1998 թվականին, երբ «ԱրմենՏելի» 90 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը մենաշնորհային իրավունքով դարձավ հունական OTE-ն, ընկերությունն ուներ մոտ 12.000 աշխատակից: Անընդհատ տեղի ունեցող կրճատումների արդյունքում ընկերությունն այսօր ունի ընդամենը 5388 աշխատող: Աշխատակիցների ասելով` այս կրճատումների մի մասն ունեցել են սուբյեկտիվ պատճառներ. երկու մասնագետներից մեկին ազատել են, իսկ մյուսին աշխատեցրել երկու հոգու փոխարեն եւ վճարել մեկ դրույքի համար: Անընդհատ դժգոհություններ են եղել, թե հույն ղեկավարները հայ բարձրակարգ մասնագետներին գործից ազատել են, եւ փոխարենը Հունաստանից, իբր թե, ավելի բարձրակարգ մասնագետներ են բերել եւ նրանց աշխատավարձը տասնապատիկ բարձր են նշանակել: Այդ հույն մասնագետները մի քանի ամիս աշխատելուց հետո խափանել, փչացրել են ինչ-որ մի համակարգ, ծրագիր եւ հեռացել են: Իսկ հայ մասնագետները ստիպված են եղել գործն ավարտին հասցնել անհամեմատ ավելի ցածր վարձատրության դիմաց:
«Պայմանագրային հիմունքներով աշխատող հույների օրական վարձատրությունն ավելի բարձր է եղել, քան մեր ամսական աշխատավարձը,- ասում է այդ բաժնի աշխատակից Հարություն Խառատյանը: -Այդպես նրանք վերացնում են հայ բարձրակարգ մասնագետներին ու մեր բաժանորդների հաշվին ստացած շահույթը բաժանում իրար մեջ: Ավելին, հույները տարբեր հիմնարկներից բարձրակարգ մասնագետներին` բարձր աշխատավարձով գայթակղելով, բերում են «ԱրմենՏել», մի քանի ամիս աշխատեցնելուց հետո գործից ազատում են: Եվ այդ մասնագետը կամ դառնում է գործազուրկ, կամ էլ Հայաստանից հեռանում է»:
Ու այդպես` 8-9 տարի շարունակ: Երբ այս դժգոհությունների մասին մեր պետական այրերի մոտ հարց է բարձրացվել, նրանք պատասխանել են, թե «ԱրմենՏելը» մասնավոր ընկերություն է եւ իրավունք ունի ինքնուրույն վարել իր կադրային քաղաքականությունը: Եվ հույն ղեկավարների կամայականություններից առաջացած դժգոհությունը կարծես ավելի է լրջանում: Ընկերության Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի 43 աշխատողներ սպառնում են նոյեմբերի 17-ին գործադուլ անել, եթե մինչեւ այդ իրենց պահանջները չկատարվեն: Նրանք պահանջում են ազգային կողմնապահության եւ ընկերության միջոցների ոչ նպատակային օգտագործման համար պաշտոնից ազատել բաժնի տնօրեն Ջորջ Կուլոգիանիսին: Աշխատակիցների ասելով` «ԱրմենՏելի» Տնօրենների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի իր գործելաոճը, որն ընկերությանը տանում է քայքայման: Իսկ ընդհանուր քաղաքականությունը տարվում է այն ուղղությամբ, որ համակարգերի կառավարումն իրականացնեն Հունաստանում եւ ամբողջ միջոցները Հայաստանից դուրս հանեն՝ խուսափելով տեղական հարկային ու ներդրումային պարտականություններից: Եվ զարմանալի է, որ ընկերության Արհմիության կոմիտեի նախագահ Ռաֆիկ Վարդանյանը պաշտպանում է ոչ թե աշխատակիցներին, այլ ղեկավարությանը: Նրա ասելով` «ԱրմենՏելի» աշխատակիցները ստորագրել են կոլեկտիվ պայմանագիր, որի առկայության դեպքում գործադուլն արգելվում է:
«Մինչեւ երեկ ոչ մի կոլեկտիվ պայմանագիր չի եղել, դա նոր բան է»,- ասում է Հարություն Խառատյանը:
Իսկ այս օրերին պաշտոնական այցով Հունաստանում են գտնվում նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը: