Մեկ ամսում 100 քուրդ է սպանվել

11/11/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ազգային փոքրամասնության 1000-ից ավելի ներկայացուցիչների պայքարը Թուրքիայի վարած քաղաքականության դեմ է: Բանն այն է, որ նոյեմբերի 20-ին ԵԽ ԽՎ-ն պետք է Աբդուլլահ Օջալանի գործի առնչությամբ վճիռ կայացնի: Քրդերն իրենց իրավունքների պաշտպանության հարցում փրկություն են համարում Օջալանի ազատությունը: Ըստ նրանց, այն բանից հետո, երբ Թուրքիայի զորքերը սկսեցին քրդերի նկատմամբ վրա բռնություններ կիրառել, քրդերը ոտքի կանգնեցին, մինչդեռ միջազգային հանրությունը լռում է: «Իսկ եվրոպական պետությունները Թուրքիայի պես հանցագործ երկրին ուզում են Եվրամիությունում անդամագրել: Թուրքիան իրավունք չունի Եվրամիության անդամ դառնալ, քանի դեռ տեռորիստ երկիր է, Թուրքիայի ռազմավարությունը քուրդ ժողովրդին հալեցնելն ու բնաջնջելն է: Մեր ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ Եվրախորհուրդը Թուրքիայից կպահանջի հարգել քուրդ ժողովրդի իրավունքները, այլապես այդ երկիրն իրավունք չունի Եվրամիություն ինտեգրվելու»,- ասում է Զեյթուն Նամոյանը: Քրդական կոմիտեի անդամ Ռուսլան Օզմանյանը զգուշացնում է, որ եթե Թուրքիան առանց քրդական հարցը լուծելու Եվրամիության անդամ դառնա, 4 պետություններում առկա 10 միլիոնանոց քրդերը ոտքի են կանգնելու եւ ամենածայրահեղ քայլերի են դիմելու:

Նրանք պնդում են, որ քրդական հարցը պիտի ընդունվի, այլապես Թուրքիայում ոտնահարվում է թե քրդերեն լեզուն, թե ազգը, թե իրավունքները: Տաղար Բրոյանն ասում է, որ այս օրերին քրդերի գերխնդիրն է` Օջալանի դատավարության արդարացի լուծումը, եւ քրդերի իրավունքների պաշտպանությունը կախված է հենց նրա ազատությունից: «Թուրքիայում քրդերի իրավունքների խիստ ոտնահարում է տեղի ունենում, ռազմական գործողություններ են կիրառվում. դա անմարդկային է: Քրդերը պահանջում են թույլ տալ քրդերեն լեզվով խոսել, իսկ նրանց առեւանգում ու ոչնչացնում են: Դուք քրդական ալիքները նայեք, տեսեք, թե ինչպես են քրդերին տեռորի ենթարկում: Թուրքիայի պես ֆաշիստ երկիրը պիտի հասկանա, որ պետք է ընդունի Քրդական համայնքի իրավունքները, Եվրախորհուրդը պիտի առաջ քաշի քրդերի հարցը, իսկ եթե ընդունի քրդերին, մենք ամենեւին դեմ չենք, որ դառնա Եվրամիության անդամ երկիր»: Հայաստանում ապրող քրդերի խոսքերով՝ Թուրքիայում քրդերեն խոսելու պարագայում մարդուն դատում են: Ներկայումս Թուրքիան արգելում է նորածիններին քրդական անուններ տալը, եւ նրա նպատակը 20 միլիոնանոց քրդերին ասիմիլյացիայի ենթարկելն է: «Քուրդիստան» կոմիտեի կովկասյան մասնաճյուղի ներկայացուցիչ Բագար Զագրոզը հայտարարում է, որ Թուրքիայում քրդերին ոչնչացնում են բոլորի աչքի առաջ: 82 տարի շարունակ Թուրքիան իր քեմալիստական գաղափարները շարունակում է, եւ կառավարությունը, հույսը դնելով ռազմական ուժի վրա, միայն վերջին ամսում 100 խաղաղ քուրդ բնակիչ է սպանել: Ամբողջ աշխարհի քրդերն իրենց հարցի լուծումը գտնում են Աբդուլլահ Օջալանի ազատության մեջ: «Քուրդիստան» կոմիտեի ներկայացուցիչն ասում է. «Մենք ուզում ենք մեր ձայնը հասցնել Եվրոպային, որպեսզի մեր հարցերը լուծելուց հետո միայն Թուրքիային ճանապարհ տան»: