Քանի դեռ ընդդիմության առաջնորդը Լ. Տեր-Պետրոսյանն է, Ս. Սարգսյանը լինելու է իշխանության

18/08/2011

«Ես հակառուսական հեղափոխության կողմնակից եմ եւ 2013 թվականին ամեն ինչ անելու եմ, որպեսզի Հայաստանում այդ գունավոր հեղափոխությունը տեղի ունենա, ու ձերբազատվենք նման քաղաքական ուժերից ու աշխարհայացքից»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, ասել է Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: «Հիմա խոսում են լեգիտիմ իշխանության վերականգնման մասին: Ես չեմ ուզում Հայաստանում այս իշխանությունը լեգիտիմանա: Եթե ասված է, որ այս իշխանությունը մոնղոլ-թաթարական է, ավազակապետական է` դրա լեգիտիմը ո՞րն է: Այն, որ ամբողջ աշխարհն իմանա, որ հայ ժողովուրդը գնացել է, առանց կեղծիքների մոնղոլ-թաթարական կամ ավազակապետական իշխանությո՞ւն է ընտրել: Ես դա չեմ ուզում, իրե՞նք են ուզում, թող իրենց բազում ձայներով գնան ու այդ լեգիտիմությունն ապահովեն»,- ասել է Շանթ Հարությունյանը: Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի` «ով ուզում է, թող լեգիտիմությունն ապահովի» արտահայտությամբ, նա պատասխանել է. «Իշխանություններն ուզում են, որ նորից վերընտրվեն, բայց լեգիտիմ լինի, չգնան մարդ ծեծեն, ջարդուփշուր չլինի: Դրա համար բոլոր ուժերի հետ երկխոսության են գնում: ՀԱԿ-ն էլ է ուզում, որ լեգիտիմ իշխանություն լինի, ու ասում է, որ կողջունի լեգիտիմ ընտրված նախագահին: Ասում են` դե լավ, մոնղոլ-թաթարական ես, ինչ ես, բայց գոնե արդար եղիր, մարդ մի ծեծի, ես ծափ կտամ: Ես ծափ չեմ տալիս: Ես դեմ եմ այդ լեգիտիմացմանը, ինքս հակալեգիտիմ պայքարի կողմնակից եմ: Իմ պայքարը այս իշխանության եւ լեգիտիմ իշխանությունների դեմ է լինելու: Ես չեմ ուզում Հայաստանում լեգիտիմության համար պայքարել: Ամեն ինչ պետք է փոխել ծայրից ծայր»: Խոսելով արտահերթ ընտրությունների հավանականության մասին, Շ. Հարությունյանն ասել է, որ եթե դա տեղի ունենա, ապա պայմանավորված է լինելու ոչ թե ՀԱԿ-իշխանություն երկխոսությամբ, այլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքով: «ԼՂՀ հիմնահարցի կարգավորման համար Սերժ Սարգսյանը ժամանակ ձգելու անհրաժեշտություն է ունենալու, եւ եթե կարողանա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` երեք ամիս կշահի, իսկ տարեվերջին էլ Վրաստանի օրինակով նախագահական ընտրություններ կանցկացնի: Եվ բնական է, որ նորից ինքը կվերընտրվի…. քանի դեռ Հայաստանի ընդդիմության առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, Սերժ Սարգսյանն է լինելու իշխանության»,- հայտարարել է Շ. Հարությունյանը։