Ուրախ տագնապ

23/07/2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Օշականում հանդիպել է արտագաղթի սպառնալիքի մասին ահազանգող մտավորականների հետ: Հիշեցնենք, որ նրանք ամսվա սկզբին վարչապետին եւ ԱԺ նախագահին հասցեագրված նամակում ասել էին, թե «արտագաղթը Հայաստանից վերածվում է տնտեսական եւ ազգային աղետի»: Հայաստանի գրողների միության անդամների եւ մտավորականների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել է, որ կառավարությանը եւս մտահոգում է Ռուսաստանի «Համերկրացիներ» ծրագրով Հայաստանից ՌԴ մեկնելու գործընթացը: Ծրագիրը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին ընտանիքներով մեկնել ՌԴ, ստանալ այդ երկրի քաղաքացիություն եւ մշտական աշխատանք: Նշենք, որ ծրագիրը բավականին տարածված է հատկապես երիտասարդների շրջանում։ Տ. Սարգսյանը նշել է, որ նախագահի հանձնարարականով այս հարցը քննարկվել է ՌԴ-ի Ռոստով քաղաքում կայացած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում: «Մենք մեր ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այս հանգամանքի վրա, որ ՀՀ-ում այդ ծրագիրը այդ ստանդարտներով չի կարելի իրականացնել, եւ այս խնդիրը դառնալու է միջպետական մակարդակով քննարկումների առարկա, արձանագրվել է մեր հանդիպման ժամանակ, եւ մենք պետք է քաղաքական մակարդակում այս խնդիրը լուծենք»,- ասել է նա: Հանդիպման մասնակիցներից Ազատ Եղիազարյանը, մեջբերելով միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված հարցման արդյունքները, թե ՀՀ բնակչության մեծ մասը ապագան ՀՀ-ում չի տեսնում, ասել էր. «Իմ տպավորությամբ` սա տագնապալից խնդիր է, վարչապետը արձագանքեց հարցին, բայց ես չգիտեմ` կառավարությունում այդ տագնապը կա՞, թե՞ ոչ»։ Վարչապետը նշել է, որ իրենք եւս տագնապած են: