173 Վանգա` «Գոլդեն Փելեսում»

18/08/2011

ՀՌԱԿ-ում տեղի ունեցած վերջին զարգացումները երկար քննարկումների առիթ կդառնան, քանի որ որոշ կարեւոր մանրամասներ դեռեւս պարզաբանման կարիք ունեն:

Ասենք` այն, թե ինչպե՞ս ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանին հաջողվեց գաղտնի համագումարի միջոցով ՀՌԱԿ ատենապետ հռչակվել: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից իր հրաժարականի ժամանակ Հ. Առաքելյանը հայտարարեց, թե չի կարողանում համատեղել ՀՌԱԿ ատենապետի ու աշխարհասփյուռ ՌԱԿ փոխատենապետի պաշտոնները, իսկ այժմ, փաստորեն, նրա մոտ դարձյալ այդ երկուսը համատեղելու ցանկություն է առաջացել: Բացի այդ՝ հենց Հ. Առաքելյանի առաջարկությամբ էր ՀՌԱԿ 19-րդ արտահերթ համագումարը որոշում կայացրել այն անցկացնել երկու նիստով՝ առաջինով ընդունել Հ. Առաքելյանի հրաժարականը ու Էդուարդ Անտինյանին ընտրել ատենապետ, իսկ երկրորդ նիստում քննարկել օրակարգային մյուս հարցերը: Երկրորդ նիստը, սակայն, Հ. Առաքելյանը եւ նրա կողմնակիցները սկսում են օրակարգային հարցերը մի կողմ դնելով եւ հրատապության ձեւով հարց մտցնելով, որով որոշում են Էդ. Անտինյանին ազատել ատենապետի պաշտոնից:

Այդպիսով, ստացվել է մի զավեշտալի պատմություն, ըստ որի` 19-րդ արտահերթ համագումարի 1-ին կետով Էդ. Անտինյանը ընտրվել է ատենապետ, իսկ նույն համագումարի երկրորդ կետով ազատվել այդ պաշտոնից: Նման անտրամաբանական որոշում կայացնելու համար Հ. Առաքելյանը, թերեւս, ոչ միայն խիստ հիմնավոր անհանգստություններ պիտի ունենար, այլեւ նման որոշում կարող էր կայացնել շատերի աչքից հեռու՝ գաղտագողի: Բանն այն է, որ նախապես որպես համագումարի անցկացման վայր հայտարարվել է Աղվերանի «Աղվերան» հյուրանոցային համալիրի դահլիճը, սակայն պարզվել է, որ համագումարը անցկացվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, որին մասնակցել է 173 ռամկավար: Ստացվում է` Հայաստանում կա 173 պայծառատես Վանգա, բոլորն էլ` ռամկավար, բոլորն էլ` Հ. Առաքելյանի կողմնակից: Ստորեւ ներկայացնում ենք Կարեն Կակոյանի կողմից ՀՌԱԿ 19-րդ արտահերթ համագումարի 2-րդ նիստի հրավիրման հայտարարությունը:

ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանն ու իր կողմնակիցները, բնականաբար, գնացել են Շահումյան հրապարակ, որպեսզի ավտոբուսներով մեկնեին Աղվերան՝ համագումարի անցկացման վայր: Բայց նշված վայրում ավտոբուսներ չեն հայտնաբերվել: Հաշվի առնելով, որ համագումարի շուրջ կրքերը նախապես բավական շիկացած էին, պատվիրակները, ով ինչպես կարողացել է, Երեւանից հասել է Աղվերան եւ պարզել, որ այնտեղ համագումար չի անցկացվել ու չի էլ նախատեսվում: Ուշագրավ է, որ Հ. Առաքելյանի կողմնակիցներից ոչ ոք Աղվերան մեկնելու մտադրություն չի էլ ունեցել: Փաստորեն, ստացվում է` նրանք կարդալով հիշյալ հայտարարությունը, օժտված լինելով պայծառատեսի որակներով, անմիջապես գուշակել են, որ Աղվերանի «Աղվերան» հյուրանոց` նշանակում է Երեւանի «Գոլդեն Փելես» հյուրանոց, եւ մեկ մարդու պես գնացել են այնտեղ, մեկ մարդու պես հեռացրել Անտինյանին եւ մեկ մարդու պես ընտրել Առաքելյանին: Իսկ գուցե համագումար էլ չի եղել, ու Առաքելյանն ինքն իրեն է հռչակել ատենապետ՝ իր կողմնակիցների խմբակի ներկայությամբ ու օտար աչքերի բացակայությամբ: Բայց այսպիսի արկածախնդրության կարելի էր գնալ միայն այն պարագայում, երբ կուսակցության փաստաթղթերի մեջ իր համար այնպիսի սարսափելի նյութեր կան, որ ոչ մի պարագայում չպետք է ընկնեն օտարի ձեռքը, ինչը, կարծում ենք՝ իրավապահ մարմիններին պետք է լրջորեն հետաքրքրի: Չենք ցանկանում մանրամասն խորանալ իրավական այն անճշտությունների մեջ, որ այդ համագումարում նրանք չէին կարող Անտինյանին պաշտոնանկ անել, քանի որ արդեն ակնհայտ է, որ համագումար պարզապես տեղի չի ունեցել: Ակնհայտ է մի բան, որ այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ «Ազգ» օրաթերթի հուլիսի 27-ի հրապարակման մեջ Հարություն Առաքելյանին ներկայացվեց կոնկրետ մեղադրանք կուսակցության գրասենյակային տարածքներն ապօրինի կերպով օտարելու հարցում: