Սահակը խոստովանել է

18/08/2011

Ամերիկյան Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարություններին մեղսակից լինելու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող Սահակ Թումանյանը դատական նիստի ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել: Թումանյանին մինչեւ 20 տարվա ազատազրկում եւ մինչեւ 500.000 դոլար տուգանք է սպառնում: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, 44-ամյա Թումանյանը խոստովանել է, որ մեղավոր է, բայց չի բացատրել, թե ինչու: Թումանյանը խոստովանել է, որ 2007 եւ 2008թթ. ինքը առնվազն 400.000 դոլար է «լվացել»: Թումանյանի հետ մեկտեղ դատարանի առջեւ փողերի լվացման մեղադրանքով կանգնել էր նաեւ նրա կինը` 39-ամյա Հասմիկ Թումանյանը: Ամուսնու խոստովանանքի դիմաց` դատարանը չեղյալ է հայտարարել Հասմիկի նկատմամբ մեղադրանքը: Վերջինս կվտարվի ԱՄՆ-ից: Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում խոշոր զեղծարարություն բացահայտվեց բժշկական օգնության համակարգում: Ձերբակալվածների թվում էին նաեւ հայեր, ինչպես նաեւ հետխորհրդային երկրների այլ ներկայացուցիչներ: Խմբավորման առաջնորդներից էր հայազգի Արմեն Ղազարյանը` Պզո մականունով: Խմբավորումը գրանցել է մի քանի գոյություն չունեցող կլինիկաներ եւ այդ բուժհաստատությունների անունից պարբերաբար ապահովագրական գումարներ ստանալու համար ուղարկել վճարման ենթակա կեղծ հաշիվներ: Հանցավոր խմբի անդամներն օգտագործել են երկրի 25 նահանգներում ընդհանրապես գոյություն չունեցող 118 կլինիկաների, ինչպես նաեւ` հազարավոր հիվանդների անուններ: ԱՄՆ կառավարությանը խմբավորման հասցրած վնասը գնահատվում է 163 մլն դոլար: Առնվազն 70 մարդու նկատմամբ մեղադրանք է ներկայացվել: Ձերբակալված է նաեւ Պզոն: