Եթե երկխոսությունը մնա բաց…

18/08/2011

«Կառավարությունը տնտեսական զարգացման համար ոչինչ չի արել եւ մտածված հակառակն է անում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը: Նա նշել է, որ եթե 2010թ. սկզբին սուպերմարկետներին էր պատկանում մանրածախ առեւտրի 32%-ը, ապա այսօր այդ ցուցանիշը ավելի քան 70% է: «Գլոբալ քայլերը, որ նայում ենք, հակակոռուպցիոն տրամաբանության ճիշտ հակառակն են: Եթե հանրապետությունում հակակոռուպցիոն պայքար է գնում, ինչո՞ւ եք խոշորացնում հողերը, ինչո՞ւ եք խոշորացնում առեւտուրը: Հիմա կա երեք տեսակի մաքսային ռեժիմ` կան, որ չեն մուծում, կան, որ 50% են մուծում, եւ ավելին: Այս մասին զեկույցներ են հրապարակվում. եթե դրանք ճիշտ են, ուրեմն մենք ճիշտ հակառակ ուղղությամբ ենք գնում»,- ասաց նա: Անդրադառնալով աշխարհում այսօր տեղի ունեցող երեւույթներին եւ նոր տնտեսական ճգնաժամի առաջացման հավանականությանը` Բագրատյանն ասել է. «Աշխարհում ճգնաժամն արդեն կա, եւ 2013 թվին սպասել պետք չի: Կտարածվի՞ այն, թե՞ չէ. կապիտալը ԱՄՆ ձեռքում է»: Ըստ Հ. Բագրատյանի, 2008-ի համաշխարհային ճգնաժամի լուծումները դեռ տրված չեն, համաշխարհային տնտեսության հավասարակշռությունը խախտված է: Հ. Բագրատյանի բնորոշմամբ` 2008-ի ճգնաժամը նախկինում եղած ավանդական ճգնաժամերից չէր, եւ այն աշխարհը մտցրել է «պերմանենտ ալիքի մեջ»: Ներկայացնելով Եվրամիության երկրների տնտեսությունների վերաբերյալ նախօրեին հրապարակված տվյալները, որոնց համաձայն` արձանագրվել է գրեթե զրոյական տնտեսական աճ` Հ. Բագրատյանն ասել է. «Եթե 2 եռամսյակ փակել են 0%-ով, նշանակում է` ռեցեսիա է: Այս ճգնաժամը հենց այնպես չի լուծվելու»: Նա նշել է, որ աշխարհում տեղի են ունենում կապիտալի կուտակումներ, Արեւմուտքը գերհագեցած է զարգացմամբ, եւ ստեղծվել են մեխանիզմներ, որպեսզի կապիտալը չգնա Արեւելք: Այդպիսով, կապիտալը մի վայրում կուտակվում է, մի վայրում էլ մարդիկ են կուտակված, ու կապիտալ չկա: «Ապրուստի հարցն աշխարհում սրվում է: Հավասարակշռություն սահմանելու համար կամ պետք է միգրացիան ազատ թողնեն, կամ կապիտալը տանեն Արեւելք»,- հայտարարել է Հ.Բագրատյանը:

Ըստ նրա` ներկայումս համաշխարհային բանկային համակարգերը բարձր իրացվելիություն ունեն, եւ եթե ամբողջ տնտեսությունը մտնի ճգնաժամի մեջ, բանկերը կմիանան վերջում: «Ճգնաժամի այս փուլում, երբ պահանջարկը գերազանցում է առաջարկին, հումքի գներն էականորեն չեն իջնի: Օրինակ` Հայաստանում կարող է իջնել պղնձի գինը, իսկ մոլիբդենը կասոցիացվի ոսկու հետ, եւ գինը չի իջնի»,- ասել է նա: Երեկվա ասուլիսում Հ. Բագրատյանն անդրադարձել է նաեւ ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը: «Եթե երկխոսությունը մնա բաց, ապա նա մի լավ բան կավելացնի Հայաստանի կյանքում, իսկ եթե վերածվի մի այլ բանի, ինտրիգային բաներ արդեն ահագին տեսել ենք»,- հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչը: Խոսելով երկխոսության չորրորդ փուլում ՀԱԿ-ի ներկայացրած 67 գործարար պատգամավորների ցուցակի վերաբերյալ իշխանության հնարավոր պատասխանի մասին` նա ասել է. «Հանձնել են հավատարմագրային կառավարման. ձեւականորեն սրանք կարդարանան: Սակայն հասկանանք մի բան. չի կարելի հավատարմագրային կառավարմամբ նկատի ունենալ, թե սահմանադրական խախտում էլ չկա: Եվ քանի որ սահմանադրության խախտում է, ես կուզեի մի անգամ ՍԴ նախագահին տեսնեի էս մասին մի բան խոսելիս` իր էն լոլոների փոխարեն: Ինձ համար դա արդարացում չէ, իրենց համար արդարացում է. դե հիմա, էդ 65 հոդվածը չընդունեիք. Ես չեմ գրել դրանք. հիմա դա Սահմանադրության խախտում է»: