«Ուզում եմ բալիկ ունենալ… սիրած տղամարդուց»,- խոստովանում է երգչուհի Լիաննան

25/08/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երգչուհի Լիաննան շատ վաղուց է երգում: «Շատ վաղուց» ասվածը կնոջ պարագայում գուցե ոչ կոռեկտ է հնչում, սակայն երգչուհին առանց բարդույթավորվելու` խոսում է նաեւ իր տարիքի մասին. «30 տարեկան եմ, սակայն երբեմն ինձ ավելի մեծ եմ զգում: Իմ կյանքն այնպիսին է եղել, որ ժամանակից շուտ եմ հասունացել»,- ասում է Լիաննան:

– 15 տարի է` բեմում ես: Երբեւէ չե՞ս զգացել, որ կրկնվում ես:

– Բնականաբար, եղել են պահեր, երբ ներքուստ զգացել եմ, որ կրկնվում եմ: Սակայն դա եւս նորմալ է: Կարեւորը` գիտակցել այդ փաստը, ֆիքսել ներսում, որպեսզի առհասարակ կյանքդ՝ լինի ստեղծագործական թե անձնական, կրկնության չվերածվի: Այս 15 տարիների ընթացքում միշտ փորձել եմ օրիգինալ լինել՝ երգարվեստում չկորցնելով իմ տեսակը: Ինձ համար շատ կարեւոր է Լիաննա ձեռագիրը:

– Իսկ ո՞րն է Լիաննա ձեռագիրը:

– Կան արտառոց (սպեցիֆիկ) ձայներ, որոնք տարբերում ես առաջին իսկ հնչյունից: Լսելով Շադեին` ոչ ոք չի շփոթի նրա ձայնը որեւէ այլ երգչուհու հետ: Բացի ձայնային տվյալներից` շատ մեծ նշանակություն ունի նաեւ երգի մատուցման ձեւը: Ինչ էլ փորձեմ երգել, միեւնույն է, «Լիաննայական» եմ երգելու:

– Երգիչների քո սերնդի ներկայացուցիչներից շատերը համեմատաբար ավելի քիչ են երեւում եթերում, քան նորաթուխ «աստղերը»: Թվում է, թե նրանք «բազմանում» են ոչ թե օրերով, այլ ժամերով:

– Ցավոք, մեր երկրում գնալով շատանում են նրանք, ովքեր աշխատում են սխալ հասցեով: Եթե մի օր մեկի խելքին հանկարծ փչում է, որ ինքը լավ շինարար կարող է լինել, չնայած, որ կյանքում մի մեխ անգամ չի մեխել, ապա նա առանց երկար-բարակ մտածելու, հայտարարում է, որ պատրաստ է տունդ «եվրոռեմոնտ» անել: Եվ եթե վստահես նրա «100%»-անոց խոսքին, տանիցդ միայն ավերակներ կմնան: Ինքնակոչ մասնագետները շատ են բոլոր բնագավառներում: Եվ երաժշտությունը բացառություն չէ: Վատորակ երգիչն ու նրա անճաշակության համատարած քարոզչությունը եթերով կարող է ավերել մի ամբողջ սերնդի ճաշակ: Եվ այն դժվար է «վերանորոգվում»: Պարզապես յուրաքանչյուր ոք պետք է իր գործով զբաղվի:

– Եթե չերգեիր, ի՞նչ մասնագիտություն կընտրեիր:

– Իմ գերդաստանի ներկայացուցիչները՝ մի կողմից` բժիշկներ են, մյուս կողմից՝ երաժիշտներ: Բոլորը ենթադրում էին, որ բժշկուհի եմ դառնալու: Իսկ քրոջս համար «կանխատեսում» էին երգչուհու կարիերա: Արդյունքում` եղավ հակառակը: Քույրս բժշկության ոլորտում է աշխատում, ես ՝ բեմում եմ: Քույրս մինչ օրս էլ հիանալի երգում է: Ամեն դեպքում, որքան էլ փոքր ժամանակ ասում էի, որ բժիշկ եմ դառնալու, միեւնույն է, գիտակցում էի, որ պարզապես կրկնում եմ մեծահասակների կարծիքը: Իրականում ես միշտ պատկերացրել եմ ինձ բեմում. եթե չերգեի, ապա կպարեի կամ հանդես կգայի որպես դերասանուհի: Հաստատ բեմի մարդ կլինեի:

– Հարսանիքներին ելույթ ունենալիս երբեւէ չե՞ս վիրավորվել այն հանգամանքից, որ քո երգելու ընթացքում «հանդիսատեսը» ստամոքսը լցնելով է զբաղված:

– Սկզբնական շրջանում շատ դժվար էր այդ իրականության հետ համակերպվելը: Ծանր է յուրաքանչյուր երգչի համար, երբ լուրջ բեմից հանկարծ հայտնվում ես դահլիճում, որտեղ քո կատարման ժամանակ մարդիկ ոչ թե քեզ են նայում, այլ իրենց ափսեի պարունակությանը: Սակայն, մյուս կողմից, պետք է կարողանալ հարցին երկու կողմից նայել: Չէ՞, որ ես եւս կարող եմ լինել հանդիսատեսի շարքում՝ իմ հարազատի տոնակատարության ժամանակ, իսկ բեմում այդ պահին կարող է երգել ընկերներիցս մեկը, ով իր կատարմամբ էլ ավելի գեղեցիկ եւ հետաքրքիր կդարձնի մեր տոնը: Երգչի ուժը կայանում է նրանում, որ իր երգն այնպես կատարի, որպեսզի խնջույքին ներկա յուրաքանչյուր ոք մոռանա ուտելու մասին եւ միայն երգով տարվի:

– Թվում է, թե հեռու ես շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից կազմակերպվող տարաբնույթ «տուսովկաներից»: Իրականում հեռո՞ւ ես, թե՞ քեզ ներս չեն թողնում իրենց գլամուրային թիմ:

– Ես միաժամանակ եւ բարդ, եւ հեշտ անձնավորություն եմ: Բարդ եմ վատ դերասանություն անող՝ ստախոսների, քծնողների եւ երկերեսանիների համար: Ես չեմ ընդունում միջին կարգի հարաբերությունները: Կամ սիրում եւ նվիրվում եմ մարդուն, կամ չեմ ընդունում եւ ոչ էլ ձեւացնում եմ, թե աչքիս լույսն է: Ով ուզում է լինել՝ անգամ քույրս, ով ինձ համար ամենա-ամենան է, եթե սխալ է, ասում եմ՝ սխալ է: Վերջերս մի երգչուհի, չեմ ուզում նշել անունը, իր նոր ձայնագրությունը հանձնել էր ինձ, որ լսեմ ու հայտնեմ կարծիքս: Ախր, շատ վատն էր: Ինչպե՞ս չասեմ նրան այդ մասին: Ընկերներս երբեմն կատակում են՝ ասելով. «Մի օր կգտնվի մեկը, ով քո անկեղծության պատճառով մարդասպան է վարձելու եւ վերացնելու է քեզ»:

– Իսկ ո՞ւմ է պետք քո անկեղծությունը:

– Ինձ: Երբ զգամ, որ ստում կամ քծնում եմ` կդադարեմ հարգել ինձ:

– Այն օրվանից, ինչ պարզ դարձավ, որ «Եվրատեսիլ 2012»-ը տեղի է ունենալու Ադրբեջանում, թվում էր, թե մեր երգիչներից շատերն այլեւս առաջվա աշխուժությամբ չեն պայքարելու այդ մրցույթի համար: Չե՞ս ցանկանա նույն անկեղծությամբ ելույթ ունենալ Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլում»:

– Ընկերներս մշտապես ինձ հարցնում էին, թե ե՞րբ եմ ես ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլում»: Ասեմ, որ երբեւէ լուրջ նշանակություն չեմ տվել այդ մրցույթին, քանի որ այն բացահայտ քաղաքականացված, շատ թանկ միջոցառում է, որտեղ յուրաքանչյուր երկիր քվեարկում է իր հարեւանի օգտին: Միշտ կատակում էի, ասելով` «Երբ մի օր հանկարծ որոշվի, որ «Եվրատեսիլն» անցկացվելու է Թուրքիայում կամ Ադրբեջանում, մեր կազմակերպիչները միանգամից ինձ են հիշելու»: Թարսի պես իմ ասածն էլ ասած ա: Այնքան կատակեցի, որ այս տարի Ադրբեջանը տարավ հաղթանակը:

– Որտե՞ղ է ավելի երկամտաբեր երգելը՝ համերգների՞ն, թե՞ կորպորատիվ երեկոներին:

– Ով որ կասի, որ համերգից ավելի շատ գումար է աշխատում, քան կորպորատիվներում երգելիս, վստահ եղեք, որ բացահայտ սուտ է խոսում:

– Երբեւէ պատահե՞լ է, որ համաձայնել ես երգել հարսանիքի ժամանակ, եւ հայտնվելով միջոցառման «կիզակետում», հասկացել ես, որ սխալվել ես՝ համաձայնելով երգել տվյալ մարդկանց համար:

– Լինի ակումբ, ռեստորան թե համերգասրահ, միշտ աշխատել եմ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել իմ գործին: Գետնից անգամ 5 սմ բարձր հարթակն ինձ համար բեմ է: Եթե ես համաձայնել եմ երգել, ուրեմն ես հարգում եմ այդ բեմն ու այդ մարդկանց: Ես կյանքում «գռդոն» չեմ անում:

– Հարսանիքների ժամանակ այցելուների մեջ լինում են նաեւ մարդիկ, ովքեր մի քանի բաժակից իրենց կորցնում են, եւ նրանց համար արդեն միեւնույն է` բեմից «Մուռկա՞» են երգում, թե՞ «Երեւան»:

– Անկեղծ եմ ասում, ինձ հետ նման դեպք մինչ օրս չի պատահել: Երբ ես երգում եմ` ինձ լսում են: Ինձ մշտապես հարգանքով են վերաբերվել:

– Որքա՞ն արժե քո ելույթը հարսանիքներին:

– Ես ստույգ, անփոփոխ գնով չեմ երգում հարսանիքներին: Շատ են եղել դեպքեր, երբ ինձ հրավիրողի ձայնից հասկացել եմ, որ մարդն ի սրտե ցանկանում է, որ երգեմ իրենց հարսանիքին, սակայն հնարավորություն չունի մեծ գումարներ վճարելու: Ես համաձայնել եմ: Անգամ եղել են դեպքեր, որ ելույթից հետո ընդհանրապես հրաժարվել եմ գումարից եւ իմ կատարումները որպես նվեր եմ մատուցել: Մի անգամ կարաոկե բարում նստած էինք ընկերներիս հետ: Ինձ տեսնելով` այցելուներից մեկը այնպես սկսեց խնդրել ինձ կատարել «Երեւան» երգը, որ չէի կարող հրաժարվել: Մեծ հաճույքով երգեցի: Վերջում այդ այցելուն անակնկալ մատուցեց ինձ: Երեք անձի համար դեպի Եգիպտոս ուղեգիր նվիրեց: Հանգիստ՝ 5-աստղանի հյուրանոցում:

– Անվճար երգելով` տուն չես պահի:

– Ես չեմ ասում, թե միայն անվճար եմ երգում: Պարզապես ամեն ինչ տեղի է ունենում ըստ իրավիճակի: Ես կարողանում եմ վաստակել այնքան, որ երկու տուն եմ գնել, ամենաթանկ կահույքն եմ գնել: Ուզում եմ, որ իմ հարազատ մարդիկ ապրեն ամենալավ տան մեջ ու ամեն հարցում ունենան լավագույնը: Իսկ ես վարում եմ ոչ այդքան թանկ մեքենա: Ես սիրում եմ իմ մեքենան: Պարտադիր չէ, որ «Jeep» վարեմ, որ տեսնողն ասի` «Լիաննան ա…»: Երկաթի կտորով չէ, որ ինձ պետք է հարգեն: Իմ հանդեպ հարգանքը ես վաղուց եմ ձեռք բերել՝ շատ ավելի արժեքավոր հիմքերով, քան թանկարժեք մեքենան է կամ հեռախոսը:

– Ի՞նչն է քեզ խանգարում տղամարդկանց հետ հարաբերություններում:

– Երբեւէ ոչինչ չի խանգարել տղամարդկանց հետ շփման հարցում: Ես 90 կգ էի, բայց ամենագեղեցիկ եւ առնական տղամարդիկ միշտ հետաքրքրվել են ինձնով:

– Ինչո՞ւ նշեցիր հատկապես 90 կգ լինելդ:

– Դե, շատերի մոտ տարածված կարծիք կա սովորականից մի քիչ գեր մարդկանց մասին: Գաղտնիք, չէ, որ ասում են. «Չաղ է, ո՞վ պետք է նրան ուզի»: Բայց ես երբեք տղամարդկանց ուշադրության պակաս չեմ զգացել: Եղել եմ այնպիսին, ինչպիսին կամ՝ առանց ավելորդ ձեւականությունների:

– Ամուսնանալու ցանկություն ունե՞ս:

– Ունեմ: Շատ եմ ուզում երեխա ունենալ: Բալիկ եմ ուզում ունենալ իմ սիրած տղամարդուց:

– Ամուսնու եւ հետեւաբար` ապագա երեխայի հոր թեկնածու կա՞:

– Այո, կա մեկը: Նա շատ լավն է: Ես նրան շատ եմ սիրում: Նա կարող է լինել իմ ամուսինն ու իմ երեխայի հայրը: Շատ եմ ուզում զգալ մայրության բերկրանքը:

– Իսկ ինչի՞ն եք սպասում:

– Ես եւ քույրս առանց հայր ենք մեծացել: Մայրս է մեզ միայնակ մեծացրել՝ «100 տեղ» աշխատելով՝ այն մութ եւ ցուրտ տարիներին: Երբ երեխան մեծանում է առանց որեւէ մի ծնողի, նա ներքուստ «հաշմանդամ» է: Ես իմ մասին եմ խոսում, որ հանկարծ որեւէ մեկը չվիրավորվի: Այդ առումով ես միշտ կիսատ եմ եղել, զգացել եմ հոր բացակայությունը: Չի եղել հոր սերը, հոգատարությունը, քնքշանքը, ինչո՞ւ չէ, նաեւ հայրական խստությունը, որը պետք է լիներ, սակայն չկար… Հայրս մեզ թողել ու հեռացել է: Նա անգամ տեղյակ էլ չի եղել, թե ինչպե՞ս ենք մեծացել, ի՞նչ ենք կերել, ի՞նչ ենք հագել… Հորս բացակայության պատճառով ես ինձ թերի եմ զգացել: Չեմ ցանկանա, որ իմ երեխան եւս իրեն թերի զգա այդ առումով: Դա է պատճառը, որ ուզում եմ լիարժեք վստահ լինել ամուսնանալու եւ մայրանալու իմ որոշման մեջ: Ավելի լավ է երբեք չզգամ մայրության բերկրանքը, քան իմ շտապելու եւ էգոիզմի պատճառով երեխաս երբեւէ իրեն թերի զգա: