Մեր տեղեկություններով, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն իր ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության շրջանակներում առաջիկայում պատրաստվում է հիմնադրել նաեւ ինտերնետային հեռուստատեսություն: Ավելին` հեռուստատեսության հիմնադրման նախնական աշխատանքներն արդեն սկսվել են, ձեւավորվել է բավականին մեծ խմբագրական կազմ, եւ այն իր գործունեության մասին կազդարարի սեպտեմբերին: Երեկ, ի պատասխան մեր թղթակցի հարցի, «Սիվիլիթաս» հիմնադրամից, ըստ էության, չեն հերքել այս տեղեկությունը` հրաժարվելով սակայն մանրամասներ հայտնել նոր ծրագրի մասին: Ասել են միայն, որ ամեն ինչի մասին կտեղեկացնեն աշնանը: Որոշ տեղեկությունների համաձայն, ինտերնետային հեռուստատեսության ստեղծումն առաջիկա ընտրություններին ընդառաջ Վ.Օսկանյանի կողմից իրականացվող բազմաթիվ քայլերից մեկն է միայն: Ըստ նույն աղբյուրների, Օսկանյանն իր գործունեությունն իրականացնում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցրած: Խոսքը ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ֆինանսական խնդիրներին է վերաբերում, քանի որ թե հիմնադրամի, թե նոր ստեղծվելիք ինտերնետային հեռուստաընկերության ու այլ ծրագրերի վրա բավականին մեծ գումարներ են ներդրվում: Ընդ որում, մեր տեղեկություններով, Վ. Օսկանյանի կողմից ստեղծվելիք ինտերնետային հեռուստատեսության պատրաստած հաղորդումները կհեռարձակվեն նաեւ Սամվել Մայրապետյանին պատկանող «Հ2» եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերություններով: Ի դեպ, երեկ արդեն մամուլում հրապարակում կար, թե առաջիկա ընտրություններին ընդառաջ` Ս.Մայրապետյանը վերազինում է իր հեռուստաընկերությունը: Ավելացնենք, որ ըստ քաղաքական շրջանակներում տարվող խոսակցությունների, Վ.Օսկանյանը մտադիր է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմքի վրա նոր կուսակցություն ստեղծել: Իհարկե, նոր կուսակցության ստեղծման վերաբերյալ տարբեր աղբյուրներ տարբեր ժամկետներ են նշում: Ըստ դրանց, եթե Վ. Օսկանյանը կուսակցություն չստեղծի մինչեւ խորհրդարանական ընտրություններ, դա կանի 2013թ. նախագահական ընտրություններից առաջ: Եթե, իհարկե, քաղաքական դաշտում կտրուկ փոփոխություններ չլինեն, եւ իշխանություններն ընդդիմության հետ երկխոսության արդյունքում չորոշեն արտահերթ ընտրություններ անցկացնել: Հիշեցնենք նաեւ, որ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ խոսակցություններ կային, թե Ռ.Քոչարյանը ցանկանում է իր կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրել Վ.Օսկանյանին: Չի բացառվում, որ ներկայիս գործընթացները տեղի են ունենում այդ սցենարը վերակենդանացնելու նպատակով: