Դատի է տվել Ռուսաստանին

25/08/2011

«Ռուսական զենիթահրթիռային C-300 համակարգերը Թեհրանին մատակարարելու մասին» պայմանագիրը չկատարելու առնչությամբ Իրանը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան: «Մենք կարծում ենք, որ C-300-ի մատակարարումը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի սահմաններից դուրս չէ: Մենք հայց ենք ներկայացրել, որպեզի դատարանի որոշումը օգնի Ռուսաստանին այդ մատակարարումն իրականացնելու համար, որպեսզի Ռուսաստանն իրավաբանական հաղթաթուղթ ունենա»,- ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 22-ին ստորագրել է «2010-ի հունիսի 9-ի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1929 բանաձեւի կատարման միջոցառումների մասին» հրամանագիրը, որի համաձայն, մասնավորապես, արգելվել է Իրանին զենիթահրթիռային C-300 համակարգերի մատակարարումը: Իրանի նկատմամբ ՄԱԿ-ը, ինչպես նաեւ եվրոպական մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել այդ երկրի կողմից միջուկային զենք մշակելու առնչությամբ: ԱՄՆ-ը, եվրոպական երկրները պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակը միջուկային զենք ստեղծելն է, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները` ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում: