Իսկ երկխոսությունը «ներկայացում» չէ՞

23/07/2011

«Այսօր քաղաքական դաշտի օրակարգում թիվ մեկը խնդիրը Սերժ Սարգսյան-ՀԱԿ երկխոսությունն է: Ինչո՞ւ Սերժ Սարգսյան, որովհետեւ այս երկրում բոլոր հարցերը իշխանության կողմից լուծվում են Սերժ Սարգսյանի որոշումներով, առանց նրա որեւէ բան չի որոշվում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` անդրադառնալով Կոնգրես-իշխանություն երկխոսության գործընթացին: Ընդ որում, ըստ Այվազյանի, Ս. Սարգսյանը մինչեւ վերջ չգիտի, թե ինչ է լինելու երկխոսության արդյունքը: «Ես նրան շատ լավ եմ ճանաչում, ինքը իրավիճակային լուծումների գնացող անձնավորություն է: Նա երբեք ոչ մի բան չի նստում, մինչեւ վերջ հաշվում»,- պարզաբանել է Այվազյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը տեսնում է երկրի ներսի խնդիրները, տեսնում է, որ «սոցիալական բունտը հասունանալու է», սակայն, Ս. Այվազյանի կարծիքով, երկրում առկա խնդիրների շուրջ նախագահն ընդամենը «թատերական ներկայացումներ» է կազմակերպում, ինչպիսին էր, օրինակ, ըստ նրա, արտագաղթի մասին վերջին «ներկայացումը»: «Միաժամանակ արտաքին քաղաքականությունում ամբողջությամբ պրավալ է գնում»,- հայտարարել է «Հանրապետության» անդամը: Վերջինս համոզված է, որ Սերժ Սարգսյանը վերջնական լուծման չի գնալու: «Դա իր տեսակն է, նա խաղում է այնքան, որքան հնարավոր է խաղալ: Ընդհանրապես ինքն իգրոկ է, կազինոյի խաղացող, իսկ կազինոյի խաղացողը ոնց է` այսօր տասը հազար դոլարի ֆիշկա ունի, տասը հազար ֆիշկայի կարող է խաղալ, վաղը….»,- հայտարարել է Ս. Այվազյանը: Հարցին` եթե Ս. Սարգսյանն «իգրոկ» է, ինչո՞ւ է ՀԱԿ-ը նրա հետ երկխոսում, Այվազյանը պատասխանել է. «Այսօր գործող նախագահը Սերժ Սարգսյանն է, եւ դրա հետ հաշվի չնստել մենք չենք կարող: Հաջորդ գիտակցումն այն է, որ Հայաստանին պետք է անցնցում իշխանափոխություն եւ նոր համակարգի ստեղծում»: Նա նաեւ հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը երկխոսությամբ իր թիմին հոգեբանորեն պատրաստում է արտահերթ ընտրությունների: Ս. Այվազյանն ասել է, թե օգոստոսի առաջին տասնօրյակում իշխանությունը պետք է հստակություն մտցնի` արդյո՞ք գնում է արտահերթ ընտրությունների, թե՞ ոչ: «Եթե ոչ, մենք պարտադրված կլինենք այն սցենարները կիրառել, որով հասնում են իշխանափոխության»,- ասել է նա` չպարզաբանելով այդ սցենարները: Ընդ որում, ըստ Ս. Այվազյանի, արտահերթ ընտրությունների անցկացումը անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման անբարենպաստ զարգացումները կանխելու համար: «Հանուն Լեռնային Ղարաբաղի` Հայաստանում պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել,- ասել է նա` ավելացնելով,- Ճիշտ է, կան պահեր, երբ ինչ-ինչ գործողություններով չպետք է խանգարել ղարաբաղյան խնդրին, բայց միաժամանակ, հանուն Ղարաբաղի, պետք է գնալ արտահերթ ընտրությունների»: Անդրադառնալով ԼՂ հակամարտության լուծման գործընթացում Հայաստանի կողմից հնարավոր զիջումներին` Այվազյանը հայտարարել է, որ ինքը դեմ է որեւէ կարգի զիջման: «Ես միշտ ասել եմ. անկախ նրանից, թե այս առումով ինչ տեսակետ կունենան Հայ ազգային կոնգրեսը, իշխանությունը կամ քաղաքական դաշտի մյուս կուսակցությունները, ես միշտ դեմ եմ զիջումներին»,- ասել է նա: