Իսրայելական «The Jerusalem Post» պարբերականում հրապարակվել է Բեն Հարթմանի հոդվածը, որտեղ վերջինս համեմատում է հայկական սփյուռքի «Birthright Armenia» ծրագիրը հրեական աշխարհի «Birthright Israel» ծրագրի հետ:
Բեն Հարթմանը, մասնավորապես, գրում է, որ դժվար չէ ուշագրավ համեմատություն անցկացնել հայերի եւ հրեաների միջեւ: «Ամբողջ աշխարհում սփռված, ցեղասպանության ու ողբերգության հետեւանքով տեղահանված փոքր, հին ժողովուրդ` հաջողակ գլոբալ սփյուռքով, որը հավատարիմ է պատմական հայրենիքին»,- այսպես է արտահայտվել Հարթմանը հայերի մասին: 2003-ից գործող հայկական սփյուռքի «Birthright Armenia» ծրագիրը երկուսից մինչեւ 12 ամսով հայրենիք է բերում 20-32 տարեկան երիտասարդների, որոնք առնվազն մեկ հայ տատ կամ պապ ունեն: Ծրագիրը կոչված է խորացնել հայրենակիցների կապը հայրենիքի հետ եւ պայմաններ ստեղծել ավելի երկարատեւ ու գործնական ուղեւորության համար: Ծրագրից արդեն օգտվել են ավելի քան 500 հայ երիտասարդներ` 25 երկրներից:
Հայաստանում ծրագրի տնօրեն Սեւան Կաբակյանն ասում է, որ մասնակիցները մինչեւ մեկ տարի են ծախսում` կամավոր աշխատելով շաբաթական 30 ժամ: Նրանք մասնակցում են երկրի կյանքին, ապրում են շարքային հայաստանցու պես: Հոդվածում հեղինակը նշում է, որ «Birthright Armenia»-ն «Birthright Israel»-ի նման ներառում է այցելություններ մշակութային եւ պատմական հուշարձաններ, հանդիպումներ տեղի հայ երիտասարդների հետ: Ծրագրի հիմնադիր Էդել Հովնանյանն ասում է, որ երբ 2003-ին սկսվել է նախաձեռնությունը, ինքը կապվել է «Birthright Israel»-ի հետ եւ անվան օգտագործման թույլտվություն խնդրել: Հավանություն ստանալուց հետո նա նաեւ հանդիպել է իսրայելական ծրագրի մի քանի ներկայացուցիչների հետ, ովքեր բացատրել են ծրագրի հիմքում դրված գաղափարները եւ սկզբունքները: