Հինգ տարի է մնացել

11/11/2005

Ղարաբաղյան հակամարտության լուծմանը մնացել է առնվազն հինգ տարի, քանի որ այդ ընթացքում իրավիճակը Մերձավոր Արեւելքում արմատական փոփոխություններ կկրի, եւ ոչ մի երկիր չի ցանկանա տարածաշրջանում թողնել չկարգավորված հակամարտության օջախ, մինչ այդ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա միջազգայնորեն ընդունելի իրավական կարգավիճակ: Մոսկվայում «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտ» Զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթի արդյունքների համաձայն` հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Գլեբ Պավլովսկին:

«Դա դժվար խաղ կլինի, որի ժամանակ բոլոր կողմերը, այդ թվում՝ Ռուսաստանը, ստիպված կլինեն բացելու իրենց խաղաթղթերը»,- հայտարարել է քաղաքագետը: Նրա խոսքով, այսօր միջազգային իրավունքը սկսել է առաջնահերթություն տալ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքին, սակայն դա` այն հակամարտությունների դեպքում, որոնք տեղի չեն ունենում ԵՄ կազմում, դա չի վերաբերում ո՛չ բասկերին, ո՛չ քվեբեկցիներին: «Միջազգային հանրությունը գերակայությունը տալիս է ինքնորոշման իրավունքի սկզբունքին, օրինակ՝ Արեւելյան Թիմորին, որը հեռու է Եվրոպայից: Եվրոպական հանրությունը նույնիսկ ինչպես հարկն է չի կարող բացատրել իր դիրքորոշումն Արեւելյան Թիմորի հարցի առնչությամբ»,- նշել է Պավլովսկին: Ըստ որում, նա ընդգծել է, որ տվյալ միտումից հազիվ թե կարողանա օգտվել Լեռնային Ղարաբաղը, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանը գտնվում է Եվրոպայի ոչ միայն քաղաքական, այլեւ` տնտեսական շահերի սահմանագծում: Նա նաեւ նշել է, որ չնայած Ռուսաստանի ձգտմանը՝ հակամարտության գոտում չի հաջողվի ստատուս-քվո պահպանել երկար ժամանակ, քանի որ ԱՄՆ-ը ներկայումս ցանկանում է ապասառեցնել հակամարտությունը՝ արդյունքում դրա լուծումը գտնելու համար: «Հաշվի առնելով դա, հայկական կողմը պետք է փորձի հակամարտության շուտափույթ լուծում գտնել, հակառակ դեպքում` հակամարտության կարգավորման գործընթացին կարող են միջամտել հաճախ այդ հարցին անիրազեկ միջազգային ուժեր, ինչպես դա տեղի ունեցավ Իրաքում»,- հայտարարել է Գ. Պավլովսկին: Նա նաեւ կանխատեսել է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ակտիվացում Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններից հետո, երբ իշխանություններն ավելի ուժեղ մանդատ կունենան, եւ ընդդիմության գործոնը պակաս գործուն կլինի: