«Ջեյնս» ամսագրում հրապարակված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ վերացնելու Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության անհամաչափությունը: Նրա ասելով, Միացյալ Նահանգների օրենսդրությունը պահանջում է ԱՄՆ կողմից անվտանգության օժանդակության ծրագրերի շրջանակներում «Արտաքին ռազմական ֆինանսավորման» (FMF) համաչափ գումարների տրամադրումը Հայաստանին եւ Ադրբեջանին: Բայց, նկատի ունենալով ԱՄՆ կողմից Ադրբեջանում իրականացվող 7 տարի տեւողությամբ եւ 80 միլիոն դոլար արժողությամբ «Կասպից Ծովի սահմանների պաշտպանության նախաձեռնություն» ծրագիրը` Հայաստանը կարծում է, որ նա պետք է ստանա համեմատաբար ավելի լայն օժանդակություն. նշել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Ս. Սարգսյանն այս հարցը բարձրացրել է նաեւ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդի հետ հանդիպման ժամանակ. «Եթե համաչափությունը խախտված է նույնիսկ 50 հազար դոլարով հօգուտ Ադրբեջանի, ապա դա կարող է դիտվել որպես այդ երկրի խրախուսում»:
ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ Ս. Սարգսյանին հավաստիացրել են, որ FMF ծրագրի համաչափությունը կպահպանվի 2006թ. ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեում, որի շուրջ քննարկումները Կոնգրեսում ներկայումս ավարտվում են: «Կասպից Ծովի ծովային սահմանների անվտանգությունը» ծրագիր է, որի նպատակն է կառուցել Կասպից Ծովի շուրջ Ադրբեջանի եւ Ղազախստանի ծովային սահմանների վերահսկման, հրամանատարության-վերահսկողության եւ արագ արձագանքման կարողությունները: