Ճանապարհ դեպի կրկես

23/07/2011

ՀԱԿ-ի եւ իշխանությունների` երկխոսության նպատակով ստեղծված պատվիրակությունների երկրորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին` Կառավարության ընդունելությունների տանը: Այդ համաձայնությունը երեկ ձեռք է բերվել ՀԱԿ-ի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի միջեւ հենց Կառավարության ընդունելությունների տանը կայացած հանդիպման ժամանակ: Մի խոսքով, երկխոսությունն ընթանում է ավելի սահուն ու «փոխըմբռնման» մթնոլորտում, քան կարելի էր պատկերացնել: Միաժամանակ իշխանական տարբեր գործիչներ, այդ թվում` երկխոսության պատվիրակության անդամներն արդեն ոչինչ չեն բացառում, այդ թվում` արտահերթ ընտրությունների հարցի քննարկումը: Ընդ որում, ցանկացած նման հայտարարություն ՀԱԿ-ի կողմից ներկայացվում է որպես եւս մեկ քայլ դեպի «հաղթանակ»: Բացառել, որ իշխանությունն իսկապես կարող է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշում կայացնել, նույնպես չի կարելի: Սակայն կա կարեւոր մի հանգամանք. ինչի՞ արդյունքում կարող է նման որոշում կայացվել եւ ի՞նչ ընթացք կունենան նման արտահերթ ընտրությունները: Այս հարցի պատասխանը, ըստ էության` տվել է նույն Դավիթ Հարությունյանը` հենց երկխոսության առաջին հանդիպումից հետո արված հայտարարությունում: «Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն ընտրությունները` հերթական թե արտահերթ, քաղաքական միջավայրի առողջացումը կարեւորագույն խնդիրներից մեկն է: Բոլոր հարցերը չէ, որ օրենքով են կարգավորվում: Կան հարցեր, որոնք կարգավորվում են նաեւ համաձայնություններով, համատեղ հայտարարություններով, ընդ որում` բաց հայտարարություններով, որոնց կարող են միանալ քաղաքական դաշտի այլ դերակատարներ եւս»,- ասել է Դ. Հարությունյանը: Նույն միտքը նա կրկնել է հաջորդած օրերին տված հարցազրույցներում: Խնդիրն այն չէ, որ Դ. Հարությունյանի ասածն անհեթեթություն է, այն պարզ պատճառով, որ նրա նշած բոլոր հարցերը կարգավորվում են Սահմանադրությամբ: Իրականում նրա հայտարարությունը «փաթեթավորված» ձեւակերպմամբ այն է, ինչի մասին խոսում են գրեթե բոլորը` երկխոսության գործընթացի մեկնարկից ի վեր: Խոսքը գործարքի կամ պայմանավորվածության մասին է, որին կարող են հանգել ՀԱԿ-ն ու իշխանությունները երկխոսության ընթացքում: Չկա այլ հարց, որի շուրջ իշխանությունները կարող են «համաձայնության» գալ այն տրամաբանությամբ, որը նշել է Դ. Հարությունյանը: Նկատենք, որ անցած շուրջ մեկ շաբաթվա ընթացքում ՀԱԿ-ից որեւէ մեկն անարգանքի սյունին չի գամել Դ. Հարությունյանին նշված, ըստ էության, հակասահմանադրական հայտարարության համար: Իսկ ոմանք կարծում են (էին), թե ՀԱԿ-ի նպատակը ոչ թե իշխանության հետ օրենքից դուրս համաձայնությունների հասնելն է, այլ այնպիսի երկիր կառուցելը, որտեղ բոլոր հարցերը կկարգավորվեն օրենքով: