Զամբյուղի հույսով

11/11/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Ըստ Առողջապահության նախարարության մշակած պարենային զամբյուղի, մեր ստամոքսին օրական նվազագույնը պետք է 355գ հացամթերք, 100գ մսամթերք, 30գ ձուկ, 500գ կաթնամթերք, կես ձու, 250գ կարտոֆիլ, 300գ բանջարեղեն, 200գ միրգ, 50գ շաքար: Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվել է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը:

2005 թվականի երրորդ եռամսյակի միջին փաստացի գներով այն կազմել է 29405,7 դրամ: Միայն պարենային զամբյուղի ամսական արժեքը՝ հաշվարկված Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմով, կազմել է 18040,3 դրամ: Եթե իսկապես մեզ հաջողվի 18.000 դրամով կշտանալ, ապա մնացած գումարով էլ երեւի հնարավոր կլինի հագնվել, լվացվել, սանրվել եւ երբեմն էլ գնալ շուկա` նախատեսված պարենամթերքները գնելու համար: Իհարկե, սա` այն դեպքում, երբ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իմանա՝ որտեղից գոյացնել այդ 29405,7 դրամը:

Ըստ Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին ՀՀ օրենքի, կենսապահովման նվազագույն բյուջեի չափը հաշվարկվում է առնվազն տարին մեկ անգամ` մինչեւ հունիսի 30-ը` կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմում ներառված պարենային, ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների սպառողական գների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա: Այս տարվա մեր կենսապահովման նվազագույն բյուջեն պետությունը դեռ չի հաստատել: «Որովհետեւ օրենքում փոփոխություններ են նախատեսվում, մինչեւ այդ փոփոխությունները չարվեն, մենք այդ մասին ասելիք չունենք»,- պատասխանեց Սոցապնախարարության Աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետ Վ. Սիմոնյանը: Եթե նկատի ունենանք առայժմ գործող օրենքը, ըստ որի` կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ` նպաստների եւ այլ վճարների չափերի սահմանման համար, ապա անհասկանալի է մնում, թե ինչի հիման վրա են պետական այրերը հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը հաշվարկել 15.000 դրամ:

«Թող իրենք տեղավորվեն էդ զամբյուղի մեջ»

Այնուամենայնիվ, ամսական նվազագույն որքա՞ն գումար է անհրաժեշտ ապրելու համար:

«5-6000 լույսը հաշվի, 750 հաշվի ջուրը, 900՝ հեռախոսը, մի 400-500 դրամ էլ` խոսակցության վարձը, մի 1200՝ տան վարձը, պլյուս՝ ուտելիքը, դե գնա հաշվի, էլ չեմ ասում՝ շորուկոշիկ, էլ չեմ ասում՝ լվացքի փոշի, հիվանդանալ-բան կա, բան չեմ ասում՝ դու հաշվի»,- երկուհոգիանոց ընտանիքի ամսական նվազագույն ծախսն էր փորձում հաշվել մի թոշակառու: Նրանց միակ եկամուտը երկու հոգու կենսաթոշակն է: «Իմ ընտանիքը չորս հոգուց է բաղկացած, որ միս չառնեմ, ոչ մի բան չառնեմ, մի 100 դոլար մինիմում ուտելիքի պետք ա»,- հաշվում է 62-ամյա փախստական Նորիկ Հայրապետյանը: Նորիկի ընտանիքում միակ աշխատողն ինքն է՝ շուկայում չիր է վերավաճառում. «24 տարի ծովային նավատորմում եմ ծառայել, բայց մինչեւ հիմա թոշակ չեմ ստանում, որովհետեւ աշխատանքային գրքույկ չունեմ, ինձ ասում են՝ գնա տուր գրքույկիդ մեջ փեչատ դնել, ասում եմ` ո՞ւր գնամ, ես Բաքու եմ ապրել, կարա՞` թող Աղվան Վարդանյանը գնա էդ փեչատը բերի»:

«Մեկ մարդուն գոնե մի 100 դոլար պետք է»,- ասում է 70-ամյա Լենա Ուլիխանյանը: Նրա ընտանիքը 3 հոգուց է բաղկացած՝ ինքը թոշակառու է, երկու աղջիկները 19.000-ական դրամ են ստանում: «Չնայած որ էսպես էլ մնա՝ ավելի չվատանա, էլի՝ Փառք Աստծո»,- ասում է տիկին Լենան:

Հինգհոգիանոց ընտանիքի մայր Նորա Հակոբյանն ավելի համեստ է, տարիներ շարունակ այնքան է տնտեսել, որ ասում է` «Իմ հինգհոգիանոց ընտանիքը մի 200 դոլարով էլ կպահեմ, մենակ գործ լինի՝ աշխատենք, ես բարձրագույն կրթություն ունեմ, բայց ստիպված շուկայում ապրանք եմ վերավաճառում, ամուսինս էլ արհեստավոր է՝ սեզոնին գործ եղավ՝ կաշխատի, չեղավ՝ իմ հույսին են, մի տղա ունեմ` Ղարաբաղում է ծառայում, պետությունը մի անգամ չի ասել՝ էս ձեզ ձրի ավտոբուս, գնացեք ձեր երեխեքին մի անգամ տեսեք։ Ինչքա՞ն կարանք պարտք անենք, բա հիմա որ Սահմանադրություն են փոխում, ինձ պե՞տք ա, գնալու եմ` «ոչ» ասեմ»:

«Աղջիկ ջան, Էդ նվազագույն զամբյուղը էդ ի՞նչ խելքով են հաշվում, որ էդպես թոշակ են նշանակում,- հարցնում է 70-ամյա Սոս Հակոբյանը,- ես 50 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, 15.000 դրամ թոշակ եմ ստանում, էդ հաշվողն ու հաշվողի նախագահը իրենք կարա՞ն իրանց արած հաշվարկի մեջ տեղավորվեն, հըլա թող իրանք բարի լինեն տեղավորվեն, հետո նոր կարգադրեն ինձ՝ թե` ա՛յ հասարակ մարդ, դու էլ գնա տեղավորվի էդ փոքրիկ զամբյուղի մեջ»: