ ավազակային հարձակման զոհ դարձան նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանը եւ «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանը: Նշված երկու դեպքում էլ զինված եւ դիմակավորված անձինք առավոտյան մուտք էին գործել նրանց տուն, կրկին ծեծի ենթարկել տան անդամներին եւ զենքի սպառնալիքով հափշտակել մեծ չափերի հասնող գումարներ: Ի դեպ, դիմակավորված անձինք երկու դեպքում էլ գողոնը տեղափոխել են պաշտոնյաներին պատկանող ավտոմեքենաներով: Երեկ, անդրադառնալով այս դեպքերին, ինչպես նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած եւս երկու ավազակային հարձակումներին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշել է, որ ցուցում է տվել այդ 5 ավազակային հարձակումների գործերը միավորել մեկ վարույթում, որովհետեւ պարզ է, որ դրանք կատարվում են մի ձեռագրով: «Ակնհայտ է, որ կատարվում է մի խմբի կողմից, որոնք զինված են, կայուն, հանցավոր խումբ են,- ասել է Հովսեփյանը` շարունակելով,- Դրա համար մենք ցուցում տվեցինք նաեւ, որ այդ արարքները վերաորակավորվեն ոչ թե որպես ավազակություն, այլ` բանդիտիզմ»: Նախօրեին Ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ այս դեպքերի քննության հետ կապված Գլխավոր դատախազությունում խորհրդակցություն է տեղի ունեցել: Աղվան Հովսեփյանը քննադատել է Ոստիկանությանը` ասելով, որ եթե մայրաքաղաքում արձանագրված առաջին երկու դեպքերով ձեռնարկվեին անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքներ եւ բացահայտվեին կատարողները, ապա այսօր դրանց շարունակությունը չէինք ունենա: Երեկ Աղվան Հովսեփյանի ցուցումով նաեւ քրեական գործ է հարուցվել օգոստոսի լույս 15-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծագած վիճաբանության առնչությամբ: Հիշեցնենք` օգոստոսի լույս 15-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հնչած կրակոցների արդյունքում 2 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: Մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ ռեստորանային համալիրում անցկացվող հարսանեկան խնջույքի ժամանակ վեճ է ծագել, որին միջամտել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը` Եզդի Աշոտ մականունով: Ըստ այդ հրապարակումների, նա կրակել եւ վիրավորել է երկու հոգու, որոնցից մեկը` 78թ. ծնված Նորիկ Աթոյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի թիկնապահներից է: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ ինքը միջադեպի մասին տեղեկացել է մամուլից եւ հանձնարարել է ստուգել` արդյո՞ք քրեական գործ հարուցված է, թե՞ ոչ: «Բոլոր դեպքերում, եթե ինչ-որ դեպք է տեղի ունենում. հանցագործության դեպք, դրան նախորդում են որոշակի ստուգումներ»,- պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ինչո՞ւ մինչեւ հիմա գործ հարուցված չէ, ասել է Գլխավոր դատախազը: