«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն անարդյունք են, սակայն մենք չենք հրաժարվում դրանցից, որպեսզի մեզ չմեղադրեն բանակցային գործընթացի տապալման մեջ,- թուրքական «Hurriyet» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը` ավելացնելով,- Անհրաժեշտ է բանակցություններ վարել նրա (Հայաստանի) հետ, ով ստեղծել է այդ խնդիրը: Ադրբեջանական կողմը բազմիցս նշել է, որ եթե բանակցային գործընթացը շարունակվի ընթանալ նույն կերպ, ապա մենք պատերազմ կհայտարարենք»:
Միաժամանակ նա ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան տվյալ հարցում աջակցի մեզ, սակայն գոյություն ունեն միջազգային համաձայնագրեր: Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ կնքված է նաեւ ռազմավարական համաձայնագիր: Թուրքիան չի կարող ռազմական օգնություն ցուցաբերել մեզ, սակայն, փոխարենը` կարող է աջակցել քաղաքականապես»: Ալի Հասանովը զուգահեռներ է տարել ղարաբաղյան հակամարտության ու կիպրական հարցի միջեւ: «Ղարաբաղի հարցում ժամանակն աշխատում է Ադրբեջանի դեմ: Ողջ աշխարհն է տեղյակ այդ հարցի մասին: Այս խնդիրն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով»,- ասել է նա:
Հարցին` ինչո՞ւ Ադրբեջանը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության` ՀԿԹՀ-ի անկախությունը, Հասանովը պատասխանել է. «Թուրքիան իրավունք ունի ՀԿԹՀ-ի ճանաչման հետ կապված ակնկալիքներ ունենալ Ադրբեջանից: Մենք դա հասկանում ենք, մի՛ կարծեք, թե Կիպրոսը մեզ համար ավելի քիչ կարեւորություն է ներկայացնում, քան` ձեզ համար: Ձեր երկրի իշխանությունները քաջ գիտեն, որ եթե Ադրբեջանը ճանաչի ՀԿԹՀ-ն, ապա 15 պետություն կճանաչի Լեռնային Ղարաբաղը: Իսկ Թուրքիան դա չի ցանկանում»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Հասանովն ասել է. «Թուրքիայում գոյություն ունեն մի շարք ուժեր, որոնք շահագրգռված են հայ-թուրքական սահմանի բացման մեջ: Սակայն թուրքական պետությունը դեմ է դրան»: