Վարույթ է հարուցել

25/08/2011

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի թանկացման վերաբերյալ շուկայում գերիշխող դիրք գրավող «Ալեքս Գրիգ» ընկերությունից տեղեկատվություն ու փաստաթղթեր է պահանջել: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ հանձնաժողովի մոնիտորինգի խումբը վերջին երկու օրերին արձանագրել է շաքարավազի թանկացում շուրջ 80 դրամով` նախկին 350-ի փոխարեն` մեկ կիլոգրամ շաքարավազը Երեւանում վաճառվում է 430 դրամով: Սահակյանի խոսքով, ըստ գործող կարգի, «Ալեքս Գրիգ» ընկերությունն առաջիկա 10 օրվա ընթացքում պարտավոր է հանձնաժողով ներկայացնել թանկացման վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումներ. «Պետք է տրամադրի բոլոր փաստաթղթերը այն մասին, թե ինչ գնով է ձեռք բերվել շաքարավազը, կոնկրետ որ երկրից է այն ձեռք բերվել, ինչ գնով է մաքսազերծում կատարվել եւ ինչ գնով է այն իրացվել, այսինքն` ինչ գնով է շաքարավազը վաճառվել խանութներին»: Նա նաեւ նշել է, որ հանձնաժողովը նույնանման տեղեկություններ է պահանջելու նաեւ խոշոր սուպերմարկետներից, եւ բոլոր տեղեկությունները ստանալուց հետո կուսումնասիրի դրանք` հաշվի առնելով նաեւ միջազգային գները: Դրանից հետո հանձնաժողովը կարձանագրի շաքարավազի թանկացման անհիմն կամ հիմնավոր լինելը: Եթե արձանագրվի առաջինը, ապա հանձնաժողովը վարչական վարույթ կբացի «Ալեքս Գրիգ» ընկերության նկատմամբ: «Եվ տնտեսվարողը վարչական պատասխանատվության կենթարկվի, եթե պարզվի, որ միջազգային գնաճ տեղի չի ունեցել կամ գնի բաղադրիչի որեւէ տարր, ըստ էության, չի թանկացել, բայց տեղի է ունեցել թանկացում»,- ասել է Սահակյանը: Երեկ կրկին Ս. Ալեքսանյանն ասել է, որ Հայաստանում շաքարավազի գների աննախադեպ թանկացումը պայմանավորված է միջազգային գներով: «Ես ունեի հին, էժան պայմանագրեր, որոնք վերջացել են: Այս շաքարավազը եկել է նոր պայմանագրով, նոր գներով: Այ դա է պատճառը, որ թանկացել է»,- News. Am-ին ասել է Ս. Ալեքսանյանը: Հարցին` հնարավո՞ր է, որ առաջիկա օրերին շաքարավազի նոր թանկացումներ լինեն, նա պատասխանել է. «Առնվազն 3-4 ամիս այս գինը կպահպանվի, քանի որ 27 հազար տոննայանոց նավ է եկել, մեզ մոտ 4 ամիս դա բավարար է, բայց հայտնի չէ, թե ինչ գին կլինի 4 ամիս հետո: Միգուցե ավելի էժան լինի, միգուցե ավելի թանկ»: