Բնության մեջ վարդակակաչը հանդիպում է Միջին Ասիայի չոր, լեռնային շրջաններում, Պարսկաստանում, Փոքր Ասիայում, Հնդկաստանի հյուսիսում։ Մշակության մեջ գտնվող վարդակակաչների նախահայրը Tulipa gesneriana տեսակը հանդիպում է Ալթայում եւ Հայաստանում։ Հայկական լեռնաշխարհում աճող վարդակակաչներն ունեն պատմական կենսագրություն եւ հետաքրքիր ճակատագիր։ Դրանք են Վարդակակաչ անտառայինը (Tulipa SILVESTRIS), Վարդակակաչ երկծաղկավորը (Tulipa BIFLORA), Վարդակակաչ Ջուլիային (Tulipa Julia) եւ Հայաստանին բնորոշ էնդեմ Վարդակակաչ Սոսնովսկուն։
Բազմաթիվ հայտնի բնագետներ ենթադրում են, որ ժամանակակից դեկորատիվ տեսակները` հայկական լեռնաշխարհում եւ Միջին Ասիայում բնության մեջ աճող Գեսների եւ Շրենկի կողմից ուսումնասիրված վարդակակաչների հիբրիդներ են։ Վարդակակաչը մշակվել է Արեւմտյան Հայաստանում հնագույն ժամանակներից։ 16-րդ դարի կեսերին Ավստրիայի դեսպան Օգե դե Բյուսբեկը Թուրքիայից Վիեննա է բերել մեծ քանակությամբ վարդակակաչի սոխուկ եւ սերմ։
Կայսերական դեղաբույսերի համար հատկացված հատուկ այգում սկսվեցին սելեկցիոն աշխատանքները։ Այգու տնօրեն Կարլոս Կլուզիուսը ստացավ վարդակակաչի նոր տեսակներ, որոնք արագորեն տարածվեցին Ֆրանսիայում եւ Գերմանիայում։ Կարճ ժամանակում վարդակակաչը դարձավ հարստության եւ ազնվականության խորհրդանիշ։ Բույսի սոխուկների գինը հասնում էր աստղաբաշխական թվերի, այն մշակվում էր միայն արքաների այգիներում։ Այս գեղեցիկ ծաղիկները գրավեցին այդ ժամանակաշրջանի բազմաթիվ ականավոր մարդկանց սրտերը. Ռիշելյե, Վոլտեր, Ֆրանց 2-րդ, Լյուդովիկոս 18-րդ եւ այլք։ Սակայն այն, ինչ կատարվեց Հոլանդիայում, կարելի է բնորոշել «մեկ խոսքով»` վարդակակաչային մոլուցք։ Երեւույթը սկիզբ առավ այն ժամանակ, երբ Կլուզիուսին 1570 թվականին հրավիրեցին աշխատելու այդ երկրում։
T. gesneriana վարդակակաչների սոխուկների առեւտուրն ընդունեց այնպիսի ծավալներն` որ պետությունը վերցրեց այն իր հսկողության տակ։ Վարդակակաչի սելեկցիոն աշխատանքները Եվրոպայում մեծ թափ ստացան, երբ բնագետ Ժոզեֆ Պիթոն դգ Տուրնեֆորը 1690-92 թվականներին ճանապարհորդելով Հայաստանում, բնության մեջ աճող վարդակակաչների մեծ քանակությամբ սոխուկներ տարավ Եվրոպա։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ բույսերից են այն վարդակակաչները, որոնք մենք նկարագրում ենք։
Վարդակակաչի պատմական կենսագրության մեջ կան նաեւ դրամատիկ էջեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1944-45թթ. ձմռանը) գերմանական զորքերը ծովային շրջափակման էին ենթարկել Հոլանդիայի նավահանգիստները։ Երկրում տարածվեց սովը։ Այդ շրջանում հոլանդացիներն օգտագործեցին սննդի մեջ վարդակակաչի սոխուկները։
Վարդակակաչ անտառայինի տերեւները լայն են, ալիքաձեւ եզրերով, ծաղիկը` խոշոր, գունային գամման` սպիտակից մինչեւ գրեթե սեւ (Հիշենք Դյումայի «Սեւ կակաչ» վեպը)։ Հնուց դեղին վարդակակաչի թուրմով բուժիչ, հանգստացնող թրջոցներ էին դնում աչքերին։ Վարդակակաչ երկծաղկավորը բազմամյա սոխուկավոր բույս է, հիմնական ցողունից առաձնանում են երկու ծաղկակիր ցողունակոթունները։ Տերեւները գծային են, հերթադիր։
Վարդակակաչ Ջուլիայի ծաղկաթերթերը 2,5-4,5 սմ երկարությամբ են, վառ կարմիր (նաեւ դեղին եւ գազարագույն), հիմքում սեւ, դեղին եզրաշերտ ունեցող բծով։ Սոխուկը խոշոր է, 2,5-3 սմ տրամագծով, ծաղկակիրը հասնում է 40 սմ բարձրության, ավարտվում է մեկ ծաղիկով, խիտ տերեւներով բույս է։
Հիրիկազգիները` բազմամյա սոխուկային, պալարասոխուկային կամ սոխուկավոր- կոճղարմատային բազմամյա բույսեր են, ծաղիկների առէջքները երեքն են։ Այս ընտանիքի առավել արժեքավոր բույսը զաֆրանն է կամ քրքում մշակովին` Crocus sativus։
Կարպատների արեւմտյան մասի նախալեռներում եւ լեռնային շրջաններում հանդիպում է Crocus heuffelianus զաֆրանը։ Հնում բույսը ծառայել է որպես բուրումնավետ ներկանյութ, Հին Բաբելոնի, Մարաստանի, Պարսկաստանի եւ Հայաստանի արքաները հագել են զաֆրանով ներկված կարմիր երանգի կոշիկներ, իսկ ազնվազարմ կանայք` շորեր։ Սակայն միջնադարում զաֆրանը մեծ տարածում ստացավ` որպես ուտեստներին հաճելի գույն, նուրբ համ հաղորդող համեմունք։ Քանի որ զաֆրանը շատ թանկ արժեր, Անգլիայի Հենրի 7-րդ արքան խստորեն արգելեց օգտագործել այն որպես ներկանյութ։ Բնության մեջ, Կովկասում, Միջին Ասիայում, Եվրոպայում հանդիպում է Քրքում գարնանայինը (C. vernum), բույսը ցրտադիմացկուն է, բազմանում է սոխուկի ձագուկներով եւ սերմերով։ 9-րդ դարից մինչեւ մեր օրերը զաֆրանի մշակումը կենտրոնացած է Իսպանիայում։ Հիրիկազգիների ընտանիքին պատկանող Freesia կարգի ծաղկաբույսերի հայրենիքը Հարավային եւ Արեւադարձային Աֆրիկան է։
Հիրիկազգիների այս կարգը ուսումնասիրել է գերմանացի բժիշկ Ֆրիդրիխ Ֆրենզեն 19-րդ դարի սկզբում, եւ այդ ժամանակվանից բույսը սկսել է մշակվել։ Հայտնի են Ֆրեզիայի բնության մեջ աճող երեք տեսակներ` F. refracta-ն, որի ծաղիկներն ունեն դեղին երանգ, F. Leichtlini-ն` սպիտակ ծաղիկներ, եւ F.Armstrongii-վարդագույն։
Գոյություն ունեն Ֆրեզիայի մոտ 500 հիբրիդային տարատեսակներ, հիմնական արտադրող երկիրը Նիդեռլանդներն է։ Բույսը բազմանում է սոխուկներով, ծաղկման շրջանը կախված է սոխուկի տնկելու ժամանակից։ Բազմանում է նաեւ սերմերով։ Տերեւները գծային են, ամուր կենտրոնական ջղով, երկարությունը` 15-20 սմ, լայնքը` 1 սմ։ Բնության մեջ աճող տեսակների բարձրությունը 20-70 սմ է, հիբրիդայինը հասնում է մեկ մետրի։ Ցողունի գագաթից հորիզոնական ուղղությամբ մեկ կողմի վրա գտնվում է 2-5 ծաղիկներից բաղկացած ծաղկաբույլ։ Ծաղիկները ձագարաձեւ են, 3-5 սմ երկարությամբ, բուրումնավետ։ Գունային գամման գործնականում անսահման է։ Բույսը խոնավասեր է, լուսասեր եւ ջերմասեր։
Ֆրեզիան պարունակում է մեծ քանակությամբ եթերային յուղեր, որոնք բարենպաստ ազդեցություն ունեն սրտի վրա։ Հայաստանի պայմաններում սոխուկները աշնանը հանվում են հողից եւ վերատնկվում մայիսին, կան հիբրիդներ, որոնք նախատեսված են սենյակային պայմանների համար։
Հայաստանի բնական պայմաններում աճում են հիրիկի մի շարք ենթատեսակներ։ Պահպանության առավել մեծ կարիք ունի հիրիկ նրբագեղ էնդեմ տեսակը։ Տերեւները նեղ են, մանգաղանման, տերեւակիր ցողունը բացակայում է։ Ծաղկաթերթերը վեցն են, երեքը ունեն հորիզոնական դիրք եւ դեղին բծերով զարդանախշված շագանակագույն, ներքին ծաղկաթերթերը սպիտակ են` մուգ ջղերով։ Բույսը պարունակում է ներկանյութ, ունի բուժիչ հատկություններ։
Հիրիկ ցանցանմանը հայկական լեռնաշխարհին բնորոշ բույս է, ի տարբերություն այլ հիրիկների, կոճղարմատ չունի։ Սոխուկները պատող թեփուկները ցանցաթելով են ծածկված։ Բուժիչ նշանակություն ունի նաեւ Հիրիկ տարօրինակը։ Տերեւները արմատամերձ են, ծաղկակիր ցողունը կրում է մեկ ծաղիկ։ Հայաստանի Հանրապետությունից դուրս հազվադեպ է հանդիպում, «բարձրանում» է մինչեւ 2100 մ։ Փոքր Ասիայի եւ Պարսկաստանի բնական պայմաններում հանդիպում է Հիրիկ Պարսկականը, որի ծաղկակիր ցողունի գագաթը կրում է 2-5 ծաղիկ։
Բնության մեջ հիրիկը հանդիպում է նաեւ Բալկաններում։ Բուժական նպատակներով օգտագործվում է նաեւ բնության մեջ այլեւս չհանդիպող հիրիկ գերմանականը, որը մշակվում է պարտեզներում։
Բույսի կոճղարմատները պարունակում են բարդ բաղադրություն ունեցող եթերային յուղեր, գլյուկոզիդ իրիդին, օրգանական թթուներ, ճարպայուղ, օսլա, լորձանյութ, դաբաղանյութ, խեժ։ Տերեւներում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ասկորբինաթթու։ Հիրիկը պարունակում է նաեւ ալկալոիդներ, ծաղկման շրջանում դրանց պարունակությունը նվազում է։ Բուժական նպատակներով վաղ գարնանը կամ աշնանը մթերում են կոճղարմատները։ Բույսը օգտագործվում է միայն ժողովրդական բժշկության մեջ։ Բույսը օգտագործվում է հիմնականում այլ դեղաբույսերի հետ` որպես խորխաբեր, փափկեցնող, պարուրող միջոց։ Կոճղարմատի թուրմը կամ փոշին օգնում է նեյրոդերմատիտի, ինֆեկցիոն բնույթի վերքերի, խոցերի դեպքում։
– Թուրմ` ողողումների, թրջոցների, լվացումների համար. Հիրիկի 1 թ/գ կոճղարմատը 8 ժամ թրմեք 200 մլ սառը ջրի մեջ։
– Ոտքի ոսկորի գերաճի դեպքում. Հիրիկի թարմ, լվացված կոճղարմատը անցկացրեք մսաղացով, ավելացրեք օղի (1։1)։ 2 շաբաթ թրմեք փակ վիճակում։ Պատրաստեք թրջոց, դրեք ոտքին, փաթաթեք պոլիէթիլենային թաղանթով եւ վիրակապեք, հանեք առավոտյան։
– Շնչառությունը թարմացնելու, ատամների սպիտակությունը պահպանելու համար ծամեք հիրիկի արմատի փոքր կտոր։
– Ստամոքսի ցավի, հազի դեպքում 1 թ/գ հումքը 2 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Քամեք, բաժանեք 4 մասի, խմեք սնունդ ընդունելուց առաջ։
– Լեղաքարային հիվանդության դեպքում խառնեք ջրառվույտի (MENYANTHES), դաղձի տերեւները, եղերդակի, խատուտիկի, հիրիկի արմատները, արնիկա լեռնայինի ծաղիկները (2։2։2։2։1։1)։ Եփեք 2 ճ/գ հումքը 200 մլ ջրի մեջ, մինչեւ եռալը։ Թրմեք 30 րոպե, խմեք օրը մեջ, 2-3 բաժակ։
Gladiolus-Թրաշուշանն իր անվանումը ստացել է իր թրանման տերեւների պատճառով։ Այդ հանգամանքը նկատել է Պլինիուսը, ով առաջարկել է զինվորներին` որպես հուռութ կախել պարանոցից թրաշուշանի պալարասոխուկը։
Համարվել է, որ այն ունի մոգական ուժ` կպաշտպանի զինվորին մահից եւ կբերի հաղթանակ։ Իրոք, նայելով թրաշուշանի ծաղկանոցին, կարելի է պատկերացնել հաղթանակած զինվորների սրերով պարը։ Դիոսկորիդիսը առաջինն է եղել, որ նկարագրել է բույսի կառուցվածքը եւ հատկությունները։
Թրաշուշանը հիրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա պալարասոխուկային շատ գեղեցիկ բույս է։ Հայրենիքը Աֆրիկայի արեւադարձային եւ մերձարեւադարձային շրջաններն են, հատկապես մեծ տարածում ունի Մադագասկար կղզում։ Հնագույն ժամանակներից մշակվել է Եվրասիայում, որտեղ բնության մեջ հանդիպում է թրաշուշանի մոտ 10 տեսակ։ Հայաստանի բնական պայմաններում հանդիպում են թրաշուշանի երկու տեսակներ, որոնք ունեն նաեւ բուժիչ հատկություններ։
Թրաշուշանի ցողունի բարձրությունը տատանվում է 50-150 սմ սահմաններում։ Տերեւները բարակ են եւ գծային, 50-80 սմ երկարությամբ, ակվամարինի գույնի։ Նստադիր ծաղիկները հավաքված են միակողմանի, երկկողմանի կամ պարուրաձեւ հասկանման ծաղկաբույլերով։ Ձագարաձեւ ծաղիկների ծաղկաբույլի երկարությունը կարող է հասնել 80 սմ երկարության։ Պսակաթերթիկները 6-ն են, անհավասար, սերտաճած են հիմքում, տարբերվում են մեկը մյուսից ձեւերով եւ չափով։ Պտուղն ունի եռանիստ բուրգի ձեւ, պտուղի տուփիկի մեջ կան բազմաթիվ կլոր կամ օվալ գորշագույն սերմիկներ։ Պալարասոխուկը կլոր է, վրան բազմաթիվ թաղանթավոր թեփուկներ, որոնց գունային գամման շատ մեծ է` սպիտակից մինչեւ մորեգույն։ Թրաշուշանն ունի մի շարք այլ առանձնահատկություններ, դրա հասկի ծաղիկները բացվում են ներքեւից դեպի վեր։ Շատ մեծ է ծաղիկների գունային երանգավորումը. ծիածանի յոթ գույները շատ քիչ են, որպեսզի նկարագրենք բնության մեջ հանդիպող թրաշուշանները եւ դրանց խաչաձեւումից ստացված հիբրիդները։
Բազմազան են նաեւ թրաշուշանի ծաղիկների ձեւերը, որոնք կարող են նմանվել խոլորձի, շուշանի կամ հիրիկի ծաղիկներին։ Տերեւների ձեւով եւ կառուցվածքով թրաշուշանը շատ նման է հիրիկ կովկասյանին եւ հիրիկ գերմանականին։
Թրաշուշանի աֆրիկական տեսակները հայտնվել են Եվրոպայում 17-րդ դարի վերջում, սակայն սելեկցիոներների հետաքրքրությունը թրաշուշանի հանդեպ մեծ թափ է ստացել 1807 թվականին, երբ անգլիացի բուսաբան Ուիլյամ Հերբերտը խաչաձեւել է մի քանի թրաշուշանի հարավ-աֆրիկյան տեսակներ։ 19-րդ դարի վերջում մշակության մեջ են եղել ավելի քան 2000 հիբրիդներ։
Մինչեւ մեր օրերն են հասել տեղեկություններ (Քրիստոսից առաջ 300 թվին), որ թրաշուշանները մանրացրել, խառնել են սոխի եւ այլնի հետ, եփել բլիթներ։ Միջին դարերում փոշիացրած թրաշուշանը խառնել են ալյուրի հետ։
Հայաստանում հնուց զարգացած է եղել ծաղկաբուծությունը, այսօր աշխարհով մեկ տարածված վարդակակաչների եւ հիրիկազգիների, այդ թվում` նաեւ թրաշուշանների հիբրիդային տեսակները բուծվել են հայկական ծագում ունեցող բույսերից։
18-րդ դարի սկզբում ֆրանսիացի ճանապարհորդ եւ բնագետ Ժոզեֆ Տուրնեֆորը Արեւմտյան Հայաստանից Եվրոպա է տարել մեծ քանակությամբ սոխուկներ, կոճղարմատներ։ Հոլանդիայում վարդակակաչի եւ հիրիկի մշակովի հիբրիդները հիմնականում հայկական ծագում ունեն։
Երբ թրաշուշանի տերեւները սկսում են դեղնել, արմատներն առանձնացնում եւ մաքրում են հողից, չորացնում են ծածկի տակ։ Երկու շաբաթից տեղափոխում են փակ տեղ։ Ձմռանը սոխուկները մաքրում են չորացրած մասերից եւ ձագուկներից, պահպանում 7-10 աստիճան C-ի տակ։
Հայտնի է, որ թրաշուշանը չի դիմանում ցածր ջերմաստիճանին։
Որպեսզի սոխուկները լավ պահպանվեն եւ չվարակվեն հիվանդություններով, այն պատեք հետեւյալ լուծույթով.
– Լուծեք 10գ ժելատինը, 5 գրամ կերակրի աղը եւ 250 գրամ ձվի սպիտակուցը 500 մլ զտված ջրում։
Դեղատոմսեր թրաշուշանով
Հանգստացնող միջոց. Թրաշուշանի 1 ճ/գ տերեւները 30 րոպե թրմեք 1 լիտր եռջրի մեջ, բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց առաջ։ Օգնում է դեպրեսիայի, անքնության, գլխապտույտի դեպքում։
Կերակրող մայրերի կաթն ավելացնող միջոց. Կես թեյի գդալ մանրացրած թրաշուշանի սոխուկը 1 ժամ թրմեք տաք տեղում (սրբիչով փաթաթած) 100 մլ եռջրով։ Քամեք։ Ընդունեք 1-2 ճ/գ, օրը 2-3 անգամ։