Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ծանոթներիցս մեկը, որը նաեւ նախկին կավեենշչիկ է, պատմեց մի անեկդոտ.
Ապարանցի տղան հարցնում է հորը.
– Հայրիկ, դու ապարանցի՞ ես:
– Այո, որդիս: Պապս ապարանցի էր, հայրս ապարանցի էր, բնականաբար ես էլ եմ ապարանցի:
– Հայրիկ, ստացվում է` ե՞ս էլ եմ ապարանցի:
– Այո, որդիս: Պապդ ապարանցի էր, ես ապարանցի եմ, ուրեմն դու էլ ես ապարանցի:
– Հայրիկ, իսկ իմ որդի՞ն էլ ապարանցի կլինի:
– Իհարկե, որդիս: Ես ապարանցի եմ, դու ապարանցի ես, քո որդին էլ, ինքնըստինքյան, ապարանցի կլինի:
Ապարանցի տղան տխուր նայում է պատուհանից դուրս եւ կամացուկ ասում. «Բա էս ամեն ինչի վերջը ե՞րբ ա լինելու»:
Երբ ծանոթս պատմում էր այս առաջին հայացքից անմեղ անեկդոտը, ես հասկացա, որ ինչ-որ բան այն չի: Հետո պրպտելով հիշողությունս, ես հասկացա, որ պատմողը անեկդոտը ենթարկել էր կոսմետիկ փոփոխության: Շատ չնչին փոփոխությունը անեկդոտը դարձրել էր տափակ: Հիմա կհարցնեք, թե ի՞նչ կարիք կար անեկդոտը պատմելուց առաջ տափակացնել: Սովորաբար մարդիկ իրենց պատմածները ավելի ծաղկացնում են` ավելացնելով հումորի (շատ հաճախ հորինված) դրվագներ: Հանուն ինչի՞ էր պատմողը գնացել իմաստային զիջումների:
Կարծում եմ, բոլոր հարցերը միանգամից կստանան իրենց պատասխանները, եթե ասեմ, թե ինչ փոփոխության մասին է խոսքը գնում:
Փոփոխությունը հետեւյալն է` անեկդոտն իրականում ղարաբաղցիների մասին է:
Անձամբ ես մարդկանց երբեւէ չեմ վերաբերվել ըստ բնակության վայրերի, եւ ղարաբաղցիների նկատմամբ իմ վերաբերմունքը բացարձակ չի տարբերվում գյումրեցիների կամ լոռեցիների վերաբերմունքից, սակայն անեկդոտներ կան բոլորի մասին` բոլոր սոցիալական խավերի, սեռերի, կրոնական ուղղությունների, ռասաների, նույնիսկ տարբեր մազերի գույն ունեցողների մասին: Հայաստանում չկա մարզ, որի բնակիչների մասին հումորային պատմություններ չլինեն:
Հնարավոր է` մարդը չի ուզում (ասենք, ղարաբաղցիների նկատմամբ անսահման ակնածանքից դրդված) պատմել հումորային պատմություններ ղարաբաղցիների մասին: Համարում եմ նորմալ, եթե չես ցանկանում` մի պատմիր, սակայն ինչո՞ւ է նա նույն անեկդոտի հերոս դարձնում ապարանցիներին:
Վստահ եմ, եթե երկրի ղեկավարը լիներ ապարանցի, նույն մարդը ապարանցիների մասին հումորներ չէր համարձակվի անել, փոխարենը` վստահ եմ, որ լավ կծիծաղեր ղարաբաղցիների վրա:
Պարզվում է, մարդիկ այնքան են տարվել «շառից-փորձանքից հեռու» կարգախոսով, որ սկսել են ձեւափոխել անեկդոտները: Ավելի խորը ուսումնասիրություններս տվեցին իրենց պտուղները: Երեւի նկատած կլինեք, որ ԿՎՆ-ի բովով անցած մարդիկ իրենց կոնֆորմիզմով առանձնանում են մյուսներից: ԿՎՆ-ը իրականում հենց կոնֆորմիստական հումորի ժանրն է: Առաջին հայացքից ԿՎՆ-յան բեմից հաճախ հնչում են քաղաքական, սոցիալական սրությամբ օժտված կատակներ, սակայն դա միայն առաջին հայացքից: Եթե մի փոքր ավելի ուշադիր լինեք` կզգաք, որ կատակները առավել քան ենթարկված են հատուկ մշակման, եւ դրանք ոչ թե ծաղրում են այս կամ այն թերությունը, այլ հասարակությանը համակերպում են դրան: Այսինքն` մարդիկ, ովքեր դիտում եւ ծիծաղում են ցածր աշխատավարձերի, թոշակների, կառավարության անգործության, քաղբանտարկյալների եւ այլ սուր թեմաների շուրջ առատորեն թափվող կատակների վրա, կամա թե ակամա նրանց վերաբերմունքը այդ չափազանց լուրջ թեմաներին դառնում է անլուրջ:
Դա շատ ձեռնտու է ցանկացած ավտորիտար համակարգի իշխանության (ի դեպ, արեւմտյան` զարգացած ոչ մի երկրում ԿՎՆ հասկացողությունը կյանք չունեցավ, այն գործում է միայն պոստսովետական տարածքում, ծաղկում է միայն ռուսական ազդեցության տակ գտնվող` այսինքն, ավտորիտար ռեժիմի երկրներում):
Եթե ես լինեի որեւէ երկրի ղեկավար, ուրախությունից մատաղ կանեի, երբ իմ երկրի քաղաքացիները ցածր աշխատավարձերի պատճառով ոչ թե դուրս գային փողոցներն ու բողոքի ցույցեր իրականացնեին, այլ ծիծաղեին եւ ուրախանային: Կրկնում եմ` ԿՎՆ-ը ավելի քան ձեռնտու է ավտորիտար համակարգի իշխանավորներին:
ԿՎՆ-ը, բացի երկրի համար կարեւորագույն թեմաներն անլրջացնելուց, իրականացնում է եւս մեկ` ոչ պակաս վնասակար գործառույթ: Պատկերացրեք այն երիտասարդությանը, որն ընդգրկված է ԿՎՆ-յան շարժման մեջ: Նրանք միջինից բարձր ինտելեկտուալ հնարավորությունների տեր երիտասարդներ են, որոնք, եթե չունենային այդ աննպատակ ԿՎՆ-ը, ձեր կարծիքով` ինչո՞վ պետք է զբաղվեին: Այո, լուրջ գործերով: Իսկ ցանկանո՞ւմ է արդյոք իշխանությունը, որ իր երկրի երիտասարդությունը զբաղվի լուրջ գործով, իհա՛րկե ոչ: Ջահելները թող բեմի վրա թռվռան, ուրախանան, բայց հանկարծ չափերը չանցնեն:
ԿՎՆ-ի հիմնադիրը` Մասլիկովը, լավ գիտի իր գործը: Նրա սաներն իրեն լրիվ արժանի են: Մասլիկովը 1974-ին հասցրել է լինել բանտում վալյուտային սպեկուլյացիայի մեղադրանքով, չնայած մինչեւ հիմա ամեն տեղ հերքում է իր բանտում գտնվելու հանգամանքը: ԿՎՆ-շչիկները հաջողությամբ շարունակում են նրա գործը եւ նախկին ԽՍՀՄ տարածքում շարունակում են իրենց ուսուցչի` վալյուտնի սպեկուլյանտի ավանդը: Նրանք պուպուշ տղաներ են: Նրանցից երբեք փիս, քննադատական բառ չես լսի գործող իշխանության դեմ: Նրանք միշտ մոտ են կանգնած իշխանական կերակրատաշտին կամ գոնե աշխատում են մոտ կանգնել…
Որեւէ ԿՎՆ-շչիկ երբեք չի արտահայտել ոչ թե քաղաքական, այլ նույնիսկ քաղաքացիական դիրքորոշում, նույնիսկ որեւէ անշառ թեմայի շուրջ:
Ի դեպ, էս ամեն ինչի մասին կարելի էր ավելի շուտ գլխի ընկնել: Պետք էր միայն ուշադիր լսել ԿՎՆ-ի հիմնի կրկներգը…
Նարեկ ՄԱԼՅԱՆ