Մեկ ամիս անց

18/08/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այսօր լրանում է ՀԱԿ-իշխանություն երկխոսության մեկնարկի մեկ ամիսը: Հուլիսի 18-ին առաջին անգամ ընդդիմության եւ իշխանության պատվիրակությունները ձեռք սեղմեցին եւ նստեցին երկխոսության սեղանի շուրջ: Այն ժամանակ քննարկման օրակարգում ընդգրկվեց 2 հարց` արտահերթ ընտրությունների հարցը` ՀԱԿ-ի կողմից, եւ «քաղաքակիրթ քաղաքական մրցակցության փոխադարձ ընդունելի կանոնների մշակումը»` իշխանությունների կողմից: Իշխանությունները համաձայնեցին քննարկել արտահերթ ընտրությունների թեման: Եվ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն առաջին հանդիպումից հետո հայտարարեց, թե «եթե մինչեւ սեպտեմբեր որեւէ արդյունք չլինի` արտահերթ ընտրությունների վերաբերյալ կողմնորոշվելը, կհամարենք երկխոսության հնարավորությունները սպառված»: Որոշակի շրջանակներում միանգամից աննախադեպ որակվեց երեւույթը, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արտախորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունները վերջապես երկխոսության են գնում: Հետո որոշում ընդունվեց հանդիպել շաբաթը 2 անգամ, եւ թվում էր, թե այսքանից հետո դեպքերն ու քննարկումները սրընթաց զարգացում են ունենալու, հատկապես, որ սեպտեմբերն էլ սարերի ետեւում չէ: Սակայն այսօր երկխոսությունը կարծես թե ավելի դանդաղ ընթացք է ստացել: Դրան «նպաստեց» օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստների կալանավորումն ու նրանց նկատմամբ մեղադրանքների առաջադրումը: Ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել կալանավորված երիտասարդներին, հետո նոր շարունակել երկխոսությունը: Թեեւ այդ հայտարարությունից հետո հանդիպել է իշխանական պատվիրակության հետ եւ ուրբաթ օրը նորից հանդիպելու են: Արդյունքում, սակայն, չի ամբողջանում երկխոսության համար ընդդիմության գլխավոր` արտահերթ ընտրությունների հարցը: Իսկ սեպտեմբերին մնացել է ընդամենը 2 շաբաթ:

Ի՞նչ են պատրաստվում անել, նորից շարունակելո՞ւ են գործընթացը, թե՞ դադարեցնելու են այն: ՀԱԿ-ի պատվիրակության անդամներից որեւէ մեկը երեկ մեր այս հարցին չցանկացավ պատասխանել` պատճառաբանելով, որ նախորդ հանդիպման ժամանակ պատվիրակությունները պայմանավորվել են երկխոսության մասին մինչեւ ուրբաթ որեւէ հայտարարություն չանել: Թեեւ իրականում նախօրեին հրապարակված հայտարարության համաձայն, ՀԱԿ-ի եւ իշխանական պատվիրակության անդամները պայմանավորվել են հայտարարություններ չանել ոչ թե երկխոսության ընթացքի, այլ օգոստոսի 9-ի միջադեպի վերաբերյալ: Ի տարբերություն ՀԱԿ պատվիրակության անդամների, իշխանական պատվիրակության անդամներն առանձնապես չեն «կաշկանդվում» հայտարարություններ չանելու վերաբերյալ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությամբ: Երեկ կոալիցիոն պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը հայտարարել է, թե նախօրեին ՀԱԿ պատվիրակության անդամների հետ կայացած հանդիպման ընթացքում Կոնգրեսի կալանավորված ակտիվիստներին ազատ արձակելու հարցը չի քննարկվել: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք անդրադարձել են ՀԱԿ երիտասարդներին ազատ արձակելու խնդրին, Գ.Մինասյանն ասել էր. «Իհարկե, ոչ` դա իրավաբանական ոլորտում գտնվող հարց է»: «Մենք պայմանավորվել ենք քննարկման մասին առայժմ որեւէ մեկնաբանություն չանել: Ցավում եմ, եթե իսկապես այդ պայմանավորվածությունը խախտվել է, առավել եւս` եթե տրվել է նման ապատեղեկատվություն»,- երեկ Գ.Մինասյանին հակադարձել է Լ.Զուրաբյանը: ՀԱԿ ներկայացուցիչներից երկխոսության ընթացքի վերաբերյալ երեկ մեզ հաջողվեց խոսել միայն «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի հետ: «Փակուղի չէ, որովհետեւ վերջին հաշվով փակուղին կստեղծվի, եթե կողմերից մեկնումեկը քաղաքական որոշում ընդունի: Սակայն զուտ պրոցեսի առումով բավականին երկար դիմադրությունից հետո նորմալ գործընթաց է փոխադարձ պահանջներ, ծրագրեր ներկայացնելու տեսակետից»,- ասում է նա: Սեպտեմբերը մոտենում է, ու իշխանությունները կարծես թե չեն շտապում հայտարարել արտահերթ ընտրությունների մասին: «Արտահերթ ընտրությունները մեզ համար ինքնանպատակ չեն,- ասում է Ս.Աբրահամյանը` ավելացնելով,- Մենք չենք ասում, թե այս իշխանությունները շատ վատն են, իսկապես վատն են, եւ մենք փոխարինենք: Սարսափելի է հասարակության դեգրադացումը, որ պեդոֆիլի համար 2500 ստորագրություն են հավաքում: Հայ ժողովուրդ, խելագարվելու բան է: Աֆրիկայում, էն մարդակերների մոտ նույնիսկ այդ պեդոֆիլին կուտեին եւ ոչ թե ստորագրություն կհավաքեին: Հասարակությունը ողբալի վիճակում է: Այդ վիճակից դուրս գալու ելք մենք տեսնում ենք օրինական իշխանությունների ձեւավորումով: Դրա հետ միասին սոցիալական ծանր վիճակը, Ղարաբաղի հարցում աշխարհին մեր դեմ ենք հանել: Այդ հարցերի լուծման ճանապարհը օրինական իշխանությունների ձեւավորումն է: Այս իշխանությունը պետք է մտածի այդ մասին»:

Հիշեցնենք, որ վաղը տեղի է ունենալու ՀԱԿ-իշխանություն 6-րդ հանդիպումը, որի ընթացքում հավանաբար պարզ կդառնա երկխոսության հետագա ճակատագիրը: