Հայկական կապիտալի՝ դեպի Վրաստան արտահոսքի մասին լուրերն այս տարվա սկզբին բոլորի ուշադրության կենտրոնում էին։
Վրացական կողմի տարածած այն տեղեկությունը, թե տարվա սկզբից ի վեր 100-ից ավելի հայկական ընկերություններ են հաստատվել Վրաստանում, մեզ մոտ դարձավ բուռն քննարկման առարկա։ Անգամ սկսեցին լուրեր պտտվել, որ իրենց կապիտալը ցանկանում են հարեւան երկիր տեղափոխել նաեւ խոշոր բիզնեսմենները (օրինակ, նման խոսակցություններ կային Հրանտ Վարդանյանի վերաբերյալ, թեեւ վերջինս հետո հերքեց այդ լուրերը)։
Մի խոսքով՝ կապիտալի արտահոսքի մասին լուրերն այնքան ակտիվացան, որ կառավարությունն անգամ հարկ համարեց հատուկ անդրադառնալ դրան։ Փետրվարին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ընդհանրապես «չափազանց չափազանցված» համարեց դեպի Վրաստան հայկական կապիտալի տեղափոխման մասին լուրերը՝ նշելով, որ Հայաստանից ընդհանրապես չնչին չափերի կապիտալի արտահոսք կա: Նախարարը նաեւ բացատրել էր, թե ինչ է տեղի ունենում. «Երբ կապիտալը մեծանում է, իր ծագման երկրում շուկան նեղանում է, ապա սովորաբար որոշակի ներդրումներ է արվում հարեւան երկրներում, այսինքն` նոր շուկաներ է փնտրում: Դա նորմալ երեւույթ է ցանկացած փոքր տնտեսություն ունեցող եւ զարգացող տնտեսություն ունեցող երկրների համար»։ Եվ վերջապես, ըստ Տ. Դավթյանի, չարժե անհանգստանալ, քանի որ անգամ Հոլանդիայի եւ Բելգիայի նման երկրներից շատ ակտիվ կապիտալի արտահոսք է տեղի ունենում: Նշելով, որ օտարերկրյա ներդրումները Հայաստանում տարեկան հասնում են 1 մլրդ ԱՄՆ դոլարի՝ նախարարն ասել էր. «Բայց դա էլ ինչ-որ երկրներից է դուրս գալիս չէ՞, որ հասնում է Հայաստան: Եվ այդ երկրներում դա խուճապ չի առաջացնում»։
Կապիտալի արտահոսքի մասին այժմ այդքան բուռն քննարկումներ չեն ընթանում։ Ոչ թե այն պատճառով, որ նախարարը բոլորին համոզեց, թե ամեն ինչ նորմալ է, այլ պարզապես համակերպվեցին այն մտքի հետ, որ Վրաստանում բիզնես միջավայրն ավելի լավն է, եւ վերջ։ Իսկ Տ. Դավթյանի՝ ամիսներ առաջ ասված այս խոսքերի մասին էլ կրկին չէինք հիշի, եթե երկու օր առաջ մամուլում չհայտնվեր հետեւյալ տեղեկությունը. «Վրաստանն ու Հայաստանը ստորագրել են ներդրումների պահպանման եւ խրախուսման մասին համաձայնագիր: Համաձայնագիրն ուժի մեջ է լինելու 10 տարի… Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության տվյալներով, ըստ համաձայնագրի, կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է խրախուսել եւ բարենպաստ պայմաններ ստեղծել իր տարածքում` մյուս կողմի ներդրումների համար: Եթե երկրում ստեղծվի ֆորս-մաժորային իրավիճակ, ապա տվյալ կողմը պետք է տրամադրի փոխհատուցում»։
Այսինքն` տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ այնքան լավ է, կապիտալի արտահոսքի մասին լուրերն այնքան չափազանցված են, որ հարկավոր է դեռ մի բան էլ լրացուցիչ պայմաններ ստեղծել՝ հայկական բիզնեսի՝ Վրաստանում լավ զգալու համար։
Իսկ ինչպիսի՞ն է վիճակը փոխադարձ ներդրումների առումով, եւ կարո՞ղ ենք արդյոք այդքան «արխային» լինել։
Սկսենք թվերից։ Նախ՝ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները տարեկան մեկ միլիարդ դոլարի չեն հասել։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2008 թվականին՝ 935 միլիոն դոլար։ Սակայն էականը դա չէ։ Ավելի զարմանալի ցուցանիշ կա, որ մեր պետական պաշտոնյաները, ի դժբախտություն իրենց, երեւի չգիտեին, այլապես կնշեին որպես փաստարկ։
Այսպես, Վրաստանի Ազգային վիճակագրական գրասենյակի տվյալներով՝ 2006 թվականին Վրաստանի տնտեսության մեջ Հայաստանից կատարված զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումները գերազանցել են մեկ միլիոն դոլարը։ Սակայն 2007 թվականից սկսած պատկերը փոխվել է. Վրաստանի համար ցուցանիշը դարձել է բացասական. 2007թ.՝ -4.8 մլն դոլար, 2008թ.՝ -15 մլն դոլար, 2009 թվականին՝ -5.3 մլն դոլար, 2010 թվականին՝ -16.5 մլն դոլար։ Այսինքն, վրացական տվյալներով (պաշտոնական), տեղի է ունեցել հակառակը՝ կապիտալը Վրաստանից հոսել է Հայաստան։ Ընդ որում, մեծ ծավալներով։ Անգամ 2011թ. առաջին եռամսյակում, երբ այստեղ բուռն քննարկում էին հայկական կապիտալի արտահոսքի հարցը, վրացական վիճակագրությունը փաստում է այն մասին, որ իրենց երկրից տեղի է ունեցել 80 հազար դոլարի արտահոսք դեպի Հայաստան։ Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս վիճակագրությունը շատ պարզ բացատրություն ունի։ «Այս թվերը արդյունքն են այն բանի, որ հայաստանցի բիզնեսմենները հիմնականում իրենց բիզնեսը գրանցում են Վրաստանի քաղաքացիների անունով։ Այդ իսկ պատճառով փաստացիորեն հայաստանցիների կողմից կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները այստեղ համարվում են ներքին ներդրումներ»,- « Weekly Georgian Journal»-ին ասել է տնտեսական վերլուծաբան Իրակլի Լեկվինաձեն։
Իրականում, ըստ Լեկվինաձեի, Հայաստանից Վրաստան կապիտալի ներհոսքը ակնառու է հատկապես վերջին շրջանում։ Փորձագետը դա պայմանավորում է Հայաստանի ոչ բարենպաստ բիզնես կլիմայով։ «Հայ գործարարները մասնավոր զրույցներում նշում են, որ այնտեղի գործարարները ձգտում են իրենց կապիտալը դուրս բերել երկրից, եւ Վրաստանը շատ հարմար է նրանց համար, քանի որ այստեղ չկան բյուրոկրատական խոչընդոտներ եւ կոռուպցիա»։
Անդրադառնանք եւս մի ցուցանիշի՝ Վրաստանում գրանցված հայկական ընկերությունների թվին։ Վրացական աղբյուրների համաձայն, 1995 թվականից մինչ օրս Վրաստանում գրանցվել է 195 հայկական ընկերություն, որոնցից 105-ը` միայն 2010 թվականի ընթացքում։ Սակայն առավել ուշագրավ հանգամանքն այն է, որ այդ 105-ից 27-ը անհատ ձեռնարկատերեր են, 73-ը՝ փոքր ՍՊԸ-ներ։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է փոքր բիզնեսին։ Եվ ծիծաղելի կլիներ կարծել, թե փոքր բիզնեսի «կապիտալը մեծացել է, իր ծագման երկրում շուկան նեղացել է, եւ նրանք որոշակի ներդրումներ են անում հարեւան երկրներում» (ինչպես նշում է էկոնոմիկայի նախարարը)։ Փոքր ու միջին բիզնեսը հաստատվում է Վրաստանում, որովհետեւ այնտեղ ավելի հեշտ է աշխատելը, մրցակցության, կոռուպցիայի, բյուրոկրատիայի եւ պաշտպանվածության տեսանկյունից էլ ավելի նախընտրելի է։ Որպես ասվածի ապացույց` կարող ենք նշել տարբեր զեկույցներում (բիզնես անելու դյուրինության կամ կոռուպցիայի վերաբերյալ) մեր ու Վրաստանի տեղաշարժը վերջին տարիների ընթացքում։ Սակայն դրա կարիքը թերեւս չկա. բոլորն առանց այն էլ ամեն ինչ գիտեն։
Ինչ վերաբերում է Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու վերաբերյալ սին հայտարարություններին, ապա այդ «բարելավման» իրական պատկերի մասին կարող եք պատկերացում կազմել՝ թերթելով «Գինդ» շաբաթաթերթը կամ բացելով ձեր էլեկտրոնային հասցեին որպես «սպամ» եկած հայտարարությունները՝ հայաստանյան բիզնես առաջարկների թեմայով։ Դրանց մեծ մասը հայտարարություններ են՝ գործող բիզնեսը վաճառելու վերաբերյալ՝ եվրապատուհանների ու լիմոնադի արտադրությունից սկսած` մինչեւ գործող մանկապարտեզներ ու դպրոցներ։