Երեկ հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին` Կառավարության ընդունելությունների տանը:
Երեկ Կոնգրեսի եւ կոալիցիայի պատվիրակությունների ղեկավարներ Լեւոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունյանն արդեն հանդիպել են այդ վայրում եւ հաջորդ հանդիպման հետ կապված հարցերն են ճշտել: Հիշեցնենք, որ նախորդ` հուլիսի 18-ի հանդիպումը տեղի ունեցավ Հանրային խորհրդի նիստերի սրահում: Դրանից հետո ՀԱԿ-ը հետագա հանդիպումների համար ավելի չեզոք վայր ընտրելու պահանջ ներկայացրեց, ինչը եւ կատարվեց:
Երեկ մեզ հետ զրույցում Լ.Զուրաբյանն ու Դ.Հարությունյանը միայն ասացին, որ երկրորդ հանդիպման ժամանակ քննարկվելու է երկխոսության օրակարգը: Այսինքն` քննարկվելու է կողմերի ներկայացրած հարցերի շրջանակը, որոնք պետք է ընդգրկվեն երկխոսության օրակարգում: Առայժմ միայն հայտնի է, որ ՀԱԿ-ի օրակարգային հիմնական հարցն արտահերթ ընտրությունների անցկացումն է: Իսկ Դ.Հարությունյանն ասել էր, որ իրենց օրակարգային խնդիրներից մեկը «դա քաղաքակիրթ քաղաքական մրցակցության փոխադարձ ընդունելի կանոնների մշակումն է»: Թե Լ.Զուրաբյանը, եւ թե Դ.Հարությունյանը երեկ ոչինչ չավելացրեցին երկխոսության օրակարգում` իրենց հարցերի կամ առաջարկների մասին: Դ.Հարությունյանն ասաց, որ կոալիցիայի պատվիրակությունը երկուշաբթի օրը կհանդիպի եւ կքննարկի այդ հարցերը, իսկ Լ.Զուրաբյանն ավելացրեց, թե այդ մասին հայտարարություններ կանեն երեքշաբթի օրը` հանդիպումից հետո: Մի խոսքով, կողմերն առայժմ գաղտնի են պահում, թե վերը նշված հարցերից բացի, էլ ինչ հարցեր են ներկայացնելու` երկխոսության օրակարգում ընդգրկելու համար: Եվ առայժմ հայտնի չէ` երեքշաբթի արդյո՞ք պարզ կդառնա, թե քննարկման ինչ օրակարգ է ձեւավորվել, կամ` այդ օրը կձեւավորվի՞ արդյոք օրակարգը: Ճիշտ է, Կոնգրեսի ներկայացուցիչները միշտ հայտարարել են, որ իրենք ֆորումի ձեւաչափով են ներկայացնելու իրենց աշխատանքները, որ ամեն ինչի մասին տեղեկացնելու են հանրությանը, եւ երկխոսությունն ուղիղ եթերում անցկացնելու մասին առաջարկություն են ներկայացրել իշխանություններին կամ հանդիպումներից հետո իրենց քննարկումների մասին հասարակությանը տեղյակ պահելու համար եթեր են պահանջել, այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե կողմերը որքանով թափանցիկ կներկայացնեն իրենց բանակցությունները: Չի բացառվում, որ այն անցնի կիսագաղտնի պայմաններում եւ որպես պատճառաբանություն ներկայացվի, որ դա անում են երկխոսության գործընթացը չվնասելու համար: Այդ դեպքում հանդիպումներից հետո կներկայացնեն շատ քիչ տեղեկատվություն, որն ամբողջությամբ չի բացահայտի տեղի ունեցած բանակցությունները, այդ թվում` կայացրած որոշումները: Այնպես, ինչպես արդեն անում են, եւ հանրությունը դեռ տեղյակ չէ: Բայց, բնականաբար, ցանկանում է տեղյակ լինել, թե հաջորդ շաբաթ իշխանությունն ու ընդդիմությունն ինչ հարցեր են միմյանց ներկայացնելու: Սակայն մինչ այժմ եղած հայտարարություններից, առաջարկություններից կամ վերջնագրերից որոշակիորեն պարզ է դառնում, որ իշխանության պատվիրակությունը ներկայացնելու է Հայաստանի համար մշտապես գոյություն ունեցող եւ իշխանությունների կողմից էլ բարձրաձայնվող, բայց երբեք չլուծվող` կոռուպցիայի դեմ պայքարի, արտագաղթի, անբարեխիղճ մրցակցության եւ նման այլ հարցեր: Ընդդիմությունն էլ կարող է ներկայացնել գարնանային հանրահավաքների ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներում հնչած պահանջները: Օրինակ, մարտի 1-ին հնչած պահանջները` պաշտոններից ազատել վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին եւ մի քանի այլ պաշտոնյաների: Կամ ներկայացնել մարտի 1-ի դեպքերի արդյունքում զոհվածների հարազատներին եւ վիրավորներին փոխհատուցում տալու, նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակն ու նպաստը բարձրացնելու պահանջները: Բացի այդ, անցած շաբաթվա հանդիպումից հետո ընդդիմությունն իշխանություններին եւս մի քանի պահանջներ էր ներկայացրել: ՀԱԿ-ը ցանկանում է, որ իրենց հանդիպումները կա՛մ հեռարձակվեն ուղիղ եթերով, կա՛մ էլ յուրաքանչուր հանդիպումից հետո «իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար» Կոնգրեսի պատվիրակությանը Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի: Մյուս պայմանը վերաբերում է Հանրային եւ մյուս հեռուստաալիքներով ընդդիմության «հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքի վերացմանը»: Հիշեցնենք, որ Կոնգրեսն օգոստոսի 2-ի հանրահավաքն իրազեկող հայտարարություն է ներկայացրել Հանրայինին: «Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես` հանրային եւ այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը»,- նշված էր ՀԱԿ-ի հայտարարության մեջ:
Երեկ Դ.Հարությունյանը չբացառեց, որ քննարկումների արդյունքում այս պահանջները կարող են կատարվել: Իսկ պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Վարդան Բոստանջյանն այդ պահանջը երեկ «մանրուք» է համարել: Ինչ վերաբերում է երկխոսության հիմնական` արտահերթ ընտրություններին վերաբերող հարցին, ապա հիմա կարծես թե իշխանական ճամբարից դա այնքան էլ անհավանական չեն համարում: Համենայնդեպս Դ.Հարությունյանն ասում է, որ այս փուլում դա բացառված է, բայց չի մեկնաբանում, թե «այս փուլ» ասելով` ինչ ժամանակահատված նկատի ունի: Ամեն դեպքում, արտահերթ ընտրությունների թեման շրջանառության մեջ է դրվել արդեն իշխանությունների կողմից: Իսկ ընդհանուր առմամբ հանրության մեջ եւ քաղաքական շրջանակներում կարծիք կա, թե երկխոսության գործընթացով իշխանություններն ընդդիմության հետ միասին ժամանակ են ձգում մինչեւ հաջորդ տարի` հերթական խորհրդարանական ընտրությունները: Ի՞նչ պատասխան ունի Կոնգրեսը նման հայտարարությունների համար: Լ.Զուրաբյանն ասում է, թե նախորդ հանդիպման օրն արած հայտարարությունից հետո դեռ ասելու բան չունի: Հիշեցնենք, որ նա հուլիսի 18-ին հայտարարել էր, թե «եթե մինչեւ սեպտեմբեր որեւէ արդյունք չլինի` արտահերթ ընտրությունների վերաբերյալ կողմնորոշվելը մենք կհամարենք երկխոսության հնարավորությունները սպառված»: Իսկ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը հայտարարել է, թե մինչեւ սեպտեմբեր տրված ժամանակահատվածը բավական մեծ ինտերվալ է: «Կարծում եմ` օգոստոսի առաջին տասնօրյակում պետք է արդեն հստակ հասկանալ` իշխանությունը գնալո՞ւ է դրան, թե՞ ոչ: Եթե չի գնալու, ընդդիմությունը պարտավոր է պատրաստվել այլ սցենարների: Ինձ համար միանշանակ է, որ շատ արագ պետք է ավարտել սա: Չպետք է թողնել, որ սա դառնա հերթական հանձնաժողով կամ պատվիրակություն հարցերը քննարկելու համար: Ժողովրդի մոտ ակնհայտ տեսակետ կա, որ իշխանությունը փորձելու է ժամանակ ձգել մինչեւ հերթական ընտրությունների նախաշեմը: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ն այս ամենը գիտակցում է, եւ երկար ժամանակ չի նստելու բանակցելու»,- հայտարարել է Ս.Այվազյանը: