Անդրանիկի երազանքներն ուրվականների պես թափառում են սեփական ձեռքերով կառուցած կիսատ տան երկայնքով: Տունը որբացել է… Կարոտում է այն ձեռքերին, որոնք երկու տարի շարունակ սպասել են դրված վերջին քարին: Վերջին քարը չի գտնվել: Անդրանիկն էլ ապրիլի 27-ին չէր գտնվում: 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո գտնվել էր, ու թվում էր` միշտ, ինչ էլ լինի, գտնվելու է: Երկու տարի առաջ այն տարածքում, որտեղ սեփական տունը գետնի տակ էր անցել` սկսել էր պատեր շարել: 23 տարի մի վագոնում են ապրել` անմարդկային պայմաններում: Մայրը` տիկին Աիդան, երեք որդի ունի, որոնցից ծանր հաշմանդամն ընտանիքով հեռացել է «հայրական» վագոնից: Ասում է` «Չէինք կարողանում, անհնար էր էս մատնաչափ տարածքում ապրել: Մեծ տղաս ամուսնացավ, էլ քնելու տեղ էլ չկար: Հիմա վարձով ուրիշ վագոնում են ապրում: Մյուս տղես էլ ա վարձով վագոնում ապրում: Իրենց վիճակն էլ շատ ծանր ա: Անդրանիկս շատ էր տառապում: Ամեն օր նստում, խոսում էր իր անելիքների մասին, երազում էր, որ տուն կառուցի ու եղբայրների հետ նորից ապրի: Ասում էր` էս ի՞նչ բան ա, մարդու տունը քանդվում ա` ընտանիքն էլ հետը»: Տղաներից փոքրը` Անդրանիկը, տան միակ աշխատողն էր: Հարեւաններն ասում են, որ նա օր ու գիշեր փողոցներից մետաղ հավաքելով էր վաստակում ու ծնողներին պահում: Երկրաշարժից հետո անտեր մնացած կիսափուլ բազմաթիվ գործարաններում քուջուջ անելով` ամրաններ էր գտնում ու դրանցով իր տունն էր կառուցում: «Արմատուրա էր հավաքում ու էդ փողով կոպեկ-կոպեկ, հատիկ-հատիկ քար էր առնում: Նրա նման ջահելներ մոմով չես գտնի: Օր ու գիշեր էդ երեխեն կյանքի գնով փլատակների միջից երկաթ էր հավաքում: Բոլորս էլ հիանում էինք, թե ոնց ա իրա ուժերով ժաժքից փուլ եկած տան վրա տուն կառուցում»: Մայրը չի կարողանում խոսել, անվերջ լաց է լինում: Արագ-արագ քայլում է վագոնի մի ծայրից մյուսն, ու ինքն էլ չի գիտակցում իր գործողությունների իմաստը: Ցավից հեկեկում է… «Ամեն օրվա պես առավոտից գնացել էր երկաթ-մերկաթ գտնելու: Մութն ընկավ, բայց չեկավ: Զանգում էինք, բայց պատասխանող չկար: Սկսեցինք անհանգստանալ: Հաջորդ օրն էլ չեկավ, ու արդեն վախն ընկավ սիրտս: Ման եկանք, ոչ մեկի տանը չէր: Գնացինք էն տարածքներ, որտեղից ալյումին, արմատուրա էր հավաքում»: 25 տարեկան Անդրանիկին հայտնաբերել են փլատակների տակ: Կիսաքանդ շինության բետոնե սալիկը փլվել, ընկել է գլխին, որի արդյունքում ուղեղն ամբողջությամբ ցրիվ է եկել: Տեղում մահացել է: Մեկ օր այդ վիճակում մնալուց հետո Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ոստիկանության եւ Փրկարարական ծառայության աշխատակիցները կարողացել են Անդրանիկ Ջուլհակյանի դին փլատակներից դուրս բերել: Հայրը` Վաչիկը, որդու կորստից հետո շատ ծանր վիճակում է: Ասում են` ամբողջ գիշեր չի քնում: Լույսը բացվելուն պես գնում է որդու գերեզման ու մինչեւ մթնելը «տուն» չի մտնում: Տիկին Աիդան ասում է` «Ահավոր վիճակում ա, հոգեկանը խանգարված ա: Գնում, փաթաթվում ա գերեզմանոցին ու տենց մինչեւ գիշեր լաց ա լինում: Պատկերացրու, ռիսկ չեմ անում, որ Անդրանիկիս նկարը պատից խփեմ, ընկնում ա տանջանքների մեջ, հետը խոսում, կռիվ ա տալիս, լրիվ ուրիշ տեղ ա գնում, գժվում ա: Շատ դժվար ա տանում մեր ցավը, իրա համար եմ հիմա էլ վախենում»: Տիկին Աիդան ու ամուսինը չեն աշխատում, երկուսն էլ հիվանդ են: Չնայած դրան, եթե Սպիտակ քաղաքում համատարած գործազրկություն չլիներ` կաշխատեին: Անդրանիկի մահից հետո գոյատեւում են 13.000 դրամ աղքատության նպաստով: «Տնամերձ հողամասում կարտոշկա եմ ցանել, մեր ապրուստը դա ա, սնունդը հողամասն ա: Կանաչեղենով, կարտոֆիլով օր ենք սպառում»,- ասում է տիկին Աիդան: Երկրաշարժից հետո նրանց հատկացրել են փայտաշեն ժամանակավոր կացարան, որտեղ մի քանի տարի ապրելուց հետո ստիպված են եղել սեփականաշնորհել, քանի որ փաստաթղթերի առկայությունը որոշ հարցերում պարտադիր է եղել: «Երբ սկսեցին շենքեր շահագործման հանձնել` գնացինք, որ կվարտիրա ուզենք, բայց… Փայտաշեն տնակի սեփականաշնորհումը պատճառ դարձավ, որ մեզ էլ տուն չհատկացնեն: Ճիշտն ասած` մենք չենք իմացել, որ սեփականաշնորհումը կխանգարի տուն ստանալուն: Ասեցին` դուք արդեն տուն ունեք, ձեզ չի հասնում: Բայց մենք մեր կվարտիրան ենք կորցրել, իսկ հիմա էլ ապրում ենք սկեսրայրիս փլված տան տարածքում:
Տենց մնացինք անտուն, վագոնում 23 տարի ա ապրում ենք: Էդ փայտաշեն տնակում ինչքան փայտ ու երկաթ, մատերիալ կար, հավաքեցինք, բերեցինք էստեղ, որ նոր տուն կառուցենք: Անդոս էլ գնում երկաթ-մերկաթ էր բերում, ահագին բան առաջ էր գնացել: Հույս կար, որ նորմալ տան մեջ կապրենք, ոչ թե անասնական կենցաղով, բայց… Անդոս գնաց, հույսն էլ իրա հետ տարավ»,- պատմում է տիկին Աիդան, ում աչքերի մեջ դաջվել է Անդրանիկի մահվան լուրը ու հիմա էլ նույնքան թարմ է, որքան ապրիլի 27-ին էր: Ուզում է ապրելու իմաստ գտնել, բայց Անդրանիկն իր հետ տարել է ծնողների` ապագայի հանդեպ ունեցած հույսը: Հույսն ինքն արթնացրել էր` ինքն էլ մարել է: Հիմա տիկին Աիդայի ու Վաչիկի հետ Անդրանիկի փոխարեն ապրում է վախը: Այն վախը, որն աղետից հետո հարմար տեղավորվել էր նրանց ընտանիքում ու նրանց հետ վագոնից վագոն էր տեղափոխվում. «Հազիվ էինք մի քիչ խաղաղվել: Ժաժքը մեզ հաշմանդամ դարձրեց: Էդ երեւի դու չհասկանաս, էդ աղետի գոտու ամեն բնակչի դարդն ա: Անդոս մեզ հույս էր տալիս: Ասում էր` մամ, այ կտեսնես, տունը սարքեմ, ախպերներիս, թոռներիդ հետ ես ապրելու: Նենց էի հավատում, որովհետեւ ասում էր ու կեսմարդ դառնալով` ասածն անում էր: Ախր էս ինչ կյանք ա: Ընկանք քուչեքը, երեխես ուզում էր ոտքի կանգներ, բայց էլի փլատակ: Մեր կյանքը փլատակի տակից դուրս չի գալիս»: Աիդան ու Վաչիկը հիմա ամեն ինչ անում են կիսակառույցը ապրելուն հարմարեցնելու եւ մյուս որդիների հետ գոնե մի քիչ ապրելու երազանքով: Հիմա մենակ են այն վագոնում, որը սոսկալի է ու «սպանում» է մարդուն: Տունն անտեր է մնացել, որովհետեւ Անդրանիկից հետո ծնողներն ու եղբայրներն ի զորու չեն որեւէ բան ավելացնել: Անդրանիկի 23 տարվա երազանքը հիմա թափառում է կիսատ տան մեջ: Տունը սպասում է վերջին քարին, բայց վերջին քարը տեղադրվելու է Անդրանիկի գերեզմանին: