Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 22-ին այցելել է զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման ենթակայության զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, նախարարը ելույթ է ունեցել զորամասի շարահրապարակում հավաքված զինծառայողների առջեւ եւ ներկայացրել զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել հրամանատար-զինվոր փոխհարաբերությունների մասին: Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ցանկացած բարդ իրավիճակներում մենք հասնում ենք հաջողությունների այն զինծառայողների շնորհիվ, ովքեր իրենց կարողությունները օգտագործում են համարձակ կերպով: Յուրաքանչյուր հրամանատար պետք է գնահատի եւ հարգի իր ենթակայի համարձակությունը, իսկ այդ համարձակությունը ձեւավորվում է անհատի անձնական արժանապատվության հարգումով»: Այնուհետեւ Սեյրան Օհանյանը այցելել է հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ եւ հայրենիքի սահմանները պաշտպանողներին պարգեւատրել է արժեքավոր նվերներով:
Պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ Վայոց ձորի սահմանամերձ Սերս եւ Խնձորուտ գյուղերի բնակիչներին, հետաքրքրվել նրանց խնդիրներով եւ խոստացել աջակցել: Նախարար Օհանյանը բարձր է գնահատել հուլիսի 22-ին զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարից հետո Սերս համայնքի բնակիչների ցուցաբերած առաջին օգնությունը: Նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել համայնքի բուժքույր Զինա Մինասյանին` վիրավոր զինծառայողներին արագ կերպով առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: