Ռուսաստանը նորից սպառնում է

11/11/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը վերջերս հայտարարեց, թե Ռուսաստանից Հայաստան ներմուծվող գազի գինը կրկնակի կբարձրանա եւ 1000 խմ համար կդառնա 120 դոլար: Ճիշտ է, սա դեռ պաշտոնական հայտարարություն չէր, եւ լուրը Հայաստանում հերքվեց պաշտոնական մակարդակով:

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարեցին, որ գազի գնի թանկացման մասին ռուսական կողմը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել: Ներկայումս Հայաստանը գազ ներկրում է միայն Ռուսաստանից եւ 1000 խորանարդ մետրի համար վճարում է 56 դոլար: Հիշեցնենք, որ Ռուսաստանը մի քանի տարի առաջ բարձրացրեց նաեւ Վրաստանին մատակարարվող գազի գինը եւ հիմա «արտոնյալ» գներով գազ վաճառում է հետխորհրդային հանրապետություններից Ուկրաինային եւ Բելառուսին: Հայաստանը դեռեւս «արտոնյալ» վիճակում է գտնվում այն պատճառով, որ համարվում է մատակարար երկրի ֆորպոստը եւ առանց քննարկելու կատարում է նրա բոլոր «առաջարկություն-հրամանները»՝ սկսած «Գույք` պարտքի դիմաց» ստորացուցիչ ծրագրից` մինչեւ տարածաշրջանային տնտեսական-քաղաքական ծրագրերից դուրս մնալը: Կարելի է ասել, որ այս հայտարարությունը քաղաքական նշանակություն ունի, եւ Ռուսաստանը նորից գործի է դրել իր երկար տարիների սպառնալիքը` Հայաստանին ինչ-որ բան հասկացնելու կամ ինչ-որ բանի համար պատժելու նպատակով: Իսկ մենք արդեն գիտենք, որ գազի գնի թանկացման մասին հայտարարությունը, լինի դա մոտ ապագայում թե ոչ, բոլորովին էլ աննպատակ չէ: Ռուսաստանի կողմից այդպիսի սպառնալիք-հայտարարություններ եղել են նաեւ անցյալում, եւ փորձը ցույց է տվել, որ Հայաստանն իր ռազմավարական հորջորջվող ընկերոջից «արտոնյալ էժան» գազ ստանալու համար ամեն անգամ որոշ զիջումների է գնացել: Ճիշտ է, Ռուսաստանն էներգետիկ մահակը ճոճում է նաեւ Ուկրաինայի գլխին, սակայն դա մեզ համար մխիթարանք չէ:

Իսկ ինչ տեղի կունենա Հայաստանում, եթե գազը ներկրվի կրկնակի թանկ գներով:

Նշենք, որ յուրաքանչյուր օր, միջին հաշվով, մեր երկիր է մտնում 4-5 մլն խմ գազ: «ՀայՌուսգազարդը» պլանավորել է 2005թ. ընթացքում ներկրել 1մլրդ 700 խմ գազ, որից 1 մլն 460 խմ արդեն ներկրել է: Ընկերության տրամադրած տվյալների համաձայն` 2005թ. 9 ամիսներին Հայաստանում սպառված գազի 25,5 տոկոսը բաժին է ընկնում բնակիչներին, 25,3 տոկոսն՝ արդյունաբերությանը, իսկ 37 տոկոսը՝ էներգիա արտադրողներին: Այսինքն, գազի թանկանալը չի նշանակում միայն, որ մենք մեր տանը կրկնակի թանկ գազ ենք վառելու, դա նշանակում է, որ մեր օգտագործած ամեն ինչն է կրկնակի թանկ լինելու՝ հոսանքը, սննդամթերքը, հագուստը, տրանսպորտը եւ ամեն, ամեն ինչ: Եվ վերջապես, թանկ գազը նշանակում է թանկ ինքնարժեք ունեցող արտադրություն, արտահանվող թանկ ապրանք, ինչն էլ առանց այդ էլ շատ քիչ արտահանում ունեցող Հայաստանի համար արտաքին շուկայում կստեղծի աննպաստ իրավիճակ: Եվ քիչ թե շատ աշխատող ձեռնարկություններն, այլեւս գոյատեւելու հնարավորություն չունենալով՝ կսկսեն փակվել, առանց այդ էլ ցածր վճարունակություն ունեցող բնակչությունը լրիվ կաղքատանա եւ Հայաստանի խարխուլ տնտեսությունը վերջնականապես կփլուզվի:

Իսկ որպես հակակշիռ կամ, տվյալ դեպքում, փրկություն, ի՞նչ է պետք անել:

«Պետք է անի այն, ինչ արել է Վրաստանը, Հայաստանը պետք է ունենա գազի այլ աղբյուր, տվյալ դեպքում` բերի իրանական գազը,- ասում է տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: -Կամ էլ լինի տարանցիկ երկիր, որ իրանական գազը մեր տարածքով հասնի Եվրոպա: Միայն տրանզիտից Հայաստանը կստանա տասնյակ միլիոն դոլարների շահույթ եւ դրանով կմեղմի Ռուսաստանից գնվող թանկ գազի պատճառած վնասը: Տեսեք, Վրաստանը հիմա էլ ծրագրում է ղազախական գազը բերել: Յուրաքանչյուր երկիր պետք է ձգտի ունենալ մի քանի աղբյուրներ: Եթե Ղարաբաղյան խնդիրը լուծված լիներ, ես համոզված եմ, որ Հայաստանի էներգետիկ շուկայում մենք կունենայինք երեք խաղացող՝ Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը»:

Այս հայտարարությունը, պաշտոնական լինի թե նպատակային, միեւնույն է, Ռուսաստանը մի օր գազը թանկացնելու է: «Պետք է ըմբռնումով մոտենալ, Ռուսաստանն էլ իր շահերն ունի»,- կասեր մեր դեսպան Արմեն Սմբատյանը: Բազմիցս է ասվել, որ Հայաստանը սպառում է այնքան գազ եւ էլեկտրաէներգիա, ինչքան սպառում է Ռուսաստանի մոտ 200.000 բնակչություն ունեցող մի քաղաք: Այսինքն, Ռուսաստանի համար տնտեսական շահ, որպես այդպիսին, այստեղ չկա:

«Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ էներգակիրները սարքել է գլխավոր գործոն,- ասում է Է.Աղաջանովը: -Նույնիսկ նրանց արտգործնախարար Սերգեյ Լավրովը վախեցնում է հետխորհրդային հանրապետություններին` եթե իրենց չլսեն, անպայման գազը կթանկացնեն: Դա նշանակում է, որ մենք գործ ունենք բավականին թույլ երկրի հետ, ոչ մի ուժեղ երկիր իր դիվանագիտական հարցերը լուծելու համար այդպիսի ուլտիմատում չի կարող դնել: Փաստորեն, Ռուսաստանի արտաքին քաղաքականության զինանոցում, էներգակիրներից բացի` որեւէ այլ լուրջ գործոն չկա: Եվ Ռուսաստանն իր էներգետիկ դագանակով ուզում է իրեն ենթարկել ԱՊՀ ինքնիշխան երկրներին: Իսկ մենք առանց այդ դագանակի էլ, ինքնակամ ենք գլուխ խոնարհել»:

«ՀայՌուսգազարդը», սահմանից գազը 56 դոլարով Հայաստան հասցնելուց հետո, իր բաժանորդին վաճառում է կրկնակի թանկ գնով՝ 59.000 դրամով: Եվ պարզ է, որ 120 դոլարով գնելուց հետո նորից կվաճառի կամ կրկնակի կամ դրանից մի քիչ պակաս գնով: Նա էլ իր հերթին այդ կրկնակի թանկացումը կպատճառաբանի կատարելիք հսկայածավալ ներդրումներով եւ իրեն հասանելիք մի փոքր շահույթով: Սակագները կարգավորող հայրենի հանձնաժողովն էլ, իր անկախությունն ապացուցելու համար, «ՀայՌուսգազարդի» ներկայացրած գինը մի քիչ կիջեցնի ու կհաստատի: Եվ մենք էլ, լուռ ու խոնարհ, ամսվա վերջում կրկնակի գին կվճարենք: Հայաստանը ռուսներին այնքան է զիջել բոլոր հարցերում, այդ թվում` նաեւ «ֆորպոստ» լինելու առումով, որ այլեւս դադարել է իր շահերի մասին բարձրաձայն խոսել: Իսկ մեր փորձագետները նույնիսկ առաջարկում են ուրախանալ այս հանգամանքից, ավելին. նրանք գտնում են, որ մենք ինքներս պետք է Ռուսաստանից պահանջենք, որ նա Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացնի եվրոպական գների մակարդակին:

«Այո, մենք պետք է պահանջենք, որ Ռուսաստանը մեր վրայից հանի իր արտոնյալ դագանակը եւ մեզ ազատություն տա,- գտնում է Է. Աղաջանովը: -Համաձայն ենք այդ միջազգային գներին, բայց Իրան-արեւմտյան երկրներ ճանապարհին Հայաստանն անպայման պետք է լինի տարանցիկ երկիր, որ մենք տրանզիտից ստացած գումարներով կարողանանք վճարել համաշխարհային գնով ձեռք բերած գազի գնի տարբերությունը: Հավատացեք, որ այդ դեպքում մենք հավելյալ շահույթներ էլ կունենանք, ու մեր տնտեսությունը կսկսի զարգանալ: Մեզ իրական անկախություն է պետք»։