Խուճուճ պատմություն

18/08/2011

Մամուլում բազմիցս գրվել է, որ ամիսներ առաջ «Օրինաց Երկիր» կուսակցությանը (ՕԵԿ) անդամագրված Տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո) տարբեր միջավայրերում հայտարարել է ՕԵԿ համամասնական ցուցակով իր պատգամավոր դառնալու մասին: Իսկ նրա որդին` Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հանրապետական կուսակցության Էրեբունիի տարածքային կառույցի փոխնախագահ Արման Մադաթյանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարել էր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում` ասելով, որ իր այդ մտադրությունը պետք է համաձայնեցվի կուսակցության ղեկավարության հետ: Ի դեպ, նույն ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ Էրեբունիի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը, ով բավական լուրջ հեղինակություն ունի համայնքում, եւ ում հետ Մադաթյանները խնամիական կապի մեջ են:

Մեր տեղեկություններով` Էդ. Մադաթյանը տարբեր շրջանակներում ասել է, որ իր` պատգամավոր դառնալու հարցը վաղուց համաձայնեցրել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, իսկ որդու` մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու համար «դաբրո» է ստացել անձամբ նախագահ Սերժ Սարգսյանից: Այս խոսակցությունները հասել են Սերժ Սարգսյանին, ով արձակուրդ մեկնելուց առաջ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին կարգադրել է ՕԵԿ անդամ Է. Մադաթյանին տեղեկացնել, որ ոչ ինքը, ոչ էլ նրա որդին պատգամավոր չեն դառնալու` ոչ ցուցակով, ոչ էլ` մեծամասնական ընտրակարգով: Ըստ նույն աղբյուրների` Ա. Բաղդասարյանը խուսափել է Է. Մադաթյանին անձամբ հայտնել այդ լուրը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանին է փորձել հանձնարարել այդ մասին տեղեկացնել Մադաթյանին: Սակայն Երիցյանը հրաժարվել է: Այնպես որ` Մադաթյանին այս մասին դեռ ոչ ոք ոչինչ չի ասել:

Ըստ ԶԼՄ հրապարակումների` առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փոփոխություններ է կրելու Էրեբունի վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքի քարտեզը, որպեսզի այդտեղ առաջադրվելու հնարավորություն ունենան միանգամից մի քանի թեկնածուներ: Ըստ այդ հրապարակումների` Էրեբունիի մի ընտրատարածքում առաջադրվելու է Մհեր Սեդրակյանը, մյուսում` Էդուարդ Մադաթյանի որդին:

Ի դեպ, ՕԵԿ վարկանիշը վերջին տարիների ընթացքում, հատկապես վերջին շրջանում այնքան է ընկել, որ նույնիսկ նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ով մտադիր էր համալրել ՕԵԿ շարքերը եւ նրանց համամասնական ցուցակով դառնալ պատգամավոր, վերջերս հրաժարվել է այդ ցանկությունից: Նա եւս հասկացել է, որ ՕԵԿ-ում չի կարող հաջողություն ունենալ (հատկապես Էջմիածնում ՕԵԿ վարկանիշը գրեթե զրոյական է), առավել եւս, որ ՕԵԿ-ը, ամենայն հավանականությամբ, առանձին ցուցակով չի մասնակցի ԱԺ առաջիկա ընտրություններին: