Եվրախորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեն երեկ հրապարակել է հերթական զեկույցը անցած տարի մայիսին Հայաստան կատարած այցի վերաբերյալ, որի համաձայն` Հայաստանում Ոստիկանության կողմից ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը շարունակում է լուրջ խնդիր մնալ: «Մտահոգություն է հարուցում այն փաստը, որ չնայած կատարված մի շարք բարեփոխումներին, առանցքային ոլորտներում առաջընթաց կա՛մ չկա, կա՛մ աննշան է»,- նշված է զեկույցում: Այցի ընթացքում Եվրախորհրդի պատվիրակությունը բազմաթիվ մեղադրանքներ է լսել Ոստիկանության հասցեին: Ձերբակալվածները, մասնավորապես, պնդել են, թե Ոստիկանության աշխատակիցները իրենցից կամ իրենց հարազատներից գումար են պահանջում` ազատ արձակելու կամ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար: «Հաշվի առնելով այս պնդումները` Եվրախորհրդի կոմիտեն կոչ է անում Հայաստանի իշխանություններին հստակ ուղերձ հղել Ոստիկանության բոլոր աշխատակիցներին եւ զգուշացնել, որ այսօրինակ վարքագծի համար նրանք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել»,- նշվում է զեկույցում: Բացի այդ, ըստ զեկույցի, պատվիրակությունը նաեւ մեծ թվով հավաստի եւ ծանրակշիռ մեղադրանքներ է լսել ոստիկանների, այդ թվում` Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ազատազրկվածների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ճնշումների, որոշ դեպքերում` կտտանքների մասին: Բազմաթիվ մարդիկ էլ պնդել են, թե բիրտ ճնշումների են ենթարկվել Ոստիկանության բաժանմունքներում հարցաքննությունների ժամանակ, որտեղ խոստովանական ցուցմունքներ ու վկայություններ կորզելու համար իրավապահները սպառնալիքներ են հնչեցրել ոչ միայն հարցաքննվողի, այլեւ նրա ընտանիքի անդամների հասցեին: Միաժամանակ, զեկույցում նշվում է, որ նրանք, ովքեր միանգամից ընդունել են առաջադրված մեղադրանքը կամ ստորագրել Ոստիկանության կողմից ներկայացված փաստաթղթերը, մեծամասամբ խուսափել են այսօրինակ ճնշումներից ու վատ վերաբերմունքից: «2010 թվականին Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում արձանագրված Վահան Խալաֆյանի սպանության դեպքը այս խնդրի խոսուն օրինակն է»,- արձանագրված է զեկույցում, որի հեղինակները կոչ են անում Հայաստանի իշխանություններին ամենաբարձր մակարդակով հստակորեն եւ պարբերաբար ցույց տալ ոստիկաններին այսօրինակ վարքագծի անընդունելիությունը: Զեկույցում նշվում է, որ, ի տարբերություն ոստիկանական բաժանմունքների, բանտերում վատ վերաբերմունքի մասին պնդումներ հազվադեպ են հնչել, սակայն զեկույցի հեղինակները միաժամանակ ընդգծում են, որ այստեղ էլ առկա են բազմաթիվ այլ խնդիրներ` բանտերը գերծանրաբեռնված են, կոռուպցիան` տարածված: Ըստ եվրոպացի փորձագետների, մի շարք պնդումների համաձայն, ազատազրկման վայրերի աշխատակիցները կաշառք են պահանջում կալանավորներին վաղաժամ ազատ արձակելու, բժշկի կամ ատամնաբույժի մոտ ուղարկելու համար: Ընդգծելով, որ 2006 թվականից ի վեր Հայաստանում կալանավորների թիվը 40 տոկոսով ավելացել է, եւ այսօր ազատազրկման վայրերում, ըստ էության, ավելի քիչ տեղ կա, քան ամբաստանյալ, զեկույցի հեղինակները նշում են. «Նոր կալանավայր կառուցելուց բացի, անհրաժեշտ է հատուկ հայեցակարգ մշակել եւ երաշխավորել, որ ազատազրկումը իրականացվի միայն այն դեպքում, երբ սպառվեն խափանման մյուս միջոցները կիրառելու հնարավորությունները»: Հայաստանի կառավարությունն արդեն արձագանքել է այս զեկույցին եւ ներկայացրել, թե ինչ քայլեր է կատարել նշված թերությունները շտկելու համար: Արդարադատության նախարարության պատասխանում, փաստաթղթի համաձայն, ասվում է, որ իրականացվել են մի շարք օրենսդրական, նորմատիվ բարեփոխումներ, բացի այդ, 2010 թվականին 105 ոստիկան ենթարկվել է կարգապահական տույժի, 74-ի դեմ քրեական գործ է հարուցվել, 15-ը դատապարտվել են: Ի դեպ, այս զեկույցը բավական ուշագրավ է օգոստոսի 9-ին ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների բախման եւ դրանից հետո շրջանառվող` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերի համատեքստում: