«Հայ Արտը» կփակվի՞

18/08/2011

Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ երեկ քաղաքապետարանի ենթակայության մշակութային հաստատությունների ընթացիկ գործունեության եւ զարգացման ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ոլորտը ներկայացնող հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ: Կ. Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի ենթակայության գրադարանները, թանգարանները, երաժշտական դպրոցներն ու թատրոնները պետք է ունենան զարգացման հստակ ծրագրեր, որտեղ կնախանշվեն, ինչպես ֆինանսատնտեսական բարելավման, այնպես էլ ծրագրային զարգացման ուղղությունները. «Մշակույթի ոլորտի բոլոր տնօրենները պետք է ունենան հստակ ծրագիր, ինչպես անել, որ մատուցած ծառայություններն ավելի շատ եւ որակյալ լինեն: Մենք կանգնելու ենք մշակութային յուրաքանչյուր սուբյեկտի կողքին այն պարագայում, երբ հստակ հասկանանք, որ նրանք ունեն հստակ ծրագիր եւ պատասխանատվություն են կրում: Խնդիրը ներկայացնելուց բացի, պետք է ներկայացնել նաեւ այդ խնդրի լուծման տարբերակները»,- շեշտել է Կարապետյանը: Մշակութային հաստատություններն աշխատանքի արդյունավետ կազմակերպման եւ ճիշտ կառավարման արդյունքում նկատելի դրական փոփոխություններ կարող են արձանագրել, նշել է քաղաքապետը` հատկանշելով Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի օրինակը, որը, ներքին ռեսուրսները ավելի ճիշտ կառավարելու արդյունքում, նոր ուսումնական տարվանից կանցնի ինքնաֆինանսավորման` հրաժարվելով բյուջեից տրամադրվող սուբսիդիայից: Գրադարանների հետ կապված խնդիրների առնչությամբ նշվել է, որ դրանց մի մասը օպտիմալացման լուրջ խնդիրներ ունեն: Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրենը քաղաքապետին ծրագիր է ներկայացրել ժամանակակից պահանջները բավարարող եւ գրադարանում նոր համացանցային ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ: Երաժշտական դպրոցների եւ թատրոնների կողմից նույնպես առաջարկություններ են ներկայացվել նոր ծառայությունների մատուցման միջոցով լրացուցիչ ֆինանսական մուտքեր ապահովելու համար: Թանգարանները, զբոսաշրջության խթանման եւ այցելուների թվի բարձրացման նպատակով եւս ծրագրեր են ներկայացրել: Էրեբունի արգելոց – թանգարանի մասով նշվել է, որ առաջիկայում լուրջ ֆինանսական ներդրումներ են նախատեսվում, որը, որպես բիզնես նախագիծ, կերաշխավորի ներդրումների հետագա վերադարձելիությունը: Ծրագիրը նախատեսում է արգելոց հնավայրի վերակառուցում, թատերական ներկայացումների կազմակերպում, հանգստի գոտիների ստեղծում եւ գեղարվեստական լուսավորության ապահովում:

Անդրադառնալով «Հայ Արտ» մշակութային կենտրոնին` առաջարկվել է դիտարկել կենտրոնի հետագա գործունեության նպատակահարմարությունը: